Saturday, May 4, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Լուծային համախտանիշ. ռիսկի գործոններից մինչեւ հայտնաբերում, բուժում և կանխարգելում

Լուծային համախտանիշ. ռիսկի գործոններից մինչեւ հայտնաբերում, բուժում և կանխարգելում
🧷 Այսօր բնակչության մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է լուծային համախտանիշը: Վերջինիս զարգացման պատճառները բազմաթիվ են, իսկ ախտորոշման և բուժման մոտեցումները՝ տարբեր:
👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկ-գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Նարինե Փաշինյանը անդրադարձել է այն լուծային համախտանիշին, որը զարգանում է հակաբիոտիկների օգտագործման հետևանքով և կոչվում է հակաբիոտիկ-ասոցիացված լուծեր:
🔖Ի պատասխան հակաբիոտիկների օգտագործման՝ այս իրավիճակը հաճախ զարգանում է Clostridium Difficile կոչվող բակտերիայի ազդեցության հետևանքով: Վերջինս արտադրում է հաստ աղու լորձաթաղանթը վնասող A և B կոչվող տոքսիներ:
🔵Այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած հակաբակտերիալ դեղամիջոց օգտագործելու դեպքում։ Սակայն առավել հաճախ հիվանդությունն առաջանում է երկրորդ և երրորդ սերնդի Ցեֆալոսպարին, Ֆտորֆինալոն, Կլինդամիցին, Կարբոպենեմ և մի շարք այլ հակաբիոտիկների օգտագործման հետեւանքով:
🔵Հիվանդության ախտանշաններին բնորոշ է ի հայտ գալ հակաբակտերիալ թերապիայի ընթացքում կամ հակաբիոտիկների ընդունումից 1-10 օր հետո։
🧬 Ավելի հազվադեպ հնարավոր է ախտանշաններն ի հայտ գան հակաբիոտիկների օգտագործման դադարեցումից 6-8 շաբաթ անց։
👉Ռիսկի գործոններ
💊Բացի հակաբիոտիկների ընդունումից, գոյություն ունեն այսպես կոչված ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության առաջացմանը։ Այդ գործոնների թվին են դասվում․
• պացիենտի տարիքը՝ 65-ից բարձր,
• իմունային համակարգը ընկճող զանազան դեղամիջոցների ընդունումը (գլյուկոկորտեկոիդներ, հակաուռուցքային դեղամիջոցներ եւ այլն)
• հիվանդանոցային բուժումը, հատկապես՝ վերակենդանացման բաժանմունքում։ Վերակենդանացման բաժանմունքում 7 օրվա ընթացքում մնալը մեծացնում է այս հիվանդության առաջացման ռիսկը 8 տոկոսով։
• ցանկացած այլ պաթոլոգիայի առկայությունը, օրինակ՝ աղիների բորբոքային հիվանդությունները, ՄԻԱՎ-ը, շաքարային դիաբետը,
• ստամոքսաղիքային տրակտի ամենատարբեր վիրահատական միջամտությունները,
• սնվելու հատուկ տիպերը, այդ թվում՝ նազոգաստրալային խողովակի միջոցով, ինչը ևս վերակենդանացման բաժանմունքներում է լինում,
📊Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
• Վարակի փոխանցման հիմնական ճանապարհը ֆեկալ-օրալն է։ Այսինքն՝ բակտերիաները թափանցում են օրգանիզմ աղտոտված մակերեսներից։
• Որոշ մարդկանց համար Clostridium Difficile բակտերիան նորմալ միկրոֆլորայի մի մասն է, սակայն դրա թվաքանակը խստորեն վերահսկվում է մյուս մանրէներով, որոնք պարունակվում են աղիների նորմալ միկրոֆլորայում, և իմունային համակարգի աշխատանքի հաշվին։
📌Clostridium Difficile ինդուկցված լուծերի թեթեւ և միջին ծանրության ընթացքի դեպքում պացիենտի մոտ առաջացող ախտանիշներն են.
• Ջրային լուծ
• Որովայնի թեթև կծկող բնույթի ցավեր:
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, որը կոչվում է պսեւդոմեմբրանոզ կոլիտ, ի հայտ են գալիս հետեւյալ ախտանիշները
• Արտաթորանքի մեջ լորձի, արյան, երբեմն թարախի հայտնվելը:
• Բարձր ջերմությունը (38,5 եւ ավելի)
• Սրտխառնոց, ախորակի կորուստ:
📊Պսևդոմեմբրանոզ կոլիտի զարգացման դեպքում հնարավոր է մի շարք ծանր բարդությունների զարգացումը:
Ախտորոշման մեթոդներն են
• Կղանքում Clostridium Difficile տոքսին A եւ B հայտնաբերումը:
• Կոլոնոսկոպիան, որի ընթացքում հայտնաբերվում են աղիների լորձաթաղանթին ֆիքսված կեղծ դեղնավուն մեմբրաններ, որտեղից եւ առաջացել է հիվանդության անվանումը:
📌Բուժումը
• Թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում ամբուլատոր պայմաններում՝ բժշկի հսկողությամբ:
• Ծանր ընթացքի դեպքում՝ ստացիոնար պայմաններում:
📝Clostridium Difficile վերացնող դեղամիջոցները պետք է նշանակվեն միայն բժշկի կողմից:
Կանխարգելում՝
• Անձնական հիգիենայի պահպանում
• Հակաբիոտիկների ռացիոնալ օգտագործումը միայն բժշկի նշանակմամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook