Wednesday, May 1, 2024
Նորություններտեսանյութեր

Երեւանում միջազգային գիտաժողով է ընթանում՝ նվիրված «Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի 25-ամյակին

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փորձում է հավասարվել միջազգային կլինիկաներին եւ քիթ–կոկորդ–ականջաբանության ոլորտում ախտորոշման ու բուժման ժամանակակից մեթոդներ կիրառել: Այս մասին օտորինոլարինգոլոգիայի ակյտուալ հարցերով միջազգային գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար Արթուր Շուքուրյանը:

«Սրա ապացույցն են խխունջային ներպատվաստման վիրահատությունները, որոնք մենք 2 օրում անցկացրել ենք: Սա ցուցանիշ է ամենաառաջավոր կլինիկաների համար »,- ասաց նա:

Գիտաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին Երեւանում եւ նվիրված է «Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի հիմնադրման 25-ամյակին: «Էրեբունի» ԲԿ-ում խխունջային ներպատվաստումները կատարվում են 2004 թվականից: Արթուր Շուքուրյանի խոսքով՝ այս ժամանակահատվածում 100-ից ավելի վիրահատություն է կատարվել, հիմնական հիվանդները երեխաներն են: «Շատ լավ արդյունքներ ենք ստացել, եւ այս հարցում մեծ նշանակություն ունի այն, որ մենք թիմային մոտեցում ունենք»,- ասաց նա:

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի (Քալիֆորնիա) համակարգող Սալբի Ագարակյանը նշեց, որ պրոֆեսոր, Քալիֆորնիայի UCLA համալսարանի օտովիրաբույժ Ակիրա Իշիյաման իր ներկայիս այցելության ընթացքում Արթուր Շուքուրյանի հետ նախատեսել է 13 վիրահատություն կատարել՝ հիմնականում խխունջային ներպատվաստման: Դրանցից 12-ն արդեն արվել են:

Ակիրա Իշիյաման նշեց, որ Հայաստանում խխունջային ներպատվաստման արդյունքները տպավորիչ են, եւ այս գործում մեծ դերակատարում ունեն ընտանիքները, որոնք իրենց երեխաների հանդեպ շատ ուշադիր են, ինչպես նաեւ Ինեսա Հարությունյանի ղեկավարությամբ սուրդոմանկավարժների լավ թիմը:

Երեւանում ընթացող միջազգային գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրներից հայտնի բժիշկներ, մասնավորապես՝ Գեորգի Տավարտկիլաձեն (Ռուսաստան), Վիգեն Բախշինյանը (Ռուսաստան), Եկատերինա Օսիպենկոն (Ռուսաստան), Թոմաս Լենարցը (Գերմանիա), Ալլա Վոլոխան (Ուկրաինա), ինչպես նաեւ Իրանի, Մակեդոնիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook