Monday, May 6, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս պահպանել երեխայի լավ տեսողությունը և կանխել խնդիրների զարգացումը

Աշխարհը գեղեցիկ է, լի վառ երանգներով, դեմքերով և իրադարձություններով, իսկ այդ ամենին ծանոթանալու համար պետք է, նախևառաջ, հոգ տանել աչքերի առողջության մասին:

Փոքրիկները տվյալ տեսանկյունից բավականին փխրուն են, քանի որ հատկապես վաղ տարիքում չեն կարող խոսքի միջոցով հայտնել իրենց խնդիրների մասին: Միայն ծնողները, հետևելով բալիկի վարքագծին ու լինելով «զինված» համապատասխան տեղեկատվությամբ, կարող են հասկանալ՝ արդյո՞ք նորմալ է ընթանում երեխայի տեսողական օրգանի զարգացումը, փոքրիկը ճանաչում և տարբերակու՞մ է գույները, պահպանվու՞մ են աչքի հիգիենայի անհրաժեշտ կանոնները: Գնահատելով թվարկված հարցերի  նշանակալիությունը՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ն «Իմ փոքրիկ»-ի հետ անդրադարձել է թեմային և Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական ակնաբույժ Մարիամ Հովհաննիսյանի օգնությամբ առանձնացրել օգտակար ինֆորմացիա ու  խորհուրդներ:

Երեք, երկու, մեկ․ բաց եմ անում աչքերս

Պարզվում է՝ նոր լույս աշխարհ եկած երեխաները չեն տեսնում իրենց շրջակայքն այնպես, ինչպես մեծահասակները: Իհարկե, երբ երեխան բացում է աչքերը, արդեն իսկ տրվում է տեսողության զարգացման մեկնարկը, բայց նրա տեսողության սրությունը լինում է նկատելիորեն ցածր: Փոքրիկը տեսնում է մոտավորապես 20 սմ հեռավորության վրա գտնվող իրերն, այն էլ՝ մշուշոտ, չի ունենում գունազգացողություն, ամեն ինչ երևում է նրան սև ու սպիտակի մեջ: Մեկ ամսականում է բալիկը կարողանում ճանաչել կարմիր գույնը, երկու ամսականում՝ կապույտը, երեքում՝ դեղինը, ապա կանաչը: Թեև մեկ տարեկան հասակում տեսողությունը լիակատար ապահովվում է, ռեֆրակցիոն զարգացումն, այնուամենայնիվ, շարունակվում է մինչև յոթ տարեկանը:

Դժվար չէ գլխի ընկնել, որ փոքրիկի տեսողությունը վատթարանում է

Մեծանալիս փոքրիկն ապահովագրված չէ տեսողական խնդիրների առաջացումից, և  տարբեր տարիքներում ի հայտ եկող նշանները կարող են ուղղորդիչ դառնալ ընտանիքի  անդամների համար: Օրինակ՝ եթե փոքրիկը չի ֆիքսում հայացքը, չի թեքում այն սենյակ  մտնողների ուղղությամբ, չի հետևում շարժվող առարկաներին, անհանգստանալու կարիք կա: Նախադպրոցական տարիքի բալիկը գուցե ցուցաբերի տեղաշարժման դժվարություններ․ տանը լավ կողմնորոշվի, հեշտորեն շրջանցի աթոռն ու սեղանը, իսկ հետո, հայտնվելով անծանոթ միջավայրում, թվացյալ խավարի մեջ հայտնվի, հպվի և ընկնի այս ու այն կողմ: Դպրոցական հասակում երևույթը բացահայտելն ավելի հեշտ է, քանի որ երեխան անձամբ կգանգատվի՝ ունի գլխացավ կամ աչքերի լարվածություն:

Պետք է իմանալ, որ մանկական տարիքում ամենից հաճախ հանդիպում են կարճատեսությունը, հեռատեսությունն ու աստիգմատիզմը: Սովորաբար նորմալ տեսողության դեպքում լույսի ճառագայթներն ուղիղ բեկվում են ցանցենու վրա: Կարճատեսության ժամանակ այդ ճառագայթները հայտնվում են ցանցենու առաջ, հեռատեսության պարագայում՝ ցանցենու հետևում: Աստիգմատիզմի հետևանքով տեսողությունը կարող է աղոտ դառնալ:

Իրադրության սրումը կանխել հնարավոր է և պետք է

Տեսողական խնդիրների ծագմանը մեծապես նպաստում են սմարթֆոնով երկարատև զբաղվելը, էկրաններին նայելը, նստակյաց կյանքով ապրելը: Խիստ կարևոր է, որ փոքրիկը զբոսանքի դուրս գա, հաճախի որևէ սպորտաձևի, ընդունի սպիտակուցներով, կալցիումով, տարատեսակ վիտամիններով հարուստ սնունդ, աչքերի շրջանում հոգնածություն զգալիս կատարի աչքերի գիմնաստիկա:  Աչքերի գիմնաստիկայի մեջ ներառվում են վարժություններ, որոնք օգնում են թոթափել առկա լարվածությունը:

Վարժություն 1․ Լուսամուտի վրա մեծ, գունագեղ կետ ենք նկարում, որը կլինի աչքերի ուղղությամբ: Կանգնում ենք կես մետր հեռավորության վրա: Սկզբում մեր հայացքն ուղղում ենք դեպի կետը, հաջորդիվ դանդաղորեն թեքում՝ ուղղելով դրսում գտնվող ինչ-որ առարկայի վրա: Այսպես կրկնում ենք 50 անգամ:

Վարժություն 2․ Փակում ենք աչքերը, ձեռքերով ծածկում ու պահում նվազագույնը 1 րոպե:

Վարժություն 3․ Աչքերը կրկին փակում ենք, ակնագունդը շարժում ենք ձախ և աջ, վերև ու ներքև:

Արձանագրենք այն փաստը, որ անկախ խնդրի բացակայությունից՝ հարկավոր է տարվա մեջ գոնե մեկ անգամ կազմակերպել պրոֆիլակտիկ այց ակնաբույժի մոտ: Պարբերաբար ստուգումներ կատարելուն զուգահեռ  պետք է խստորեն հետևել անվտանգությանը․ քիմիական նյութերը տեղադրել երեխայի համար անհասանելի վայրում և սուր ծայրով խաղալիքներ չթողնել նրա մոտ՝ տրավմաներից խուսափելու նպատակով, ապահովել երեխայի սենյակում  լավ լուսավորություն, ուշադիր լինել, որ դաս սովորելու ընթացքում լույսն ընկնի ձախ կողմից, աթոռը լինի հարմարավետ, փոքրիկը նստի ուղիղ, գիրքն ու տետրը գտնվեն աչքից 30-35 սմ հեռավորության վրա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Նյութը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook