Միֆեր և փաստեր տենդի մասին
«Սովորեցնել» ծնողներին չվախենալ տենդից և այն ընկալել որպես «ընկեր» բժիշկների ամենադժվար գործերից մեկն է: Խնդիրը նրանում է, որ տենդի մասին ոչ բոլոր պատկերացումներն են ճիշտ. եկեք քննարկենք դրանցից մի քանիսը:
Միֆ 1. | Տենդի դեմ պետք է պայքարել, քանի որ այն հաղթելով մենք կհաղթենք հիվանդությունը (ինֆեկցիան): |
Փաստ 1. | Երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև կապը միանշանակ ուղիղ չէ: Երբեմն բարձր ջերմություն ունեցող երեխան ունի ընդամենը վիրուսային ինֆեկցիա, իսկ պնևմոնիա ունեցող երեխան կարող է ունենալ ընդամենը ենթատենդ՝ 37-38օC: Տենդն ախտանիշ է, այլ ոչ թե հիվանդություն: Նույնիսկ եթե տենդ հարուցող հիվանդությունը վտանգավոր հիվանդություն է, բժշկությունը չունի տենդի առողջության համար վտանգավոր լինելու մասին փաստեր: |
Միֆ 2. | Տենդը վնասում է ուղեղը, իսկ 40 օC-ից բարձր ջերմության դեպքում արյունը սկսում է եռալ: |
Փաստ 2. | Ինֆեկցիաների մեծ մասի դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կանգնում է և կայունանում է 39,5-40,0 օC սահմաններում առանց ջերմիջեցնող ընդունելու: Այս ջերմաստիճանը վտանգավոր չէ առողջության համար: Գերտենդը (41 օC-ից բարձր) հազվադեպ երևույթ է և առավել կարևոր է դրա պատճառի բացահայտումը, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր լինել, քանի ինքը գերտենդը: |
Միֆ 3. | Տենդը վնասում է օրգանիզմին: |
Փաստ 3. | Տենդը ինֆեկցիայի դեմ հինավուրց ֆիլոգենետիկ պատասխան է: Ջերմությունը պաշտպանիչ բնույթ ունի. շատ բակտերիաներ և վիրուսներ մահանում են բարձր ջերմության դեպքում, իսկ 38,0օC ից բարձր ջերմության դեպքում օրգանիզմի կողմից հիվանդության նկատմամբ հակամարմիններ արտադրող գամմա-ինտերֆերոնի արտադրությունն ուժգնանում է: Եթե ինֆեկցիոն հիվանդության ժամանակ երեխան ունի բարձր ջերմություն, ուրեմն երեխայի առողջության մակարդակը բարձր է: |
Միֆ 4. | Ցանկացած տենդ պետք է պարտադիր բուժել ջերմիջեցնող միջոցներով և հակաբիոտիկներով: |
Փաստ 4. | Գոյություն ունեն հստակ չափանիշներ, որոնց մասին կխոսենք ավելի ուշ, թե երբ է պետք իջեցնել ջերմությունը: Մնացած բոլոր դեպքերում այն կնվազի ինքնուրույն՝ առանց միջամտության: Կայուն կարծիք կա, որ երեք օր բարձր ջերմելու դեպքում պետք է ընդունել հակաբիոտիկ: Ո՞վ է որոշել այդ երեք օրը, պարզ չէ: Շատ վիրուսային ինֆեկցիաների դեպքում ջերմությունը կարող է բարձր մնալ երեք օրից ավելի երկար, իսկ հակաբիոտիկների ընդունումը վիրուսային ինֆեկցիաների դեպքում ռացիոնալ չէ, քանի որ դրանք չեն օգնում պայքարել և կարող են ավելորդ ինտոքսիկացիայի հանգեցնել: Գոյություն ունեն հակաբիոտիկային բուժման նշանակման հատուկ չափանիշներ, որոնք հիմնված են ԱՀԿ խորհուրդների վրա, և որոշումը պետք է ընդունվի բժշկի հետ համատեղ: |
Միֆ 4. | Մարմնի ջերմաստիճանը գնալով կբարձրանա, եթե չմիջամտել: |
Փաստ 4. | Ոչ, հիվանդությունների մեծ մասի դեպքում ջերմությունը, հասնելով 39,7 – 40,0օC, այլևս չի բարձրանում: |
.
Ե՞րբ դիմել բժշկի
- Եթե ձեր երեխան երեք ամսականից փոքր է և նրա ջերմությունը 38,0օC-ից բարձր է, անմիջապես դիմեք բժշկի: Այդքան փոքր երեխայի դեպքում հիվանդության ծանրությունը պետք է գնահատի բժիշկը:
- Եթե երեխան երեք ամսականից մեծ է, ապա կարևոր է գնահատել նրա արտաքին տեսքը և վարքը: Եթե նա իրեն լավ է զգում և նորմալ հեղուկ է խմում, եթե ջերմությունը շատ բարձր չէ և սկսում է իջնել 24 ժամ հետո, բժշկի դիմելու կարիք չկա: Սակայն որոշ մանկաբույժներ կարող են պահանջել, որ անկախ սիմպտոմներից կամ երեխայի ինքնազգացողությունից, երեխայի մոտ 40օC և ավելի ջերմության դեպքում մայրը կապվի իրենց հետ:
- Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան առաջարկում է, որ ծնողները դիմեն բժշկի, եթե երեքից վեց ամսական երեխայի մոտ 38.3 օC կամ ավելի բարձր ջերմություն է, վեց ամսական երեխայի մոտ 39.4 օC ջերմություն է, և երեխան ունի ախորժակի կորուստ, հազ, ականջացավի նշաններ, անսովոր անհանգստություն կամ քնկոտություն, փսխում կամ լուծ:
.
Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը, անմիջապես դիմեք բժշկի՝ անկախ օրվա ժամից և այլ պայմաններից՝
- Մաշկի գունատություն, որն ուղեկցվում է երկարատև դողով:
- Կղանքի մեջ արյուն:
- Արցունքների կամ լացի բացակայություն:
- Անսովոր թուլություն՝ երեխային դժվար է արթնացնել, իսկ արթնանալուն պես, նա քնում է:
- Գիտակցության շփոթմունք:
- Տենդ, որն ուղեկցվում է հեղուկի զգալի կորստով՝ փսխումներով, լուծով և այլն, և որի արդյունքում երեխան ջրազրկվում է (ջրազրկման նշանների մասին կարդացեք այստեղ)
- Երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձր է 41,0օC-ից:
- Ցանկացած տենդի դեպքում, եթե երեխան երեք ամսականից փոքր է:
- Եթե տենդին զուգահեռ ցավում է նաև երեխայի փորը:
- Եթե հիմքեր կան կասկածելու, որ տենդի պատճառը ինֆեկցիան չէ, այլ գերտաքացումը, վնասվածքը կամ թունավորումը, երեխային անմիջապես տարեք հիվանդանոց:
- Թույլ կամ չընդհատվող լաց:
- Երեք օր անընդմեջ բարձր տենդ:
- Դժվար (ձայնով) կամ հաճախացած շնչառություն (մինչև 2 ամսական` 60 և ավելի շնչառական շարժում մեկ րոպեում, 2-12 ամսականում՝ 50 և ավելի, 1-5 տարեկան՝ 40 և ավելի:)
37օC ջերմությունը «նորմալ» ջերմություն չէ բոլորի համար: «Նորման» շատ պայմանական է, քանի որ 37 օC միջին վիճակագրական ջերմությունն է: Շատ մարդկանց մոտ նորման ավելի բարձր է կամ ավելի ցածր: Սա հատկապես ճիշտ է երեխաների համար:
Հետազոտությունները պարզել են, որ բացարձակ առողջ երեխաների մեծ մասի մարմնի ջերմությունը տատանվում է 35,9–37,5օC սահմաններում և ընդամենը մի փոքր մասի մոտ է լինում ուղիղ 37օC:
Օրվա ընթացքում երեխայի մոտ կարող է մարմնի ջերմաստիճանի զգալի տատանում լինել. սովորաբար, երեկոյան այն մի ամբողջ աստիճան բարձր է, քան առավոտյան: Ջերմության պատճառը կարող է հիվանդությունը չլինել, այլ, օրինակ՝ շատ և դժվարամարս ուտելիք մարսելը, դեռահաս աղջիկների մոտ օվուլյացիան, բժշկի կողմից նշանակված հակահիստամինի և այլ դեղերի կողմնակի ազդեցությունը և այլն:
Նյութը ՝ kksenyak.am