Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացրել են հսկայական`12 կգ զանգվածով գոյացություն

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) կատարվել է հսկայական՝ 40*30սմ չափերով և 12 կգ զանգվածով հետորովայնամզային տարածության ուռուցքի և ձախ երիկամի միաժամանակյա հեռացում։

Ինչպես aroxjblog.am- ին տեղեկացրին կենտրոնից, 1952 թ․ ծնված կինն ընդունվել է ՈՒԱԿ՝ գանգատվելով որովայնի մեծացումից և ցավերից։ Պարզվել է, որ կնոջ որովայնը սկսել է մեծանալ 4 տարի առաջ, իսկ վերջին 4 ամիսների ընթացքում աճը զգալիորեն արագացել է։ Համակարգչային շերտագրումով ախտորոշվել է հետորովայնամզային տարածության գոյացություն՝ ձախից։ Այն իր մեջ ներառում էր ձախ երիկամը, չափսերը, ըստ համակարգչային շերտագրության պատկերի, 38*26սմ։

«Աղեստամոքսային համակարգի կոնտրաստ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ առկա էր այդ համակարգի օրգանների շեղում դեպի աջ՝ մեխանիկական ճնշման պատճառով։

Կատարվել է հետորովայնամզային ուռուցքի հեռացում՝ միաժամանակյա նեֆրէկտոմիայով։ Վիրահատությունը կատարել են Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, բաժանմունքի վիրաբույժ Վիկտորիա Հովհաննիսյանը և Օնկուորոլոգիական բաժանմունքի վիրաբույժ Վարդան Առաքելյանը, անեսթեզիոլոգ՝ Սամվել Պողոսյան։ Հեռացված ուռուցքի չափսերը կազմել են 40*30 սմ, զանգվածը՝ 12կգ։

Հյուսվածաբանական հետազոտությամբ ախտորոշվել է բարձր տարբերակված լիպոսարկոմա։ Հիվանդը 7-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Ինչպես պարզաբանեց Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, մեկ ամսվա ընթացքում բաժանմունքում կատարվել է երկու նմանատիպ վիրահատություն, և առաջինի ժամանակ, քանի որ ուռուցքը փոքր էր, հաջողվել էր պահպանել հիվանդի երիկամը։ Այս դեպքում ուռուցքն ամբողջությամբ պատել էր երիկամը, և, ավաղ, այն պահպանել հնարավոր չէր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հմայակ Եփրեմյանը ևս մեկ անգամ հորդորել է ազգաբնակչությանը դիմել բժշկի առաջին իսկ գանգատի դեպքում՝ նմանատիպ ծավալուն և հաշմող վիրահատություններից խուսափելու համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook