Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կանաչի նվազեցումը քաղաքում անբարենպաստ է ազդելու մեր առողջության վրա ընդհանուր. ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ

Նախորդ տարվանից Երևանի քաղաքային իշխանությունը քաղաքի սաղարթավոր ծառերը փոխարինում է  հուդայածառերով, սակուրաներով և սաղարթ չունեցող այլ ծառերով։ Իսկ Երևանը, գտնվելով կիսաանապատային գոտում,  բնապահպանների պնդմամբ, պետք է ունենա այնպիսի ծառեր, որոնք սաղարթավոր են ու ստվեր են ստեղծում։

Panorama.am-ը զրուցել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի հետ, թե Երևանի փոշու պայմաններում նոր տնկվող ծառերը՝ սակուրա՝ ոչ տերևախիտ, հուդայածառ՝ զանազան համեմունքների ծառ, գնդաձև կատալպաներ, սաֆորաներ, օճառածառ, ալերգիկ չե՞ն և որքանո՞վ են դրանք առողջարար քաղաքային պայմաններում հարցերի վերաբերյալ։

Արմինե Հակոբյան-Սովորաբար ալերգիկ ռինիտ հիվանդությունն առաջացնում է այն ծաղկափոշին, որի փոշոտումը տեղի է ունենում քամով, ոչ թե միջատներով։ Այսինքն, ալերգիկ ռինիտն առաջացնում են քամուց փոշոտվող բույսերը, ծառերը, ծաղիկները։

Որոշ ծառեր, որոնք ունեն շատ ծաղիկներ, հիմնականում ալերգեններ չեն համարվում։ Ալերգիա առաջացնում են ավելի շատ այն ծաղիկները, որոնք ունեն սուր հոտ։ Այսինքն՝ ոչ թե ալերգիա, այլ պրովոկացիոն գործոն, որպես գրգռիչ են ազդում։

Բայց, նվազեցնելով կանաչի՝ ծառերի, բույսերի քանակը, որոնք նպաստում են, որ թթվածին նորմալ արտադրվի, քամուց է պաշտպանում,  անբարենպաստ է ազդելու մեր առողջության վրա ընդհանուր։ Չեմ կարող ասել, որ յուրահատուկ ալերգիաները դրանից շատանալու են։

Երբ որ չկա  շատ բույս, փոշուց պաշտպանություն, եթե օդում փոշին շատ է, օդի աղտոտվածությունը բարձր է, գերազանցում է նորման, կարող է բերել բրոնխների հիպերռեակտիվության բարձրացմանը։

Բրոնխների հիպերռեակտիվությունը մի վիճակ է, որի ժամանակ մեր բրոնխների լորձաթաղանթն ավելի զգայուն է, ավելի է գրգռվում տարբեր ազդակների ազդեցության տակ, իսկ եթե բրոնխների հիպերռեակտիվությունը բարձրանում է, կարող է բերել բրոնխյալ ասթմա հիվանդացության բարձրացմանը  կամ արդեն բրոնխյալ ասթմայով կամ ալերգիկ ռինիտով հիվանդների մոտ եղածը խորացնի։

Panorama.am- Ալերգիայի որոշ տեսակներ գարնանը սրվում են, շատերի մոտ անընդհատ փռշտոց է սկսվում, աչքերից արցունք է հոսում։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ, ո՞ր դեպքում դիմել բժշկի խորհուրդներին։

Արմինե Հակոբյան-Գարնանը սրվում է ալերգիկ ռինիտ, ալերգիկ ռինոկոնյուկտիվիտ, ալերգիկ բրոնխյալ աթսմա հիվանդությունները, որոնք հենց պայմանավորված են ծաղափոշիով։  Պետք է հաճախ լվացվել, լոգանք ընդունել, որպեսզի ծաղկափոշին վերանա, օգտագործել օդորակիչներ, պատուհանները փակ պահել։ Քամոտ եղանակին վիճակը վատանում է, քանի որ ծաղկափոշին պտտվում է  օդում, ավելի շատ է տարածվում։ Տնային կենդանուն ման տալուց կարող է ծաղկափոշին կենտրոնանա կենդանու վրա, դրա համար պետք է տանել տուն ու կենդանուն լողացնել։

Կարելի է նաև աղային լուծույթներով քթի լվացում անել։

Եթե բոլոր միջոցառումները չեն օգնում, իսկ դրանք հիմնականում չեն օգնում, այդ դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ դրան կա ախտորոշում, լիարժեք բուժում։

x Close

Like Us On Facebook