Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կտավատի սերմերի ամենաօգտակար հատկությունները․ 6 պատճառ դրանք սննդակարգում ներառելու համար

Կտավատի սերմերը բավական տարածված մթերք են ու լայն կիրառություն ունեն խոհանոցում, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այս սերմերը շատ օգտակար են նաև առողջության համար և օգնում են կանխել ամենատարբեր հիվանդությունները։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կտավատի սերմերի ամենաօգտակար հատկություններն ու 6 պատճառ դրանք սննդակարգում ներառելու համար։

Բարելավում է մարսողությունը

Մարդկանց մեծ մասը որպես կանոն չի ստանում բավարար քանակությամբ մանրաթելեր։ Միջինում մարդիկ օրական մոտ 15 գրամ մանրաթելեր են ստանում սննդամթերքից, մինչդեռ կանանց դեպքում այս տարրերի օրական անհրաժեշտ չափաբաժինը 25 գրամն է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 38 գրամը։ Ընդամենը երկու ճաշի գդալ կտավատի սերմերի մեջ պարունակվում է մանրաթելերի կանանց անհրաժեշտ չափաբաժնի 16%-ը և տղամարդկանց անհրաժեշտ չափաբաժնի 11%-ը, ինչի շնորհիվ այս մթերքը բարելավում է մարսողությունը, կանխում է փորկապությունն ու պայքարում է փորափքանքի դեմ։

Նպաստում է քաշի նվազմանը

Կտավատի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ լուծվող մանրաթելեր, որոնք շատ երկար ժամանակով ազատում են քաղցի զգացումից՝ կանխելով սննդի չարաշահումն ու դրա հետևանքով քաշի ավելացումը։ Դեռ 2017 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի սերմերն օգնում են ազատվել ավելորդ քաշից, ինչը հատկապես ակնհայտ է լինում չափազանց մեծ ավելորդ քաշ ունեցողների մոտ։

Պահպանում է սրտամկանի առողջությունը

Կտավատի սերմերի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ դրանք հարուստ են օրգանիզմի համար շատ օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով։ Մարդու օրգանիզմը չի կարող ինքնուրույն օմեգա-3 ճարպաթթու սինթեզել, ուստի դրանով հարուստ մթերք ուտելը շատ կարևոր է։ Այս հարցում հիանալի օգնական կարող են լինել կտավատի սերմերը, որոնք նաև ամրապնդում են սրտամկանի առողջությունն ու նվազեցնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս սերմերը շատ օգտակար են աթերոսկլերոզով հիվանդների համար, ինչը պայմանավորված է դրանցում պարունակվող լուծվող մանրաթելերով։ Բանն այն է, որ դրանք կապում են խոլեստերինն ու այդ կերպ դուրս են բերում այն օրգանիզմից։

Պայքարում է զարկերակային գերճնշման դեմ

Կտավատի սերմերը նվազեցնում են զարկերակային ճնշումը, ուստի շատ օգտակար են զարկերակային գերճնշման դեմ պայքարում։ Գիտնականները նման եզրահանգման են եկել 6 ամիս տևողությամբ հետազոտությունից հետո, որին մասնակցել է զարկերակային գերճնշում ունեցող 110 մարդ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 30 գրամ աղացած կտավատի սերմ օգտագործելը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։

Պայքարում է քաղցկեղի դեմ

Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների՝ չարորակ նորագոյացությունների զարգացմանը նպաստող վնասակար տարրերի դեմ, ինչի շնորհիվ կանխում են քաղցկեղի զարգացումը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook