Monday, May 6, 2024
Նորություններ

Երևանի քաղաքապետարանն սկսել է հեպատիտ Ց-ի անվճար հետազոտման, բուժման և կանխարգելման ծրագիր

Երևանի քաղաքապետարանը «Բժիշկներ՝ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ սկսել է «Խնամքի պարզեցված մոդելի միջոցով որակյալ ծառայությունների հասանելիություն՝ Հեպատիտ Ց-ով բուժառուների համար» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագիրը ներդրվել է «Արշակունյաց պոլիկլինիկա»-ում, բացվել են առանձին բուժսենյակներ: Ծրագրով կազմակերպության կողմից կատարվել են վերանորոգման աշխատանքներ, որպես նվիրատվություն տրամադրվել են լաբորատոր-գործիքային սարքավորումներ, դեղամիջոցներ, պատվաստանյութեր, բժշկական պարագաներ և սպառվող նյութեր,  բուժանձնակազմը վերապատրաստվել է օտարերկրյա մասնագետների կողմից:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի մեկնարկի իջոցառմանը ներկա են եղել քաղաքապետարանի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը նշել է, որ նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել 10000 բուժառուի անվճար սքրինինգ և լաբորատոր գործիքային հետազոտություն: Հիվանդության  հայտնաբերման դեպքում 400 ախտորոշված հիվանդ կստանա անվճար բուժում:
Հունիսից մեկնարկած ծրագրով արդեն իսկ հետազոտվել է 200 բուժառու, հայտնաբերվել 4 դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է որակյալ ծառայությունները դարձնել հասանելի՝ ներառյալ հեպատիտ Ց-ի սքրինինգը, ախտորոշումը, բուժումը, հսկողությունը և կանխարգելումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook