Thursday, May 2, 2024
Նորություններ

Ամսվա սկզբից Երեւանի շտապ օգնությունն ամենաշատ կանչերը ստացել է հուլիսի 4-ին

Հուլիսի 5-ին, որն այս տարվա ամենաշոգ օրերից էր, Երեւանի շտապ օգնությունը 609 կանչ է ստացել. ավելի քիչ, քան այս ամսվա այլ օրերին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը: Ամենաշատ կանչերը Երեւանի շտապ օգնությունը ստացել է հուլիսի 4-ին, երբ, օդերեւութաբանների տվյալներով, օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի:

Համեմատության համար` հուլիսի 1-ին շտապ օգնությունը ստացել է 649 կանչ, հուլիսի 2-ին` 661, հուլիսի 3-ին` 668, հուլիսի 4-ին` 672: Հուլիսի 5-ին կանչերի համեմատաբար ցածր թիվը Նունե Ժամկոչյանն այն գործոնով է պայմանավորում, որ Հայաստանում այն ոչ աշխատանքային էր, եւ մարդկանցից շատերը շոգին կա´մ տանն են մնացել, կա´մ քաղաքից դուրս են եկել, որտեղ օդի ջերմաստիճանն ավելի ցածր էր:

Ինչպես նշեց շտապ օգնության ներկայացուցիչը, ամբողջ տարվա ընթացքում շտապ օգնության կանչերի առավել հաճախակի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են, եւ ամառը բացառություն չէ: Ամռանը բավականին հաճախ են շտապ օգնություն կանչում` կապված սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի եւ շոգի պատճառով այլ քրոնիկական հիվանդությունների սրացման հետ:

Սիրտ-անոթային հիվանդությունների սրացումից խուսափելու համար Նունե Ժամկոչյանը նման հիվանդություններով տառապող մարդկանց կոչ արեց շոգ եղանակին փողոց դուրս չգալ, հատկապես ցերեկվա ժամը 11-ից 16-ի միջակայքում, ծայրահեղ զգուշություն պահպանել եւ շատ ջուր խմել, եթե դրա համար հակացուցումներ չկան (ինչպիսին են հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը կամ այլ հիվանդություններ, որոնց դեպքում հեղուկի քանակը պետք է սահմանափակել):

Նշենք, որ Հայպետհիդրոմետի տվյալներով հուլիսի 4-5-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի մի շարք շրջաններում (ներառյալ մայրաքաղաքը) հասել է միչեւ 39-40 աստիճանի: Հուլիսի 7-ից օդերեւութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում մինչեւ 32-34 աստիճան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook