Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ դեր ունի վիտամին A-ն և ո՞ր մթերքներում գտնել

Առանց վիտամին  A-ի մարմնի գեղեցկությունն ու առողջությունը պահպանելն անհնարին է։

Բնության մեջ տվյալ բաղադրիչը հանդիպում է երկու ձևով՝ նախավիտամին А (կարոտինոիդ)  և բուն վիտամին А (ռետինոիդ)։ Նախավիտամին А հանդիսացող կարոտինոիդները, որոնցից է հայտնի բետա-կարոտինը, պարունակում են բուսական ծագման սննդատեսակները։ Ստանալու նպատակով կերակրացանկում անհրաժեշտ է ընդգրկել գազար, լոլիկ, քաղցր պղպեղ, մաղադանոս, ռեհան, բրոկկոլի, սպանախ, դդում, ծիրան, դեղձ, մանգո և այլն։ Իսկ բուն վիտամին А-ն, այլ կերպ ասած ռետինոլը, պարունակվում է կենդանական ծագման մթերքներում։ Հետևյալ տարբերակը ստանալու  համար հարկավոր է ռացիոնում ներառել  տավարի միս, ձուկ, ձու, կարագ, կաթնաշոռ, պանիր։

Ռետինոլի աղբյուրներն, ըստ էության, այնպիսի սննդատեսակներ են, որոնք ունեն զգալի քանակությամբ ճարպ, ուստի պետք է հաշվենկատ գտնվել դրանք օգտագործելիս: Ցանկալի է համատեղել դրանց որոշակի չափաբաժինը բուսական աղբյուրների հետ։ Կարելի է, օրինակ, ուտել դդումով կաթնային շիլա, ձվով աղցան, մսով և բանջարեղենով սենդվիչ, գազարով կաթնաշոռային ջեռեփուկ,  պանրով ու լոլիկով պիցցա։

 

Օգնում եմ և՛ աչքերին, և՛ սրտին

Վերոնշյալ ճարպալույծ վիտամինն ունի ահռելի «ներդրում» օրգանիզմի հարթ և կանոնավոր աշխատանքում։ Ներարգանդային շրջանում պտղի տարբեր օրգան-համակարգերը՝ նյարդային, սրտանոթային, մարսողական չեն կարող բնականոն զարգացում ապրել, եթե ռետինոլ չլինի օրգանիզմում։ Շնչուղիներն ու ոսկրերը նույնպես ունեն դրա կարիքը։ Ռետինոլը ծանրակշիռ դերակատարում է ունենում երեխայի իմուն համակարգի ամրապնդման, ֆիզիկական աճի հարցերում։

Առանձնակի ուշադրություն հրավիրվում է այն հանգամանքին, որ վիտամին А-ն դառնում է տեսողական համակարգի կարևոր «դաշնակիցը»։ Այն մտնում է տեսողական պիգմենտ ռոդոպսինի կազմության մեջ և պահպանում մթնշաղային տեսողությունը։ Կանխում է կորյակների տարածումը՝ կարգավորելով ճարպագեղձերի աշխատանքը, խթանելով կոլագենի արտադրությունը, կազմակերպելով մաշկի արագ վերականգնումը։ Զարմանալի չէ, որ վիտամին A-ի պակասն իր հետ բերում է մաշկային զանազան խնդիրներ՝ մաշկի չորություն, առանձգականության կորուստ, վերքերի դանդաղ ապաքինում։

Վիտամին A-ն, ի դեպ, սերտորեն «համագործակցում» է D և E վիտամինների հետ, մասնակցում է սեռական հորմոնների սինթեզին։ Վիտամին A-ն պետք է հակավիրուսային, հակաբակտերիալ որոշ տարրերի՝ լիզոցիմի, ինտերֆերոնի,  իմունոգլոբուլին A-ի սինթեզի համար նույնպես։

Երբ առկա է վիտամին A-ի անբավարարություն

Վիտամին A-ի դեֆիցիտ կարող է առաջ գալ անբավարար ու անհավասարակշիռ սնուցման արդյունքում։ Պակասը որոշելու ճշգրիտ միջոցն արյան լաբորատոր հետազոտություն անցկացնելն է, բայց, այնուամենայնիվ, կան արտաքին, մատնող նշաններ։ Ճաքճքված շուրթերը, եղունգների դեֆորմացումն ու եղունգների վրա բծերի առաջացումը,  մազերի կոտրտվածությունն այդ նշաններից են: Հայտնի մյուս ախտանիշը գիշերային տեսողության վատացումն է։ Կարող են միևնույն ժամանակ նկատվել կոպերի կարմրություն և այտուց, արտադրություն աչքերից, քոր, անհարմարության զգացում պայծառ լույսից, կրկնատեսություն։  Վիտամին A-ի անբավարարության այլ լուրջ հետևանքներ են՝

✓ Դիմադրողականության նվազումը, հեմոգլոբինի ցածր մակարդակը, բրոնխիտ և միզասեռական համակարգի բորբոքային խնդիրներ ձեռք բերելու բարձր հավանականությունը

✓ Երեխայի մոտ աճի տեմպերի թուլացումը

✓ Կատարակտը, գունային տեսողության խանգարումը

✓ Սագամաշկությունը, մաշկի կարմրությունը

✓ Աղիների լորձաթաղանթի վնասումն ու խոցերի զարգացումը, էնտերոկոլիտը

✓ Ընդհանուր ինքնազգացողության վատացումը, աշխատունակության անկումը, հոգնածության արագ վրա հասնելը

Գերքանակությունը ևս շտկման կարիք ունի

Վիտամին A-ի ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը։ Ավելին՝ երկու վիճակներն էլ հաճախ ունենում են նմանատիպ ախտանիշներ։ Անձը, որի մոտ կա ռետինոլի գերդոզավորում, ունենում է գլխացավ, սրտխառնոց, փսխումներ, ախորժակի բացակայություն, հոդացավեր, մաշկի քոր, ցան, աղիների գործունեության խաթարում, աչքի եղջերաթաղանթի բորբոքում։ Հավանական է, որ տուժի լյարդը, զարգանա օստեոպորոզ (ոսկրերի փափկեցում): Կարոտին պարունակող սննդային հավելումների չափից ավելի սպառման դեպքում առաջանում է կարոտինոդերմիա՝ անվնաս վիճակ, որը բնութագրվում է մաշկի դեղնավուն երանգով:

Նյութը ՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook