Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որդին դարձավ մոր դոնորը. հայ բժիշկները լյարդի փոխպատվաստման 7-րդ վիրահատությունը կատարեցին

Երկու տարբեր վիրահատարաններում պառկած են մայր ու որդի, վիրահատությունն ընթացքի մեջ է։ 20-ամյա Պաուլոն առանց երկմտելու որոշել է մոր համար լյարդի դոնոր դառնալ։ 

41-ամյա Անահիտ Մազմունեանի մոտ մեկ տարի առաջ լյարդի անբուժելի հիվանդություն էր ախտորոշվել։ Նրա կյանքը փրկելու համար բժիշկներն առաջարկել են լյարդի փոխպատվաստում իրականացնել։ Հետազոտություններից հետո պարզվել է, որ նրա համար դոնոր կարող է լինել որդին՝ Պաուլո Մաճարեանը։

«Ինքը կըսեր՝ վախնալիք չէ, ինչ է, կտոր մը լյարդ պիտի տամ, կվերջանա, կերթա»,- պատմում է Անահիտը։

Մոր միակ անհանգստությունը որդու համար էր. «Ինքն ուզում էր, բայց երկար ժամանակ տևեց, որ ես համոզվեի, ինքը որոշեց, ըսավ` ես պիտի ազատեմ քեզի»։

Ընտանիքը տարիներ առաջ Բեյրութից Հայաստան է տեղափոխվել։ Պաուլոն մասնագիտությամբ ոսկերիչ է, դեռ աշխատանք չունի։ Ասում է՝ վիրահատությունից վախ չուներ. «Ուրիշ ճար չունեինք արդեն, մենակ ես էի համապատասխանում։ Հետազոտություններ արեցինք, իմացանք, որ լյարդս համապատասխանում է մամայիս հետ»։

Լյարդի դոնոր դառնալու համար Պաուլոն պետք է նիհարեր։

«Բժիշկներն ասեցին՝ պետք է մի քիչ նիհարեմ։ Դիետ տվեցին, մի լիստ թուղթ տվեցին, ասին՝ ինչ պիտի չուտես, ինչ պիտի ուտես»,- ասում է նա։

Վիրահատությունը տևել է մոտ 9 ժամ։ Պաուլոյի լյարդի 65%-ը բժիշկները փոխպատվաստել են մորը՝ Անահիտին։

Լյարդի փոխպատվաստման համար ընտանիքին հարկավոր էր 17 մլն դրամ։ 5 մլն դրամը տրամադրել է պետությունը, 12 մլն դրամ էլ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կազմակերպված դրամահավաքից է հանգանակվել։

«Աստղիկ» բժշկական կենտրոնը սկսել է լյարդի փոխպատվաստումներ իրականացնել 2019թ.-ից։ Սա արդեն 7-րդ փոխպատվաստումն էր։ Բժիշկները նշում են՝ բոլոր 7 փոխպատվաստումները հաջող են ընթացել։ Բոլոր դեպքերում բժշկական կենտրոնը համագործակցել է ՌԴ Բուռնազյանի անվան կլինիկայի բժիշկ Սերգեյ Ոսկանյանի հետ, որի՝ կենդանի դոնորից փոխպատվաստման փորձն, ըստ վիրաբույժների, բավականին մեծ է:

Արայիկ Ոսկանյանը նշում է, որ լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող անձինք շատ են. «Առանց լյարդի փոխպատվաստման նրանց կյանքը շատ կարճ է, սակայն դիակային փոխպատվաստման բացակայության պատճառով մենք չենք կարողանում օգնել տվյալ անձանց։ Բոլորը չէ, որ ունեն հարազատներ, ովքեր կարող են լյարդի մի մասը տալ՝ փրկելով իրենց հարազատի կյանքը»։

Վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ հարազատական փոխպատվաստման ժամանակ օրգանի մերժման տոկոսն ավելի ցածր է լինում, այդ իսկ պատճառով իրենք ընտրել են միայն հարազատական դոնորի պայմաններում փոխպատվաստումը։ Նախորդ բոլոր դեպքերում դոնորները ևս պացիենտների հարազատներն են եղել։

Լյարդը բժիշկները բացառիկ և լավ օրգան են համարում այն առումով, որ այն վերաճելու հատկություն ունի։

Վիրաբույժը նշում է՝ առաջնայինը դոնորի անվտանգությունն ու առողջությունն է. «Որքան մեծ մնա դոնորին լյարդ, այդքան նրա վերականգնողական պրոցեսը ավելի շուտ կլինի»։

Հայկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ դոնորի, թե՛ պացիենտի մոտ հետվիրահատական շրջանում որևէ խնդիր չի առաջացել։

«Հիմա առողջ եմ։ Հիմա պետք է ավելի սնվիմ, որ մի քիչ ավելի շուտ ուժս տեղը գա»,- ասում է տիկին Անահիտը։

Վիրահատությունից օրեր անց տիկին Անահիտն ու Պաուլոն դուրս են գրվել։

Հ. Գ. Վիրահատությունը կատարվել է 2023թ. դեկտեմբերի 2-ին։

hetq.am

x Close

Like Us On Facebook