Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՀՀ-ում քովիդից ավելի արագ տարածվում է գրիպը․ ովքեր են ռիսկի խմբում և ինչպես պաշտպանվել՝ մասնագետի խորհուրդները

Վերջին շրջանում Հայաստանում քովիդից ավելի արագ տարածվում է գրիպի վիրուսը։ Չնայած նրան, որ և՛ Առողջապահության նախարարությունը, և՛ ԶԼՄ-երը տարբեր մասնագետների հետ համատեղ փորձում են իրազեկել հասարակությանը և կոտրել վիրուսի տարածման շղթան, այնուամենայնիվ, այն դեռևս տարածման ինտենսիվ փուլում է գտնվում։

Ընդհանրապես գոյություն ունի գրիպի վիրուսի 3 տեսակ՝ Ա, Բ և Ց։

Ա-ն համարվում է պանդեմիկ գրիպ, այսինքն ավելի արագ տարածման հակում ունի։ Այժմ մեզանում տարածված է H3N2 գրիպը, որը տարբերվում է առավել ինտենսիվ տարածվելու հատկությամբ, հատկապես՝ երեխաների շրջանում։

Zarkerak.am-ը զրուցել է ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի հետ հասկանալու համար թե ինչպե՞ս կարելի է խուսափել այս վիրուսից, ինչո՞ւ է այն նման քովիդ վիրուսին և ի՞նչ քայլեր ձեռնարկել եթե արդեն իսկ վարակակիր են։

Մասնագետի տեղեկացմամբ այս վիրուսով հիվանդանալը տարիքային առանձնահատկությունից ու շփման շրջանակներից  է կախված։ Հատկանշական է նաև այն, որ այս վիրուսով վարակման ռիսկի խմբում են գտնվում նաև հղիները, որոնց շրջանում հիվանդությունը բավականին ծանր ընթացք է ունենում՝ բարձր ջերմություն, թուլություն և այլն։

Գրիպի կանխարգելման միջոցները

Մեր այն հարցին, թե արդյոք գրիպի դեպքում տնային բուժման միջոցների կիրառումը վտանգավոր չէ՝ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտը պատասխանեց, որ դրանք այնքան էլ վտանգավոր չեն։ Դրա փոխարեն նա հորդորում է միայն զերծ մնալ հակաբիոտիկները առանց բժշկի ցուցման կիրառելուց։ Դա բացատրում է նրանով, որ հետագայում լուրջ խնդիր կարող է առաջանալ ռեալ բակտերիալ վարակները հակաբիոտիկներով բուժելու տեսանկյունից։

«Իսկ տնական մեթոդները՝ տարբեր վիտամինները, տաք հեղուկներ, սրանք այն են, ինչը մենք գրիպի ժամանակ այսպես, թե այնպես օգտագործում ենք։ Այնպես որ, սրանք որևէ վտանգ իրենց մեջ չեն պարունակում»,- ասում է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։ Նա զգուշացնում է, պարզապես եթե արդեն կա այնպիսի վիճակ, որը տնային պայմաններում բուժման ենթակա չէ, ինչքան հնարավոր է շուտ պետք է դիմել բժշկի  օգնությանը։

Քովիդի և այժմ տարածում ունեցող գրիպի ախտանշանները նման են

Համաճարակաբանը մեզ հետ զրույցում փաստեց, որ այժմ տարածում գտած գրիպի վիրուսը քովիդից տարբերելն անգամ մասնագետների համար է դժվար։

«Սուր շնչառական վարակներն ընթանում են գրեթե  նույն կլինիկական նշաններով՝ ջերմության բարձրացում, կոկորդի ցավ, կոկորդի չորություն, հազ, այսինքն նշաններով էապես տարբերելը  դժվար է, դրա համար ճիշտ է, ամեն դեպքում թեստ հանձնել հասկանալու համար, թե ինչ վարակ է»,- ասում է նա և անձնական փորձից ելնելով, հավելում, որ այժմ հիմնականում  կորոնավիրուսային վարակը ժխտվում է։ Այժմ ընթացող՝ հատկապես երեխաների շրջանում տարածված և  նմուշառման արդյունքում ստացվող պատասխանները ավելի շատ հաստատում են գրիպի առկայությունը և ոչ թե քովիդի։

Մեր այն հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ քովիդը նահանջել է և տեղը զիջել այս վիրուսին, մասնագետը պատասխանեց՝ դժվար թե մրցակցություն լիներ նրանց մեջ, քանի որ վերջերս Իսրայելում ու Խորվաթիայում դեպքեր են գրանցվել, երբ հիվանդի մոտ հայտնաբերվել է և՛ քովիդի, և՛ գրիպի վիրուս։ Դա նպաստել է հիվանդության ավելի ծանր ընթացքի։

«Սա քովիդի հերթական  անկումն է, մենք բավական ինտենսիվ 5-րդ ալիք ունեցանք, որն այս պահին անկման փուլում է։ Այժմ տեսնում ենք, որ աշխարհում միտումը շարունակվում է՝ օմիկրոնի առումով, այսօր երկրներ կան, որ բավականին բարձր ախտահարվածություն ունեն և սա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք կորոնավիրուսի նկատմամբ մեր զգոնությունը։ Ամեն դեպքում միջոցառումները նույնն են՝ շփումների նվազեցում, դիմակներ, սոցալական հեռավորություն, ձեռքերի ախտահանում․ սրանք բոլոր սուր շնչառական վարակների համար են արդյունավետ, այդ թվում նաև` գրիպի»։

Ինչպես կարելի է կանխել գրիպի վիրուսի տարածումը

«Քովիդի հետ միաժամանակ կարելի էր անել նաև գրիպի պատվաստումը»,- նշում է համաճարակաբանը, ապա շարունակում խոսքը,-«դա միակ պատվաստանյութն էր, որը կարելի էր քովիդի պատվաստման հետ միաժամանակ անել։ Այստեղ պարզապես մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրեինք մարդկանց առաջարկելու ու իրազեկելու առումով։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մարդիկ բավական ինտենսիվ պատվաստվեցին քովիդի դեմ և դա  կարելի էր օգտագործել գրիպի դեմ պատվաստումները նույնպես խթանելու համար»։

Նա ցավով նշում է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Եվ, որ քովիդի կանխարգելմամբ տարված՝ գրիպի վիրուսն անտեսել էինք, իսկ այժմ ունենք հետևանք՝ գրիպի ինտենսիվ բռնկում։

Գրիպի հնարավոր բարդությունները

Գրիպի հիմնական բարդությունը, ինչպես մյուս սուր շնչառական վարակների դեպքում՝ թոքաբորբն է։ Թոքաբորբի ի հայտ  գալու նշաններից է այն, որ նվազում է արյան հագեցվածությունը թթվածնով՝ բոլորին հայտնի սատուրացիայի մասին է խոսքը։ Դա վկայում է նրա մասին, որ խնդիրը գնալով սրանում է։

Համաճարակաբանի խոսքով երեխաների մոտ այդ թթվածնային հագեցվածության նվազումը բավականին արագ է արտահայտվում՝ հազն է ինտենսիվանում, ջերմության բարձրացում է նկատվում։

Նա խորհուրդ է տալիս նման դեպքերում անմիջապես դիմել բժշկի։

Հաջորդ բարդությունը, որը գրիպի հետևանք կարող է լինել մինինգիտն է։ «Սա նույնպես հնարավոր բարդություն է , իհարկե շատ ավելի հազվադեպ է հանդիպում, քան թոքաբորբը, բայց նույնպես հնարավոր է։ Այնպես որ, ընթացքի ծանրության հետ մեկտեղ պետք չէ աչքաթող անել ու մտածել, որ սովորական գրիպ է»,-ասում է Մերի Տեր-Ստեփանյանը։

Խորհուրդներ համաճարակաբանից

Գրիպն ինքն իրենով ընթանում է բավականին բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, գլխացավերով, մկանացավերով։

Առաջին իսկ կլինիկական նշանների ի հայտ գալու դեպքում պետք է մեկուսանալ, նվազեցնել շփումները։

«Մենք մտածում ենք, որ սա պարզապես մրսածություն է և ոչինչ չկա, բայց վիրուսը շատ արագ  տարածվում է այդ փուլում ևս։ Թեթև մրսածության նշաններ ունեցողների մեկուսացումը կարող է մի քանի մարդու փրկել հետագայում վարակվելուց»,- հորդորով դիմում է մասնագետը։

*Առաջին իսկ նշանների դեպքում՝ մեկուսանալ,

*Օգտագործել շատ հեղուկներ, որովհետև դա նվազեցնում է հետագա բարդությունների հավանականությունը,

*Ինքնազգացողության վատացման դեպքում դիմել բժշկին՝ չզբաղվել ինքնաբուժմամբ,

*Հատկապես հակաբակտերիալ միջոցների կիրառումը սահմանափակել։

Բացի այս խորհուրդներից, նաև անհրաժեշտ է ժամանակին դիմել և ստանալ գրիպի դեմ պատվաստանյութը։ Նա շեշտում է․ «Մեզանում առկա պատվաստանյութերը որակյալ են և պետք չէ դրանցից վախենալ՝ մենք քիչ -քիչ պետք է սովորենք պատվաստանյութերով կանխարգելել վարակիչ հիվանդությունները՝ հատկապես ռիսկի խմբում գտնվողների դեպքում»։

Արաքսյա Փաշոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook