Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ծնոտի ցավի առաջացման հիմնական պատճառներն ու լավագույն տարբերակները՝ այն մեղմելու համար

Ամենից հաճախ ծնոտի ցավերը պայմանավորված են լինում լարվածությամբ ու անհանգստությամբ: Հարկ է նշել, որ այս խնդիրը կարող է բազում տհաճ զգացողություններ առաջացնել և ուղեկցվել մի շարք այլ խանգարումներով, ինչպիսիք են հոդերի խնդիրները կամ ատամները կռճտացնելու սովորությունը (բրուկսիզմ):

Նման ցավերը կարող են պայմանավորված լինել նաև սթրեսով ու հոգեկան ճնշվածությամբ, ուստի այս դեպքում «բոլոր հիվանդությունները նյարդերից են» արտահայտությունն արդարացված է:

Առաջին հերթին՝ հարկ է նշել, որ ծնոտի ցավը կարող է նկատվել դեմքի տարբեր հատվածներում: Ոմանց մոտ ցավում է ծնոտի՝ ականջին մոտ հատվածը, ոմանց մոտ ցավոտ զգացողություններ են նկատվում սնունդը ծամելիս կամ խոսելիս:

Այս խնդիրը կապված է մարդու անատոմիայի հետ, քանի որ այդ հատվածում գտնվում են բազմաթիվ բարդ նյարդեր ու մկաններ, որոնք կարող են հեշտությամբ բորբոքվել ու ախտահարվել:

Ինչով են պայմանավորված ծնոտի ցավի տարբեր տեսակները

Ականջների հատվածի ցավը

Երբեմն ցավոտ զգացումներն անհանգստացնում են միայն մի ականջի մոտ, իսկ երբեմն էլ՝ երկու: Այս դեպքում տհաճ զգացողություններ են առաջանում դեմքի վերին հատվածում կամ նույնիսկ ամբողջ գլխի վերին հատվածում: Հոդի նման ցավը հատկապես սուր է նկատվում հորանջելիս, խոսելիս կամ ծամելիս:

Երբեմն մարդիկ այն շփոթում են ատամի ցավի հետ, սակայն իրականում խնդիրը կարող է շատ ավելի «խորը» լինել`պայմանավորված լինելով հոդի մաշվածությամբ, որը սովորաբար տեղի է ունենում տարիքի հետ:

Բացի այդ, կարող են ի հայտ գալ խնդիրներ՝ կապված հոդային աճառների սկավառակների, ինչպես նաև ջլերի ու նյարդերի հետ:

Բերանը լայն բացելիս նկատվող ցավը

Եթե բերանը լայն բացելը լուրջ խնդիր է դարձել, ապա դրա պատճառը վերջին  ժամանակներում կյանքի ռիթմն է: Սթրեսն ու լարվածությունը հաղթահարել չկարողանալու դեպքում գլխուղեղը «փախուստի» հրաման է տալիս, ինչը դրսևորվում է մկանային լարվածությամբ, սրտի զարկերի հաճախականության արագացմամբ, մարմնի «կարծրությամբ» ու շարժունության վատացմամբ, ինչը հատկապես նկատվում է պարանոցի, մկանների ու դեմքի հատվածում:

Մարդիկ ակամայից սեղմում են ծնոտը, կռճտացնում են ատամները կամ առաջանում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են աղմուկն ականջներում, գլխացավերը կամ խնդիրները՝ կապված բերանը բացելու կամ փակելու հետ:

Ցավ ատամները կռճտացնելու (բրուկսիզմ) պատճառով

Այս սովորության պատճառ կարող է լինել սխալ կծվացքը կամ գիշերային վախը, որն առաջանում է սխալ սննդակարգի, գերլարվածության, քնի խանգարման հետևանքով: Ատամները կռճտացնելու սովորությունից ազատվելու համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն (նշանակվում է հատուկ կապա գիշերը կրելու համար):

Հարկ է հիշել, որ բրուկսիզմը կարող է դառնալ նաև ծնոտի ցավի պատճառ:

Պարզ մեթոդներ՝ ծնոտի ցավը մեղմելու համար

Ճիշտ կեցվածք ու պարանոցի ճիշտ դիրք

Ծնոտի ցավը մեղմելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը ճիշտ կեցվածքն է: Հատկապես հարկավոր է ուշադրություն դարձնել ուսերի, գլխի և պարանոցի դիրքին, քանի որ սխալ կեցվածքի դեպքում մարդն ակամայից լարում են պարանոցն ու ծնոտը:

Ճիշտ սննդակարգ

Հարկավոր է խուսափել բորբոքումներ առաջացնող սննդամթերքից, որոնց շարքին են դասվում բոլոր ճարպերը, շաքարավազը, մեծ քանակությամբ սուրճը, կոնսերվանտներ ու քաղցրացուցիչներ պարունակող էներգետիկ ըմպելիքները և այլն: Այս ամենի փոխարեն հարկավոր է օգտագործել վիտամին C-ով և կալցիումով հարուստ սննդամթերք:

Փորձել կառավարել հույզերն ու հաղթահարել սթրեսը

Հարկավոր է հիշել, որ մարդու համար հանգստության պահերը շատ կարևոր են ու անհրաժեշտ, իսկ նյարդայինությունը, անհանգստությունն ու ավելորդ լարվածությունը միայն վնասում են առողջական վիճակին և խլում կյանքի տարիները:

Սա է պատճառը, որ անհրաժեշտ է օրվա ընթացքում ժամանակ հատկացնել հանգստը վայելելուն ու թուլանալուն: Մարմնի ու ոգու մասին հոգ տանելու հիանալի տարբերակ է կարող է լինել յոգան:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook