Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հարթաթաթություն

ՀարթաթաթությունՀաշվի առնելով hարթաթաթության կամ տափակաթաթության տարածվածությունը, կարելի է այն համարել սոցիալական բնույթի հիվանդություն. երեխաների մեծ մասի մոտ հայտնաբերվում են հենաշարժական ապարատի էական շեղումներ, այդ թվում` նաև հարթաթաթություն: Ոտնաթաթի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարումը բացասաբար է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, աշխատունակությունը` նվազում, մեծանում է սկոլիոզի, կոշտուկների առաջացման վտանգը:

 

Հարթաթաթությունը հենաշարժական համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է ոտնաթաթի կամարի կորության բացակայությամբ կամ ոտնաթաթի` դեպի դուրս որոշակի շեղումով: Այն լինում է երկայնական, լայնական և խառը տիպերիԼայնական հարթաթաթության դեպքում ոտնաթաթի լայնական կամարը հարթված է, նրա առաջին բաժինը հենվում է նախագարշապարի բոլոր հինգ ոսկրերի գլխիկների վրա, այլ ոչ թե առաջինի և հինգերորդի, ինչպես լինում է բնականոն ոտնաթաթի դեպքում: Երկայնականի ժամանակ հարթված է ոտնաթաթի երկայնական կամարը, և ոտնաթաթը հենվում, ներբանը հատակին է հպվում ողջ մակերեսով:

 

Հարթաթաթությունն առաջանում է ժառանգական նախահակվածության, ոտնաթաթի ոսկրերի և կոճի վնասվածքների, ոտնաթաթերի գերծանրաբեռնվածության, ինչպես նաև սխալ ընտրված կոշիկի և ավելորդ քաշի պատճառով: Երբեմն հարթաթաթությունը, որպես «մասնագիտական հիվանդություն», առաջանում է կանգնած դիրքով երկարատև աշխատող մարդկանց մոտ` վարսավիրներ, վաճառողներ և այլն:

 

Հարթաթաթության առավել վաղ ախտանիշներն են ոտքերի արագ հոգնելը, ոտնաթաթի սրունքի և ազդրի մկանների, գոտկատեղի «մղկտացող» ցավերը: Երեկոյան կարող է ոտնաթաթի այրոց առաջանալ, իսկ գիշերը անհետանալ:

 

Արտահայտված հարթաթաթության ժամանակ ոտնաթաթը երկարում է, միջին մասում` լայնանում, սովորաբար մաշվում են կոշիկի ներբանի ներսային կողմն ու կրունկը:

 

Հարթաթաթության կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում դրա վաղ հայտնաբերումն է զարգացման նախնական փուլում, և այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք կնպաստեն մկանների զարգացմանն ու ամրապնդմանը, նրանց ուժի, հոդային աճառների ու կապանների առաձգականությանը:

 

Երեխան քայլելու ժամանակ ոտքերը լայն է դնում, այդպիսով ավելացնելով հենման մակերեսը: Դա նորմալ է, բայց 2-3 տարեկան հասակում պետք է կազմավորվի ճիշտ քայլք, այսինքն` նա ոտնաթաթերը դնի զուգահեռ և իրարից որոշակի հեռավորության վրա: Եթե քայլքը ճիշտ է, ապա ոտնաթաթերի վրա ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում, հակառակ դեպքում կարող է հարթաթաթություն առաջանալ:

 

Երեխայի համար շատ օգտակար է բոկոտն քայլելը` դրսում հողի, ավազի և խոտի, տանը` գորգի վրա:

 

Զբոսանքի ժամանակ երեխայի շարժումները չպետք է սահմանափակել, սակայն եթե զբոսանքից կամ խաղից հետո նա գանգատվում է ոտնաթաթերի ցավերից, պետք է բժիշկ-օրթոպեդի դիմել: Ոտնաթաթերի ցավը, ինչպես նաև հոգնածությունը և թմրածությունը նպաստում են հիվանդության զարգացմանը: Ոտնաթաթում կառուցվածքային փոփոխություններ առաջանում են ժամանակի ընթացքում, ուստի անհրաժեշտ է, որ ծնողները ուշադիր լինեն և չանտեսեն երեխայի ոտնաթաթի մկանների թուլությունը և ներբանի կորության նկատելի փոփոխությունները:

 

Ներկայումս երեխաների մեծ մասի ֆիզիկական պատրաստականությունը, ցավոք սրտի, ցածր է: Նրանք հիմնականում շատ քիչ են շարժվում, պասիվ են, ժամերով նստում են հեռուստացույցի կամ համակարգչի առջև, իսկ մանկապարտեզում և դպրոցում ֆիզիկական դաստիարակության դրվածքը շատ թույլ է: Եթե երեխան քիչ է խաղում, վազում, ցատկոտում` արյան շրջանառությունը խանգարվում է, մկանները չեն սնվում, թուլանում են և ենթարկվում ատրոֆիայի` ապաճման: Երեխան աճում է, ավելանում է նրա քաշը և, բնականաբար, ծանրաբեռնվածությունը ոտնաթաթերի վրա: Այդ ամենի հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ոսկրային համակարգը` թուլանում:

 

Երեխան պետք է շատ շարժվի, քանի որ ուժեղ և լավ զարգացած մկանները հարթաթաթության կանխարգելման հիմնական պայմաններն են:

 

Թեստի միջոցով կարելի է որոշել` հարթաթաթություն ունեք, թե ոչ: Դրա համար ոտնաթաթի ներբանը ներկեք որևե ներկանյութով և կանգնեք սպիտակ թղթի վրա: Բնականոն ոտնաթաթի դեպքում ներբանի կամարը չի դրոշմվում, իսկ եթե պատկերը այնպիսին է, որ կասկածի տեղիք է տալիս, ապա անմիջապես դիմեք բժիշկ-օրթոպեդի:

 

Հարթաթաթության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի կոշիկի ճիշտ ընտրությունը: Հարմարավետ, ճիշտ ընտրված կոշիկը կարևոր է ոտնաթաթի նորմալ ձևավորման համար: Այն չպետք է նեղ կամ չափազանց ազատ լինի, կրունկի բարձրությունը` գերազանցի 3-4 սմ-ն: Այս չափանիշներին չհամապատասխանող կոշիկը վնասակար է ոտնաթաթի համար և կարող է որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ: Կանայք բարձրակրունկ կոշիկներ պետք է հագնեն օրվա ընթացքում 2 ժամից ոչ ավելի:

 

Կոշիկը ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է ոտնաթաթի իրական չափսը որոշել կանգնած վիճակում, չմոռանալով, որ ծանրաբեռնվածության ժամանակ ավելանում է ոտնաթաթի թե երկարությունը, և թե լայնությունը: Կոշիկը հագնելուց հետո պետք է կարողանաք ազատ շարժել ոտքի մատները: Նոր կոշիկներն առաջին օրերին հագեք 1-1,5 ժամից ոչ ավելի` աստիճանաբար ավելացնելով ժամանակը:

 

Ցանկալի է գնել լայն, չափավոր բարձր թաթերով, կոշտ հետնամասով, բնական կաշվից կարված կոշիկներ, որոնք ունենան միջադիր-սուպինատորներ: Դրանք ճիշտ ընտրված, հարմարավետ կոշիկների անբաժանելի մասն են կազմում, սակայն ոչ բոլորի մեջ կան: Եթե չկան` գնեք: Սուպինատորների շնորհիվ քայլքը դառնում է հարմարավետ, պահպանվում է ոտնաթաթի կամարների բնականոն վիճակը, բարելավվում ոտնաթաթերում արյան շրջանառությունը, նվազում դրանց ծանրաբեռնվածությունը:

 

Կրկին հիշեցնենք, որ առողջ ոտքերը ամբողջ օրգանիզմի նորմալ աշխատանքի հիմնական պայմանն են, ուստի դրանց ճիշտ խնամքը կօգնի խուսափել տարբեր անցանկալի երևույթներից: Ամեն օր քնելուց առաջ ոտքերը գոլ ջրով և օճառով լվացեք, թեթևակի մերսեք, օգտավետ են նաև ծովի աղով կամ եղեսպակով լոգանքները: Այս բոլորը կօգնեն թոթափել ծանրաբեռնված օրվա հոգնածությունը և հանգստացնող ազդեցություն կունենան:

 

Հեղինակ. Անահիտ Մարտիրոսյան

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի ամբիոն

Աղբյուր. med-practic.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook