Saturday, May 4, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հարուստ բուսատեսակներ, համեղ խոհանոց, երգ ու պար. Դսեղում հուլիսի 22-ին կանցկացվի Ուտելի բույսերի փառատոնը

Լոռու մարզի Դսեղ գյուղում հուլիսի 22-ին կանցկացվի Ուտելի բույսերի փառատոնը, որի կազմակերպիչը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունն է։ Միջոցառումն անցկացվում է Զբոսաշրջության կոմիտեի, Լոռու մարզպետարանի, Թումանյանի համայնքապետարանի հետ համատեղ։

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  նշվեց, որ փառատոնն արդեն 4-րդ անգամ է անցկացվում։ Առաջին տարվա փառատոնին գրանցվել էր շուրջ 1000 այցելու։ Այնուհետև իրենց բացասական ազդեցությունը թողեցին կորոնավիրուսն ու պատերազմը։ Այս տարի կազմակերպիչներն ակնկալում են 3 հազարից ավելի այցելու։ Ներկայացնելով փառատոնի ծրագիրը՝  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության  նախագահ Արփինե Հակոբյանը նշեց, որ այն բավական հագեցած է լինելու։

«Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ խոհանոցում։ Տեղացիներն ունեն ուտելու բույսեր հավաքելու հետաքրքրիր ավանդույթ։ Համապատասխան սեզոնին՝ գարունը, ամառը, գնում են բույսերի հավաքի և դրանցից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ։ Ահա այդ գեղեցիկ ավանդույթը, բույսերից պատրաստված համեղ ուտեսներն են ներկայացվելու, վարպետաց դասեր են լինելու»,-ասաց Արփինե Հակոբյանը։

Դրանից բացի, մասնակիցների համար 3 տարբեր ուղղություններով արշավներ են կազմակերպվելու, որոնց ընթացքում ճանաչողական այցելություններ կլինեն տեսարժան վայրեր՝ հիմքում ունենալով կրթական բաղադրիչ։ Մասնավորապես, մասնակիցներն անձամբ կհավաքեն ուտելի բույսերը, իրենց կներկայացվի, թե ինչպես պետք է դա արվի, որ սեզոնին ինչ բույսեր է պետք հավաքել և այլն։ Արշավային ուղղություններից մեկը նաև անցկացվելու է հեծանիվներով։

Փառատոնն ուղեկցվելու է մշակութային ծրագրով, երգ ու պարով, որը կազմակերպում է Լոռու մարզպետարանը։  ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, կարևորելով փառատոնի անցկացումը, նշեց, որ այն իր ազդեցությունն է թողնում զբոսաշրջային այցելությունների վրա։

«Լոռին հարուստ է իր պատմամշակութային վայրերով, վանքերով, եկեղեցիներով, հիասքանչ բնությամբ։ Այո, տարվա ընթացքում զբոսաշրջիկների այցելությունը բավական ակտիվ է, սակայն նման փառատոնները ևս իրենց ազդեցությունն են թողնում։ Ավելին, այսպիսի միջոցառումները նպաստում են ենթակառուցվածքների զարգացմանը»,-ասաց Տիգրան Հովսեփյանը։

Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջային այցերին զուգահեռ գործնականում արդեն երևում է պետական կառույցների, բիզնեսի, տեղի բնակիչների արձագանքը։

«Լայն թափով ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։ Լուսավորության ցանցն է բարելավվում։ Այսօր արդեն Դսեղում հյուրանոցային 3 խոշոր նախագիծ է կյանքի կոչվում, բազմաթիվ հյուրատներ են գործում, փոքր բիզնեսն է սկսել նոր նախաձեռնություններով հանդես գալ»,-ասաց Արմեն Չոփուրյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով, շատ կարևոր է, որ այս ակտիվությանը զուգահեռ նաև տեղի բնակիչների, կառույցների համար կրթական ծրագրեր իրականացվեն։

«Այս տարի արդեն մարզերում 3 դասընթաց անցկացրել ենք՝ կապված զբոսաշրջության հետ ու ծառայությունների, հյուրընկալության հետ։ Նախատեսում ենք այս ուղղությունն ակտիվացնել ու ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Երևանից փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են ուղևորվել փառատոնի կազմակերպիչների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցներով։ Դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Մանրամասն տեղեկություններն առկա են փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook