Tuesday, April 30, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչով կարող են պայմանավորված լինել հուզական պոռթկումները սեքսից հետո․ պարզաբանում է սեքսոպաթոլոգը

Սեռական ակտից հետո անսպասելի հուզական պոռթկումները բավական տարածված են, սակայն ոչ բոլորին են հայտնի նման զգացմունքայնության պատճառները։ Այս հարցի շուրջ Tert.am Medicine-ը զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով ստանալ շատերին հուզող հարցերի պատասխանները։

Բժիշկ Հակոբյանի խոսքով՝ սեքսից հետո կանայք ունենում են շատ տարբեր ցանկություններ․ ոմանք ցանկանում են խոսել, գրկախառնվել, պառկած մնալ, գնալ ուտելու կամ սուրճ խմելու, ոմանք ծխում են, իսկ ոմանք էլ գերադասում են ցնցուղ ընդունել: Ինչպես նշում է մասնագետը, որոշ կանայք հակված են ավելորդ հուզականության և արցունքների, սակայն քչերին է հայտնի՝ ինչով է դա պայմանավորված։

«Անտարբերությունը, արցունքները, հուզական դեպրեսիան սեռական գործունեությունից հետո՝ հետկոիտալ դիսֆորիա կոչվող վիճակին բնորոշ զգացողություններ են: Արցունքները կարող են կապված լինել սեռական հիասթափության հետ. սա ճնշված վիճակ է, որն ի հայտ է գալիս ուժեղ գրգռումից հետո սեռական դժգոհության հետևանքով», – բացատրում է մասնագետը։

Մասնագետի խոսքով՝ հաճախակի սեռական հիասթափությունները կարող են հանգեցնել զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների ընդհանուր կամ մասնակի բացասական ընկալման: Այնուամենայնիվ, երբեմն նման պոռթկումները դրական ենթատեքստ են ունենում։

«Ուրախության արցունքները ամենահիասքանչ բանն են, որ կարող են պատահել սեքսի ընթացքում կամ դրանից հետո: Այն ամենը, ինչ կուտակված էր ներսում, հանկարծակի ազատվում է և մարմինը պատրաստ չլինելով այդպիսի երջանկության, որպես արդյունք՝ արցունքներով է արտահայտում», – պարզաբանում է բժիշկը։

Ինչ վերաբերում է սեքսից հետո սնունդ, ծխախոտ կամ մաստակ օգտագործելուն, ապա մասնագետը կապում է դրանք օրալ նևրոզի հետ:

«Հաճախ դրանք փոխլրացնող և հանգստություն բերող էֆեկտ են ունենում, իսկ երբեմն էլ սնունդ ընդունելը ծախսած էներգիայի լրացման ֆունկցիա է իրականացնում», – նշում է նա։

«Ցնցուղ ընդունել շտապելու մոլուցքային ցանկությունը կապված է մանկական արգելքների և այն մտքի հետ, որ սեքսը «կեղտ է», այնինչ  խորհուրդ է տրվում մշակել այն համոզմունքը, որ հակառակ դեպքում որևէ հաճույքի մասին խոսք լինել չէր կարող», – հավելում է բժիշկ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա մասնագետը նշում է, որ նրանց մեծ մասի մոտ օրգազմից անմիջապես հետո տեղի է ունենում գրգռման կտրուկ անկում, արյան ճնշման անկում և ցանկացած խթանում կարող է տհաճ կամ նույնիսկ ցավոտ լինել:

«Կնոջ մոտ օրգազմի ի հայտ գալուց հետո գրգռումը դանդաղորեն է նվազում և նրան կարող է անհրաժեշտ լինել կամ հետագա խթանում երկրորդ օրգազմ զգալու համար, կամ գործընկերոջ կողմից քնքշության դրսևորումներ մերձեցումից աստիճանաբար դուրս գալու համար», – ընդգծում է նա՝ հավելելով, որ քանի որ տղամարդկանց և կանանց մոտ այս գործընթացները կարող են չհամընկնել, առաջանում է մտերմության ընդմիջման զգացողություն, ինչը հանգեցնում է տրամադրության ֆոնի անկման:

«Այս ամենը իմանալը կարծում ենք կօգնեն ձեզ ստեղծել և պահպանել ներդաշնակ հարաբերություններ», – եզրափակում է բժիշկը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook