Tuesday, April 30, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններSEO

Ի՞նչ անել, երբ երեխան վախենում է տանը մենակ մնալ

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանը:

Փոքր տարիքում երեխաներն ունենում են շատ վախեր: Յուրաքանչյուր վախ ունի իր պատճառը և միայն այն պարզելու դեպքում կարելի է օգնել երեխային ազատվել այդ վախից և ներշչել, որ նա տանը լիովին անվտանգ է, և որ ոչինչ իր հետ չի պատահի:

Վախի հիմնական պատճառ կարող են լինել հենց իրենք` ծնողները: Նրանք հաճախ վախեցնում են  իրենց երեխաներին` չգիտակցելով դրանց հետևանքները: Օրինակ`«եթե չուտես ճաշիկդ, գայլը կգա ու կուտի քեզ»: Մեր այս «անմեղ» թվացող արտահայտությունն իրականում տպվում է երեխայի հիշողության մեջ, և երեխան, տանը մենակ մնալով, մտածում է, որ իսկապես կարող է գայլը գալ ուտել իրեն:

Սթրեսային իրավիճակը դպրոցում կամ բակում ընկերների հետ նույնպես կարող է վախի պատճառ դառնալ:

Երեխայի հոգեբանական վիճակը կարելի է բացահայտել խաղի միջոցով: Մանկական վախերի բացահայտման լավագույն միջոցը նկարչությունն է, ծեփոնով աշխատելը կամ այլ ինտերակտիվ խաղերը: Խնդրեք երեխային՝ նկարի իր վախը կամ պատկերի այն իրավիճակը, որը վախեցնում է իրեն: Եվ եթե ինքնուրույն չեք կարողանում հաղթահարել այս խնդիրը, պետք է դիմեք մանկական հոգեբանի:

Վախերից ազատվելու համար պետք է տանից դուրս գալուց առաջ բացատրել երեխային՝ ուր եք գնում և երբ եք գալու, քանի որ երեխան սպասում է Ձեզ:

Ձեր բացակայության ժամանակ երեխային առաջարկեք որևէ հետաքրքիր խաղ կամ զվարճալի գիրք:

Ուրիշների ներկայությամբ երբեք մի խոսեք երեխայի վախերից և մի կենտրոնացեք դրա վրա: Տուն վերադառնալիս քաղցրավենիք կամ փոքրիկ նվեր բերեք երեխային, որպեսզի նա իրեն անտեսված չզգա: Եվ եթե երեխան պատմում է իր վախերի մասին, երբեք մի ծիծաղեք կամ ամոթանք տվեք:

Երեխաներին տանը մենակ թողնելու համար կոնկրետ տարիք չկա: Հոգեբանները խորհուրդ են տալիս հետևել`երեխան պատրա՞ստ է տանը մենակ մնալ: Եթե երեխան ինքն է ասում, որ ուզում է տանը մենակ  մնալ, ապա օգտվեք այդ հնարավորությունից՝ նախապես պահպանելով անվտանգության կանոնները: Այս երևույթը պատահում է 5 տարեկանում: Այդ տարիքում երեխան հասկանում է՝ ի՞նչ է անվտանգությունը, ովքե՞ր են «հարազատներ», ովքեր`«օտարներ», ու՞մ առաջ պետք է դուռ բացել, և ում առաջ` ոչ:

Բայց պետք չէ չարաշահել և երկար ժամանակ երեխային թողնել մենակ: Սկսեք 10-15 րոպեից, ու միայն այն դեպքում, երբ  շատ անհրաժեշտ է:

Եթե դուք շատ ժամանակ նվիրեք երեխային, զգուշորեն մոտենաք նրա խնդրին, ապա հեշտությամբ կհաղթահարեք նրա վախերը:

նյութի աղբյուրը՝ zhest.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook