Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են արյունատար անոթներում թրոմբների առաջացման պատճառներն ու ախտանշանները

Թրոմբների միջոցով մարդու օրգանիզմը փորձում է «վերանորոգել» վնասված արյունատար անոթները, սակայն սխալ ձևավորված թրոմբը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Օրինակ՝ սխալ տեղում առաջանալու դեպքում այն կարող է խանգարել արյան շրջանառությունը՝ դրանով իսկ դառնալով առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ:

Հաճախ թրոմբների հետ կապված խնդիրների լրջությունը պայմանավորված է լինում նրանով, որ մարդիկ չեն կարողանում ժամանակին տարբերել դրանց առաջացման մասին վկայող ախտանշանները և հիվանդությունը խորանում է: Բացի այդ, ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում դրանց առաջացման հավանականությունը բարձրացնող գործոններին:Այս մասին գրում է  med.tert.am-ը:

Թրոմբների առաջացման պատճառները

Թրոմբների առաջացման պատճառների թվում են առողջական խնդիրները, մարդու կենսակերպը և դրան նպաստող գործոնները, որոնց շարքին են դասվում.

·        սրտամկանի վիճակը (շողացող առիթմիա, սրտի ռիթմի խանգարումներ),

·        հղիությունն ու հետծննդաբերական առաջին շրջանը (6 շաբաթ),

·        էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչների ընդունումը,

·        էստրոգեն պարունակող հորմոնալ դեղերի ընդունումը,

·        երկար ժամանակ անշարժ մնալը (ոտքերը խաչած նստելը, երկարատև չվերթները և այլն),

·        լուրջ վիրահատությունները (հատկապես՝ օրթոպեդիկ վիրահատությունները, որոնցից հետո հիվանդը երկար ժամանակ անշարժ է լինում),

·        կոտրվածքներն ու մկանների լուրջ վնասվածքները,

·        թրոմբոզային խանգարումները,

·        քաղցկեղն ու քաղցկեղի բուժման պրոցեսը,

·        ճարպակալումը:

Թրոմբների առաջացման մասին վկայող ախտանշանները

Երբ թրոմբն առաջանում է խորանիստ երակներում, ի հայտ է գալիս խորանիստ երակների թրոմբոզ: Վահանիկների առաջացման դեպքում այդ հատվածների մաշկն այտուցվում է և դառնում է փափուկ: Նման դեպքերում ի հայտ են գալիս ցավոտ զգացողություններ, որոնք նման են սպազմների ու ջղաձգումների ժամանակ առաջացած ցավին:

Բացի այդ, թրոմբոզի դեպքում ախտահարված հատվածում մաշկը փոխում է իր գույնն ու ջերմաստիճանը՝ ստանալով կարմրավուն կամ կապտավուն երանգ և ավելի բարձր ջերմաստիճան:

Այս ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը, այլապես հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել:

 Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի ախտանշանները

Խորանիստ երակների թրոմբոզը վաղ փուլերում հայտնաբերելը շատ կարևոր է, քանի որ թրոմբը կարող է վնասել անոթը, պոկվել ու հայտնվել թոքում: Նման դեպքերում ախտանշաններն ի հայտ են գալիս կտրուկ և դրսևորվում են օդի պակասով, կրծքավանդակում սուր ցավերով, սրտի զարկերի արագացմամբ և անբացատրելի հազով, որի դեպքում երբեմն կարող է արյուն նկատվել: Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել:

Հիվանդության ախտորոշումը

Սովորաբար թրոմբների հայտնաբերման համար կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, սակայն եթե այդ կերպ չի հաջողվում գտնել թրոմբը, մինչդեռ կան դրա առկայությունը վկայող ախտանշաններ, ապա կիրառվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա:

Բացի այդ, գոյություն ունի նաև մեկ այլ անալիզ՝ D-դիմեր, որի միջոցով հայտնաբերվում է արյան մեջ թրոմբների առաջացման գործընթացը:

Հիվանդության բուժումը

Բուժման մեթոդի ընտրությունը կախված է լինում թրոմբի առաջացման հատվածից ու պատճառից: Մասնագետները կարող են հեռացնել թրոմբը վիրահատական ճանապարհով կամ կիրառել հակակոագուլյացիոն հատկությամբ օժտված դեղորայք, որոնք ջրիկացնում են արյունը: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել նաև համալիր բուժում:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook