Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որ հիվանդությունները կարող են դառնալ հևոցի պատճառ

Հևոցը բնական ֆիզիոլոգիական երևույթ է, որը կարող է ի հայտ գալ, օրինակ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ֆոնին, սակայն որոշ դեպքերում այն հուշում է որոշակի ախտաբանական գործընթացների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հևոցը մի վիճակ է, որին բնորոշ է դժվարացած շնչառությունն ու դրան հաջորդող շնչառական կծկումների արագացումը, ինչն ի հայտ է գալիս թթվածնի պակասին ի պատասխան օրգանիզմի ֆիզիոլոգիական ռեակցիայի հետևանքով։

Որպես բնական նորմա ընդունված է համարել ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ֆոնին ի հայտ եկող հևոցը, սակայն երբ օդի պակասն սկսում է անհանգստացնել անգամ պարզապես մի քանի աստիճան բարձրանալուց կամ աթոռին նստելուց հետո, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին ու պարզել դրա պատճառը, հետագա բարդություններից ու տհաճ հետևանքներից խուսափելու համար։

Ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել հևոցը

Ներկայում այս խնդիրը որպես կանոն մտազուգորդվում է միայն կորոնավիրուսային վարակի հետ, մինչդեռ իրականում հևոցի պատճառ կարող են հանդիսանալ նաև մի շարք այլ լուրջ հիանդություններ, որոնցից որոշները կարող են անգամ COVID-19-ից շատ ավելի վտանգավոր լինել։ Հևոցով ուղեկցվող հիմնական հիվանդությունների շարքին են դասվում․

  • Տագնապի նոպաները․ այս դեպքում նման ռեակցիան սովորաբար վարքային է լինում։ Տագնապի պահին մարդն առաջին հերթին ցանկանում է փախչել «վտանգավոր իրավիճակից», ինչի հետևանքով նրա սրտի աշխատանքն ու շնչառությունն արագանում են և ի հայտ է գալիս հևոց։
  • COVID-19-ը․ համավարակի պայմաններում կորոնավիրուսային վարակի մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում ոչ միայն համի զգացողության ու հոտառության կորուստը և թուլության զգացումը, այլև հևոցն ու շնչառության դժվարացումը, ուստի այս ախտանշանի առկայությունը հուշում է անհապաղ կորոնավիրուսի թեստավորում անցնելու անհրաժեշտության մասին։
  • Ալերգիկ ռեակցիան․ տարատեսակ ալերգենների (սննդամթերք, ծաղկափոշի, ընտանի կենդանիներ և այլն) նկատմամբ օրգանիզմի բացասական ռեակցիան ևս կարող է ուղեկցվել հևոցով։ Սա պայմանավորված է նրանով, որ նման դեպքերում շնչուղիներն այտուցվում ու նեղանում են, ինչն էլ հանգեցնում շնչառության դժվարացման ու հևոցի։
  • Սրտանոթային համակարգի հիվանդությունները․ սրտի հետ կապված ախտաբանությունների զարգացման դեպքում կենսական նշանակություն ունեցող այս օրգանը պարզապես ի վիճակի չի լինում ինչպես հարկն է կատարել իր գործառույթները, որոնք են արյան շրջանառության ապահովումն ու այդ կերպ բջիջներին թթվածնի մատակարարումը։ Այս ամենի հետևանքով անգամ ամենաչնչին ֆիզիկական ակտիվությունը կարող է ուղեկցվել հոգնածությամբ ու հևոցով, ուստի նման ախտանշանի առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Վերոնշյալ հիվանդություններից բացի մարդու շնչառության վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև նրա կենսակերպը, իսկ մասնավորապես՝ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն ու թոքերի վիճակը, տարատեսակ վնասակար սովորությունների առկայությունը, ավելորդ քաշի առկայությունն ու տարիքի գործոնը, որն առավել հաճախ կապված է լինում տարեցների մոտ սրտանոթային համակարգի հիվանդությունների առկայության հետ։

Բացի այդ, չի կարելի բացառել նաև օնկոլոգիական հիվանդությունների, տարբեր վնասվածքների, դիաբետիկ կոմայի ու մի շարք այլ վտանգավոր խանգարումների առկայությունը, որոնք ևս կարող են դառնալ հևոցի պատճառ։

Ինչ է հարկավոր անել նման ախտանշանի առկայության դեպքում

Հևոցի ու շնչառության դժվարացման դեպքում հարկավոր է առաջին հերթին դանդաղեցնել քայլքի արագությունը, նստել, հանգստանալ ու փորձել դանդաղ շնչել՝ ապահովելով մաքուր օդի հոսքը։ Ընդ որում՝ այս գործողությունները կարող են արդյունավետ լինել նաև տագնապի նոպաների դեպքում։

Եթե հևոցի նոպաները հաճախակի բնույթ են կրում կամ դրանց տևողությունն աստիճանաբար մեծանում է, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտ բուժումն սկսելու համար։ Նման դեպքերում բժիշկը պետք է առաջին հերթին բացառի կյանքի համար վտանգավոր խնդիրները, որից հետո միայն անցնի մյուս ստուգումներին։ Ընդ որում՝ հարկ է հիշել, որ հևոցը կարող է հուշել խիստ վտանգավոր խնդիրների մասին ցիանոզով, հաճախասրտությամբ (տախիկարդիա) կամ հիպոտոնիայով ուղեկցվելու դեպքում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել նաև նման ախտանշանների առկայությանը։

Կենսական նշանակություն ունեցող ցուցանիշներն ու անամնեզի ընդհանուր տվյալները պարզելուց հետո մասնագետը կարող է նաև մի շարք այլ ստուգումներ անցկացնել։ Դրանց շարքին կարող են դասվել պուլսօքսիմետրիան (արյան մեջ թթվածնի մակարդակի ստուգում), ռենտգենային հետազոտությունն ու համակարգչային շերտագրությունը, էլեկտրասրտագրությունն ու էխոսրտագրությունը, բրոնխոսկոպիան (բրոնխների ակնադիտում), ինչպես նաև արյան լաբորատոր հետազոտությունները։

Բուժման մեթոդի ընտրությունը կախված է լինում հևոցի առաջացման պատճառից ու խնդրի ծանրության աստիճանից։ Օրինակ՝ բրոնխիալ ասթմայի դեպքում սովորաբար նշանակվում են ստերոիդային դեղամիջոցներ ու բրոնխոլիտիկներ, իսկ սրտային անբավարարության դեպքում՝ միզամուղ դեղամիջոցներ։

Հևոցի զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին բացառել դրա զարգացմանը նպաստող գործոնները, որոնց շարքին են դասվում ավելորդ քաշի բացառումն ու քաշի կարգավորումը, վնասակար սովորությունների բացառումը, ինչպես նաև սրտի ու շնչառական համակարգի հիվանդությունների ժամանակին բուժումը։

Նյութի աղբյուրը՝ hronika.info

Leave a Reply

x Close

Like Us On Facebook