Friday, May 3, 2024
Նորություններ

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան):

Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:

Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:

Ի դեպ Էլկա մանկական զարգացման կենտրը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100000 դրամի չափով:

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հիշեցնենք, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

 

 

 

 

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook