Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է հետքթային հոսքն ու ինչու է այն առաջանում

Ցուրտ եղանակին, հատկապես շնչառական հիվանդությունների ակտիվացման շրջանում շատերին է անհանգստացնում այն վիճակը, որն ընդունված է անվանել հետքթային (պոստնազալ) հոսք, երբ թանձր, մածուցիկ լորձը դժվարությամբ հոսում է դեպի կոկորդը՝ մարդուն տհաճություն և այլ ախտանշաններ պատճառելով։ Ինչ է հետքթային հոսքը

Մարդու քթում, կոկորդում և հարքթային խոռոչներում մշտապես լորձ է արտադրվում, որը կանխում է շնչուղիների չորացումը, ինչպես նաև պաշտպանում է օրգանիզմը մանրէներից, ծաղկափոշուց և այլ աղտոտիչներից, որոնք կարող են ներթափանցել օրգանիզմ շրջակա միջավայրից օդի միջոցով։ Մեծամասամբ լորձն իր աշխատանքն աննկատ է կատարում, և սովորաբար կամ խառնվում է թքի հետ, որն էլ մարդը պարզապես կուլ է տալիս, կամ էլ դուրս է գալիս քթից թեթև արտադրության տեսքով։ Սակայն լորձը նկատելի և նյարդայնացնող է դառնում, երբ օրգանիզմը սկսում է այն չափից շատ արտադրել, այն էլ՝ թանձր կազմությամբ։ Երբ դա տեղի է ունենում, այն սկսում է հոսել կոկորդի հետևի մասում, և հենց այս գործընթացն էլ կոչվում է հետքթային հոսք։

Լորձի ավելցուկը կարող է առաջացնել հազ, սրտխառնոց, բերանի տհաճ հոտ, կոկորդի ցավ, մռմռոց և ձայնի խռպոտություն։ Մարդու մոտ հաճախ է առաջանում կոկորդը մաքրելու ցանկություն։ Հետքթային հոսքն ու դրա ախտանշանները ավելի նկատելի են դառնում գիշերը, երբ մարդը սովորաբար պառկած է լինում։
Այս ամենից բացի հետքթային հոսքը կարող է բարդություններ առաջացնել, օրինակ լորձի ավելցուկը կարող է խցանել կոկորդը միջին ականջի հետ միացնող եվստախյան խողովակները կամ հարքթային խոռոչները։ Ինչն էլ վարակի զարգացման պատճառ կարող է դառնալ։

Հետքթային հոսքի առաջացման պատճառները Հետքթային հոսքը սովորաբար առաջանում է այն փոփոխությունների պատճառով, որոնք ազդում են լորձի թանձրության և ծավալի վրա։ Այս խնդրի առավել տարածված պատճառներից մեկն ալերգիան է, մասնավորապես սեզոնային ալերգիան, որի հիմնական հարուցիչը ծաղկափոշին է, որի սպորներից էլ օրգանիզմը փորձում է ազատվել՝ լրացուցիչ լորձ արտադրելու միջոցով։

Ցուրտ եղանակն ու օդի չորությունը ևս կարող են հետքթային հոսքի առաջացման պատճառ դառնալ, քանի որ սառը և չոր օդի ներշնչումը կարող է քթի և կոկորդի գրգռվածություն առաջացնել, ինչին ի պատասխան օրգանիզմը կփորձի ավելի շատ լորձ արտադրել։ Ցուրտ եղանակը նաև կապվում է վիրուսային վարակների և շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ, որոնք մի շարք ախտանշաններ են առաջացնում, այդ թվում՝ հետքթային հոսք։

Հետքթային հոսքի առաջացման այլ պատճառներն են՝

շատ կծու սննդի օգտագործումը, հղիությունը, թթվային ռեֆլյուքսը, քիմիական նյութերի, մաքրող միջոցների կամ շրջակա միջավայրի աղտոտիչների ազդեցությունը, ծխելը, մեծացած ադենոիդները կամ քրոնիկ ադենոիդիտը, դեղամիջոցները, ներառյալ հակաբեղմնավորիչներն ու զարկերակային ճնշման դեմ պայքարող միջոցները, շնչառական քրոնիկ հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, քթի միջնապատի թեքվածությունը։

Հետքթային հոսքը սովորաբար անցնում է ինքն իրեն, երբեմն ըստ անհրաժեշտության կիրառվում են տնային միջոցները, առանց դեղատոմսի վաճառվող դեղորայք ու սփրեյներ, սակայն խորհուրդ է տրվում դիմել բժշկին, եթե՝ լորձն ունի տհաճ հոտ, ախտանշանն ուղեկցվում է տենդով, տևում է 10 օր և ավելի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/10/26/1378865/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook