Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Շիրակի մարզի Արևիկ գյուղում տեղի ունեցավ «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը

Շիրակի մարզի Արևիկ գյուղում տեղի ունեցավ «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը, որի հեղինակն ու կազմակերպիչն էր «Արդինի» կրթամշակութային եւ տուրիզմի զարգացման հիմնադրամը՝ աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և փառատոնի գլխավոր գործընկեր «Երեմյան փրոջեքթս»-ի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևիկ գյուղը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին 20 տարիներին գրեթե կորսված են: Գյուղն օտարները մեծարելով՝ կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք: Փառատոնի անցկացման հիմնական նպատակն էր խորհրդային տարիներին իր հացթուխներով ու լավաշով հռչակված բնակավայրի կորսված փառքի, ինչպես նաև լավաշի թխման ավանդական եղանակների վերականգնումը, մարզում գաստրոտուրիզմի նոր ուղղության բացահայտումը, գյուղական կյանքի աշխուժացումը, գյուղը ժամանակին ապրեցնող և շենացնող լավաշի փառքի վերականգնումը:

«Փառատոնի անցկացումը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն արցախյան պատերազմով պայմանավորված, այն հետաձգվել էր հոկտեմբերի 7-ին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Երանուհի Սողոյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահված էր Գյումրու Մտորումների թատրոնին և Հայորդաց տան «Գանձեր» պարային խմբի սաներին: Հացթուխների պարով և լավաշի խորհրդանշական մատուցումից հետո (նույնն է թե աղ ու հացով դիմավորում) հյուրերը հրավիրվեցին բացօթյա թատերական սրահ, որտեղ ներկայացվեց հիմնադրամի պատվերով ստեղծված «Կախարդական լավաշը» ներկայացումը:

Պատմությունից հայտնի է, որ լավաշի թխման գործընթացն ավանդաբար իրականացրել են կանայք: Տղամարդու մուտքը հացատուն արգելված է եղել: Ինչպես խորովածը չի սիրում կանացի ձեռքեր ու կնոջ միջամտություն, այնպես էլ հնում հաց թխելիս տղամարդու միջամտությունը չի խրախուսվել, անգամ` համարվել է վատ նշան: Ըստ ավանդության՝ հաց թխելու արարողությունը կատարվել է վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառել են արևածագին: Հաց թխելու գործընթացն ուղեկցվել է բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տևել է մեկ կամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ՝ գովերգելով լավաշի համը: Ցավոք, վերջին տարիներին Արևիկում շատերն են վերջնականապես փակել թոնրատների դռները: Ու սա մի գյուղում, ուր շատ տարիներ առաջ, լուսաբացին մուտք գործող օտարականին առաջին հերթին դիմավորում էր օդում կանգնած ծխահոտն ու լավաշի բույրը:

«Փառատոնի մուտքը համայնք ընդամենը մեկօրյա մեծ տոն է, որը նպաստելու է գյուղի հանրահռչակմանը, մարզի սահմաներից դուրս ճանաչելիության մեծացմանը, գյուղական հացաբույր միջավայրում մեկ գեղեցիկ օր անցկացնելուն, տեղական արտադրության մթերքներ գնելուն և այլն: Մեկօրյա փառատոնի անցկացումը լինելու է սաղմը, քանի որ մեր նպատակն է այն դարձնել ամենամյա: Հնարավորություն ստանալով առաջին սաղմը գցելու՝ մենք հնարավորություն կստանանք ամեն տարի ծրագիրը ոչ միայն կրկնելու, այլև՝ ընդլայնելու: Ի՞նչ կտա գյուղին փառատոնը: Մեկ անգամ անցկացնելու դեպքում՝ մեկօրյա տոն: Ամենամյա դարձնելու դեպքում կստեղծվի զբոսաշրջային կայուն ուղղություն՝ իր բոլոր առավելություններով հանդերձ: Մենք փառատոնը կոչել ենք «Լավաշի կախարդանքը», քանի որ վստահ ենք՝ հայերի համար հացատեսակներից համեղագույնը համարվող լավաշն իր կախարդական բույրով թմբիրից կարթնացնի երբեմնի կյանքով լի, աշխույժ այս համայնքն ու ազդեցությունը կտարածվի նաև հարևան համայնքների վրա»,- հավելեց Երանուհի Սողոյանը։

Արմենուհի Մխոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook