Հայաստանին դեղեր են նվիրաբերվել
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին: Այցի շրջանակներում կողմերը ներկայացրել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:
Նշենք, որ Հնդկաստանի հետ ակտիվ համագործակցություն է ծավալվում դեղարտադրության և դեղագիտության ոլորտում: Եղել են փոխայցելություններ, երկկողմ շփումներ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միջև: Երկրները հաջողությամբ երկարամյա համագործակցություն են ծավալում նաև բժշկական կրթության և բժշկագիտության ասպարեզներում:
Այսպիսով` համագործակցության շրջանակում Հայաստանին է նվիրաբերվել հեպատիտ Բ-ի դեմ պայքարում օգտագործվող 400 տուփ դեղորայք:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում, Հնդկաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, Հայաստանին նվիրաբերել նաև Կելֆեր դեղը` թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար: