Monday, May 6, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ է օգտակար ֆեյխոան օրգանիզմի համար

Մրտենիների ընտանիքին պատկանող արևադարձային այս պտուղն այս սեզոնին հաճախ է հանդիպում մեզ, իսկ մենք էլ հաճախ շրջանցում ենք այն՝ չունենալով այս սուր, յուրահատուկ բույրով ու համով միրգն օգտագործելու սովորությունը։ Սակայն ֆեյխոան իրականում «արժանի» չէ այդպիսի վերաբերմունքի։ Այն ունի առողջության համար նպաստավոր մի շարք հատկություններ, որոնք ապացուցված են լաբորատոր հետազոտություններով։ Ֆեյխոան կալիումի, C, E, K, B խմբի վիտամինների, մասնավորապես ֆոլատի, սննդային մանրաթելերի լավ աղբյուր է, նաև պարունակում է կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ և այլն։

Ֆեյխոան հարուստ է հակաօքսիդանտներով

Այս միրգն ունի հակաօքսիդանտային ակտիվություն՝ իր կազմում առկա մի շարք բուսական միացությունների շնորհիվ։ Ընդ որում, ֆեյխոայի կեղևն ավելի հարուստ է հակաօքսիդանտներով, քան պտղամիսը։ Ինչպես հայտնի է, հակաօքսիդանտներն այն նյութերն են, որոնք կանխում են բջիջների վնասվածքների որոշ ձևերը, այդ թվում՝ ազատ ռադիկալների կողմից հարուցված։ Իսկ ազատ ռադիկալներն անկայուն մոլեկուլներն են, որոնք ձևավորվում են օրգանիզմում բնական գործընթացների կամ շրջակա միջավայրի ազդեցության, օրինակ՝ ճառագայթման արդյունքում։
Ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները, հակաօքսիդանտներն ավելի նպատակահարմար է ստանալ սննդի միջոցով, քանի որ հակաօքսիդանտային հավելումների բարձր չափաբաժինները կարող են վտանգել առողջությունը։

Ֆեյխոայի կեղևը նաև հարուստ է եթերային յուղերով, որոնք ունեն հակամանրէային ու հակասնկային ազդեցություն մի քանի մանրէների ու սնկերի նկատմամբ, օրինակ՝ ոսկեգույն ստաֆիլոկոկի։ Լաբորատոր մի շարք հետազոտությունների արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ ֆեյխոայի հանուկը (էքստրակտ) հակաքաղցկեղային ազդեցություն է գործում քաղցկեղի որոշ բջիջների նկատմամբ, օրինակ՝ ստամոքսի քաղցկեղի բջիջների։

Ֆեյխոան առաջին անգամ հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին Բրազիլիայում եվրոպացիների կողմից և իր անվանումը ստացել է ի պատիվ Բրազիլիայի Պելոտաս քաղաքի Բնության պատմության թանգարանի տնօրեն Խոաո դե Սիլվա Ֆեյխոյի։

Ունի հակաբորբոքային ազդեցություն

Աղիների բորբոքային հիվանդությունը քրոնիկ հիվանդություն է, որը դժվարությամբ է բուժման ենթարկվում։ Եվ ինչպես նշում են մասնագետները, ֆեյխոայի էքստրակտը բավականին նպաստում է այդ հիվանդության բուժման հարցում, քանի որ ֆեյխոայի կազմում առկա պոլիֆենոլային միացություններն օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ։

Կալիումի լավ աղբյուր է

Կալիումն օրգանիզմի համար կարևոր հանքանյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի բջիջների կենսագործունեության համար։ Այն կարգավորում է մկանների ու նյարդերի աշխատանքը, սրտի զարկերը։ Սննդակարգը ֆեյխոայով հարստացնելն օգնում է պայքարել զարկերակային բարձր ճնշման դեմ, նվազեցնել կաթվածի վտանգը։

Բնական B9 վիտամինի աղբյուր է

Ինչպես և այլ արևադարձային մրգերը, ֆեյխոան հարուստ է ֆոլատով։ Ֆոլատը վիտամին B9-ի բնական ձևի անվանումն է, արհեստական եղանակով ստացված B9 վիտամինն անվանում ենք ֆոլաթթու։ Ֆոլատը հատկապես կարևոր է հղիության ընթացքում, քանի որ այդ վիտամինն անհրաժեշտ է սաղմի նյարդային խողովակի ճիշտ ձևավորման, բնածին արատների կանխարգելման համար: Ֆոլատն ունի բազմաթիվ առավելություններ առողջության համար․ այն օգնում է նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների, սիրտ-անոթային հիվանդությունների, դեպրեսիայի զարգացման վտանգը։

Ֆեյխոայի հասած պտուղները խորհուրդ է տրվում պահել սառնարանում մոտ մեկ շաբաթ։ Ֆեյխոան կարելի է ուտել կեղևով, քանի որ, ինչպես նշվեց, կեղևը շատ հարուստ է սննդանյութերով։ Այս մրգի պտղամիսն արագ մգանում է, ուստի ֆեյխոան մաքրելուց հետո կարելի է պահել աղաջրի լուծույթում կամ վրան կիտրոնի հյութ ցողել։

Ֆեյխոան օգտագործում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ հյութերի, դոնդողների, մուրաբաների տեսքով։ Հայաստանում ընդունված է ֆեյխոայից և շաքարավազից թարմ խյուս պատրաստելը, որը կարելի է պահել սառնարանում մի քանի ամիս։

Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook