Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան

Մեր զրուցակիցն է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը:

—   Ի՞նչ է ալերգիան, ե՞րբ է այն առաջանում, ալերգիկ ո՞ր հիվանդություններն են տարածված Հայաստանում:

—   Ալերգիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է արտաքին աշխարհի որեւէ ազդակի նկատմամբ: Ալեգիա կարող է առաջանալ սննդից, դեղորայքից, բույսերից, փոշուց եւ այն ամենից, ինչը մեզ շրջապատում է: Այսօր բոլոր երկրներում մարդիկ շատ են օգտագործում քիմիական բաղադրիչներով հագեցած սնունդ, ինչը նպաստում է սննդային ալերգիայի տարածվածությանը բնակչության շրջանում:

Ալերգիկ հիվանդությունները բազմազան են: Հայաստանում տարածված են բոլոր այն տեսակները, որոնք կան աշխարհում. եղնջացան, պոլինոզ (ալերգիա բուսականության նկատմամբ), բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ դերմատիտներ եւ այլն: Մենք գիտենք, որ ծովափնյա քաղաքներում պոլինոզ գրեթե չի հանդիպում: Նման տարածաշրջանային առանձնահատկություններ մեր երկրում չկան:

Ալերգիայի հետևանք կարող են լինել նաև ֆիզիկական գործոնները՝ շփումը մաշկի հետ, անգամ սառը ջուրը և օդը կարող են ալերգիա առաջացնել, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա ֆիզիկական լարվածության ժամանակ, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:

—   Արդյո՞ք երեխաներն ավելի պաշտպանված են ալերգիաներից:

—   Այո, իհարկե՛, երեխաներն առավել պաշտպանված են, քանի որ նորածինները շատ դեղորայք չեն օգտագործում: Պետք է հիշել, որ ալերգիա առաջանում է այն նյութերից ու արտաքին ազդակներից, որոնց հետ մարդն ամենաշատն է շփվում: Երեխաները շատ ազդակների հետ ավելի քիչ են շփվում, քան մեծահասակները:

—   Որո՞նք են ալերգիայի զարգացման հիմնական պատճառները:

—   Հիմնական պատճառներն են՝ շատ դեղորայք օգտագործելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, փոքր տարիքից բազմաթիվ պատվաստումներ ստանալը, քիմիայի խորը թափանցումը մեր առօրյա կյանք, օդի աղտոտվածությունը:

—   Խոսենք ռիսկերի մասին:

—   Ժառանգականությունը. բերենք օրինակ՝ եթե ծնողներն ալերգիկ են, երեխայի մոտ ալերգիայի հավանականությունը 50% է: Ռիսկերի դասին է պատկանում դեղորայքի շատ օգտագործումը, արհեստական եղունգների կրումը, մազերի ներկերի օգտագործումը: Ընդհանուր առմամբ, ցանկալի է հնարավորինս նվազեցնել արհեստական միջամտությունները:

—   Ե՞րբ եւ  ի՞նչ մեթոդներով կարելի է հայտնաբերել ալերգիան, ի՞նչ թեստեր են կիրառվում այն բացահայտելու համար:

—   Գոյություն ունեն լաբորատոր թեստեր և այլ հետազոտություններ, որոնց միջոցով հայտնաբերվում է հակամարմինների առկայությունը:
Առավել ճշգրիտ տարբերակ է ալերգիկ փորձն իրականացնել պացիենտի մաշկի վրա սկարիֆիկացիոն մեթոդով ալերգեն կաթացնելով: Թերեւս, սա ախտորոշման հիմնական մեթոդն է:

—   Ո՞րն է առաջին օգնությունն ալերգիայի դեպքում:

—   Առաջին օգնությունը դեղորայքային է: Եթե, օրինակ, ալերգիան դրսևորվել է ցանի տեսքով, առաջին օգնության կարիք չկա: Եթե պացիենտի մոտ զարգանում է անաֆիլակտիկ շոկ, ինչը ալերգիկ ռեակցիաների ծայրահեղ դրսևորումն է, անհապաղ առաջին օգնության կարիք կա: Նման դեպքերում հիմնականում ներարկում են դեքսամիտազոնի և ադրենալինի լուծույթները:

—   Հնարավո՞ր է ալերգիան բուժել:

—   Հնարավոր է, հատկապես, երբ հայտնաբերվում է ալերգենը:

—   Ի՞նչ նորագույն մեթոդներ կան այսօր:

—   Ալերգիան բուժելու հիմնական մեթոդն է սպեցիֆիկ իմունաթերապիան: Ալերգենը հայտնաբերելու դեպքում դրանից պատրաստվում է լուծույթ, այնուհետև այն նոսրացվում է 1:10, 1:100, 1:1000 հարաբերակցությամբ (մինչեւ մեկ միլիոն հարաբերակցությամբ) և ներարկվում հիվանդին:

—   Հակահիստամինային դեղերը կարելի՞ է ընդունել երկարատև:

—   Կարելի է: Հորմոնալ դեղերից վախենալ պետք չէ: Ալերգիայի ժամանակ բժիշկները հաճախ նշանակում են ներերակային ներարկումներ, որոնք միշտ չէ, որ արդարացված են: Ալերգիան բուժելու համար պետք է այցելել ալերգոլոգին, ով կփորձի հայտնաբերել ալերգիայի պատճառն ու բուժել այն:

—   Իսկ մեղվի խայթոցը կարո՞ղ է ալերգիա առաջացնել:

—   Այո՛, մեղվի խայթոցից կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ:
—   Ի՞նչ կասեք բուսաբուժության մասին:

—   Ալերգիկ հիվանդներին բուսաբուժություն խորհուրդ չի տրվում, քանի որ նրանց մոտ ալերգիան կարող է պայմանավորված լինել բույսերով (պոլինոզ):

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook