Monday, May 6, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Որոնք են երեխաների ոսկրային հյուսվածքների զարգացման վրա բացասաբար անդրադարձող հիմնական գործոնները

Ամուր ու առողջ ոսկրային հյուսվածքների ձևավորումը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, ուստի երեխաների ոսկորների ձևավորմանը հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել հետագայում բարդությունների զարգացումից խուսափելու համար։ Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սննդակարգում ուլտրապաստերիզացված սննդամթերքի գործածությունը կարող է նվազեցնել երեխաների ոսկորների որակը, սակայն քչերին է հայտնի, որ դա միակ գործոնը չէ, որ բացասաբար է անդրադառնում ոսկորների վրա։

The Health Site պարբերականը ներկայացրել է մի քանի տարածված գործոն, որոնք կարող են դառնալ երեխաների մոտ ոսկրային հյուսվածքների ձևավորման գործընթացի խանգարման պատճառ։

Ֆիզիկական ծանրաբեռնվածության պակաս 

Նստակյաց կենսակերպը վնասակար է երեխաների համար տարբեր տեսանկյուններից, այդ թվում նաև ոսկորների առողջության տեսանկյունից։ Մանուկ հասակում նստակյաց կենսակերպ վարող երեխաներ մոտ ավելի ուշ տարիքում բարձրանում է մկանակմախքային խանգարումների, այդ թվում՝ օստեոպորոզի զարգացման հավանականությունը, մինչդեռ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կօգնի ամրապնդել ոսկորների առողջությունը և կանխել նման լուրջ խնդիրների զարգացումը։

Սննդարար նյութերի դեֆիցիտ

Ոսկորների նորմալ աճի համար երեխաների օրգանիզմին հարկավոր է բավարար քանակությամբ կալցիում, սպիտակուցներ ու վիտամին D, ուստի սննդակարգում դրանցով հարուստ մթերք ներառելը շատ կարևոր է։ Այս սննդարար նյութերի պակասը հանգեցնում է ոսկորների հանքանյութային խտության նվազման, ինչն էլ բացասաբար է անդրադառնում դրանց առողջության վրա։ Ընդ որում՝ սննդարար նյութերի պակասի բացասական ազդեցությունը նկատելի է լինում ամբողջ կյանքի ընթացքում։

Որոշակի դեղորայքի ընդունում

Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ վահանագեղձի աշխատանքի խանգարումների բուժման համար կիրառվող հորմոնալ դեղերը, գլյուկոկորտիկոիդներն ու քաղցկեղի բուժման որոշ այլ դեղամիջոցները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ երեխաների մոտ ոսկրային հյուսվածքների զարգացման վրա, ուստի դրանցով բուժում անցնելու դեպքում հարկավոր է հաշվի առնել այդ ռիսկերն ու նախապես միջոցներ ձեռնարկել։

Որոշակի հիվանդություններ

Ոսկորների զարգացման վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաև որոշակի հիվանդությունների, այդ թվում՝ հիպոթիրեոզի, ուռուցքների ու լյարդի հիվանդությունների առկայությունը։ Սովորաբար նման դեպքերում բուժող բժիշկները հաշվի են առնում այս փաստն ու համապասխան խորհուրդներ են տալիս ոսկորների հանքանյութային խտության բարձրացման համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook