Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

երեխային վիրտուալ աշխարհից հեռու պահելու համար պետք է նրա առօրյան դարձնել հետաքրքիր

Վերջին շրջանում ծնողների մոտ մեծ անհանգստություն կա, որ  երեխաների մոտ շատ է նկատվում ուշադրության, կենտրոնացվածության խնդիրներ: Երեխաներ չեն կենտրոնանում հատկապես դաս սովորելիս:

Ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ կարելի է անել, կան արդյո՞ք տան պայմաններում մեթոդներ, որոնք ծնողները կարող են կիրառել: Կա արդյո՞ք դեղորայքային բուժում, որքանո՞վ է դա ճիշտ և արդյո՞ք կախվածություն չեն առաջացնում և նման դեղերի դադարեցումը ի՞նչ հետևանք կարող է ունենալ.  այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է  ԵՊԲՀ  բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը:

Նա ընդգծեց, որ այսօր մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, որտեղ և՛ երեխաների, և՛ մեծահասակների հոգեկան աշխարհի վրա «ռմբակոծություն» է սկսվել լրատվամիջոցների, տարբեր լուսային, գունային էֆեկտներով գովազդների և վիրտուալ աշխարհի կողմից: Եվ  այս ամենի ազդեցության մեջ  երեխաները հատկապես առավել զգայուն են:

 «Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն և  պետք է տարբերակեն՝ արդյո՞ք  երեխան ունենում է միայն ազատ  ժամանակ, որը ծախսում է տարբեր յութուբյան հոլովակներ դիտելու և այլնի վրա, թե՞ խաղեր է խաղում, որոնք ևս լինում են մի քանի տեսակի՝  կարող են երեխայի մոտ ձևավորել կեղծ ինքնագնահատականի բարձրացում, ագրեսիա և այլն:

Կենտրոնացվածության դժվարությունը նաև  առնչվում է,  ցավոք սրտի, ուժեղ սթրեսային իրավիճակների հետ: Մենք գիտենք, որ  օրինակ, պատերազմից հետո շատ զինվորներ ունեն կենտրոնացվածության խնդիր, նրանք չեն կարողանում նորից վերադառնալ իրենց նախկին աշխատանքին, ուսմանը և այլն»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ, եթե ծնողները դասերի ընթացքում, և առհասարակ, զգում են,  որ երեխաների մոտ կա ցրվածություն, կենտրոնացվածության խանգարում, պետք է անպայման  դիմեն հոգեբանի: Քանի որ միայն մասնագետը կարող է որոշել, թե երեխայի մոտ ինչ խնդիր է:

Հոգեբանը  խորհուրդ տվեց  ծնողներին, որ  փորձեն լինել շատ ուշադիր, կարողանան երեխային հնարավորինս հեռու պահել խաղերից, ամբողջ օրը հեռախոսով զբաղվելուց և ամենակարևորը, պետք է կարողանան դրա փոխարեն երեխայի առօրյան դարձնել հետաքրքիր, որպեսզի նա և՛ ժամանակ, և՛ ցանկություն չունենա խաղեր խաղալու և անիմաստ հոլովակներ դիտելու:

Շատ այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook