Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպես հաղթահարել մանկական կամակորությունները. անտեսելու կանոնը

Երեխաների կամակորությունները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով և ծնողներին ոչ միշտ է հաջողվում ճիշտ մոտեցում ցուցաբերել: Առհասարակ՝ մասնագետները նշում են, որ նման դեպքերում ամենաճիշտ մոտեցումը կլինի հանգստությունն ու ուշադրության բացակայությունը, սակայն, երբ երեխան անդադար բղավում է և կամակորություններ է անում, հանգստություն պահպանելը ծնողի համար շատ դժվար է լինում:

Նման դեպքերում ծնողները, որպես կանոն, նույնպես սկսում են բղավել ու նախատել երեխային, ինչն էլ ավելի է վատացնում իրավիճակը: Արդյունքում երեխան շարունակում է կամակորություններ անել, չի հանգստանում և չի դադարում բղավել:

Նման պահվածքի դեպքում լավագույն լուծումն անուշադրությունը կլինի, սակայն այս դեպքում էլ հարկավոր է հետևել որոշ կանոնների: Առաջին հերթին հարկ է հիշել, որ երեխային հարկավոր է զրկել ուշադրությունից, միայն կամակորությունների և ցուցադրական վատ պահվածքի դեպքում:

Այս մեթոդը թույլ չի տա, որպեսզի նման պահվածքը դառնա սովորություն, և փոքրիկը կդադարի կամակորություններ անել: Սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում երեխայի պահվածքը կարող է վտանգավոր լինել իր և մյուսների համար, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Նման վտանգավոր իրավիճակներում հարկավոր է շատ արագ կողմնորոշվել և միջոցներ ձեռնարկել:

Նաև հարկ է հիշել, որ կամակորությունների դեպքում հարկավոր է ոչ միայն անտեսել այդ կամակորությունները, այլև խուսափել երեխայի հետ տեսողական հաղորդակցումից: Պետք չէ հեռանալ տվյալ սենյակից, սակայն հարկավոր է հնարավորինս հեռու մնալ երեխայից և չնայել նրա ուղղությամբ:

Միևնույն ժամանակ հարկավոր է հիշել, որ ընգծված անուշադրությունն ընդունելի է միայն կամակորությունների դեպքում, ուստի երբ երեխան հանգստանում է և դադարում է կամակորություններ անել, հարկավոր է տալ նրան միայն սեր ու ջերմություն: Անհրաժեշտ է գրկել երեխային, համբուրել ու պատասխանել նրա բոլոր հարցերին: Պետք չէ գովել նրան լավ պահվածքի համար, քանի որ դա չի օգնի հանգստացնել փոքրիկին:

Նման դեպքերում շատ կարևոր է ծնողի հետևողականությունը, ուստի հարկավոր է անտեսել երեխայի կամակորությունները մինչև վերջ, ինչը կօգնի փոքրիկին շատ ավելի արագ հանգստանալ:Բացի այդ, հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զայրանալ կամ ագրեսիա ցուցաբերել, քանի որ երեխան պետք է վստահ լինի, որ հանգստանալուց հետո միայն սեր ու ջերմություն կստանա:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook