Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հայաստանում պատվաստումների շնորհիվ երկար ժամանակ է՝ չեն գրանցվում մի շարք ծանր հիվանդություններ

Հայաստանում այս պահին   պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների առումով ստեղծվել է շատ բարենպաստ իրավիճակ: Երկար ժամանակ  է՝ Հայաստանում չեն գրանցվում այնպիսի ծանր հիվանդություններ,  ինչպիսիք են՝ պոլիոմելիտը, դիֆտերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը.  և սա  պատվաստումների շնորհիվ է:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման  շրջանակում այս մասին շեշտեց  ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանը ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատվաստումների առումով ամբողջ աշխարհում ունի բավականին բարձր ցուցանիշ:

Մասնագետը, անդրադառնալով սեզոնային գրիպի դեմ պատվաստումներին, նշեց, որ այդ  պատվաստումները տարիներ շարունակ ՀՀ-ում կիրառվել են. յուրաքանչյուր տարի ՀՀ է ներկրվում տվյալ սեզոնին շրջանառվող վիրուսի տեսակին համապատասխան պատվաստանյութ:

«Այս տարի էլ Հայաստան ներկրվել է քառավալենտ պատվաստանյութ, որը պարունակում է տվյալ սեզոնին կանխատեսվող 4 տիպերը, որոնք առավել շատ են շրջանառվում: Պատվաստանյութը նոր չէ, ուղղակի յուրաքանչյուր սեզոնի համար առաջարկվում է տվյալ սեզոնին համապատասխան պատվաստանյութ»,- ասաց նա:

Նրա փոխանցմամբ՝ ներկայում գրիպի պատվաստումների բավական մեծ պահանջարկ կա և, գրիպի դեմ պատվաստվելիս, առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին, որոնք 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներն են, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, 65 տարեկանից բարձր անձինք:

«Գրիպի դեմ պատվաստումները կարող են իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ համատեղ կամ որոշակի ինտերվալով: Ցանկացած պարագայում որևէ խնդիր չի կարող առաջանալ: Ներկայում ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում առկա է գրիպի քառավալենտ պատվաստանյութը»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը:

Պատվաստումային գործընթացի ի՞նչ պատկեր ունենք ամբողջ աշխարհում և Հայաստանում: Ինչի՞ կարող է հանգեցնել չպատվաստվելը: Ինչո՞ւ է կարևոր պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելը: Այս և մի շարք այլ հարցերի մասին մանրամասներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook