Sunday, May 5, 2024
Նորություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված 216 բուժաշխատող դիմել է հաշվառվելու՝ հետագայում աշխատանքի տեղավորելու համար

Հայաստանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների ակտիվ հաշվառումը՝ նրանց վերապատրաստումների, հավաստագրման ողջ գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

«Մենք շարունակում ենք բուժաշխատողների ակտիվ հաշվառումը, որ հնարավորություն ունենանք սեղմ ժամկետներում կազմակերպելու նրանց համար անհրաժեշտ վերապատրաստումների, հավաստագրման ողջ գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը: Մեզ արդեն 216 հոգի դիմել և հայտավորվել է: Նրանց հետ անհատական կերպով աշխատանքներ ենք իրականացնում: Եվ ըստ նրանց կրթական և մասնագիտական կարիքների՝ նրանք կստանան ողջ ծառայությունները»,-ասաց նախարարը:

Այս պահին առկա են 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխառողի թափուր հաստիքներ: Ըստ մասնագիտությունների՝ այդ հաստիքները ներկայացված են նախարարության կայքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացի: 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook