Monday, May 6, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հայաստանում կանցկացվի հայ-իրանական խոհանոցային փառատոն

Ընթացիկ տարվա ամռանը Հայաստանում կանցկացվի հայ-իրանական խոհանոցային փառատոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ շատ կարևոր է հետքովիդյան ու վերաձևավորվող համաշխարհային շուկայում նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքով ներկայանալը։ Այդ նպատակով առաջարկվել է Հայաստանում նախատեսված միջոցառմամբ մեկ տեղում ներկայացնել երկու հարևան երկրների խոհանոցային հարստությունները։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր է թե Հայաստանի, թե Իրանի համար։ Երկու երկրները կներկայանան միասնական զբոսաշրջային արդյունքով։ Մեր այս առաջարկությանն իրանական կողմը ոգևորված արձագանքել է և մեզ հրավիրել Իրան։ Ես և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եղանք Իրանում, այդ հարցերը քննարկեցինք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նախնական տվյալներով նախատեսվում է փառատոնն անցկացնել օգոստոսի 11-ին։ Միջոցառումը ենթադրում է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք։ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց՝ այս միջոցառումը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, քաղաքական կարևոր նշանակություն կարող է ունենալ ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, միջմշակութային երկխոսությունն ակտիվացնելու տեսանկյունից։

Փառատոնն ուղեկցվելու է նաև մշակութային միջոցառումներով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook