Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Պետական աջակցությամբ անպտղության աջակցության ծրագրով ծնվել է 75 երեխա

Հայաստանում  պետական աջակցությամբ արհեստական բեղմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայություններից օգտվել է 426 շահառու, նախորդ տարվա դրությամբ  ծնվել է 75 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

«Պետական աջակցությամբ 426 շահառու օգտվել է արհեստական բեղմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայություններից: Գրանցել ենք 188 հղիություն: Իսկ այդ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 75 երեխայի ծնունդ»,-ասաց նախարարը՝ սա որակելով կարևորագույն ձեռքբերում:

Նա տեղեկացրեց, որ 2021 թվականից գործում են Վերարտադրողական առողջության մասին օրենքի նոր դրույթները, որով առկա խոչընդոտները վերացվել են:

2021-ին մեկնարկել է նաև կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրը, որի շրջանակում այս ընթացքում 6961 կին հետազոտություն է անցել: Ծրագիրն իրականացվելու է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում:  Նախարարության որոշմամբ ծրագիրը կշարունակվի, հաջորդ մարզը կլինի Շիրակը: «Սա կարևորագույն ծրագիր է: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման պարագայում ունենում ենք ամբողջական առողջացում, և կանայք պահպանում են նաև վերարտադրողական առողջությունը»,-ասաց Ավանեսյանը:

Քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում սքրինինգային ծրագրերի ընդլայնումը, վաղ հայտնաբերման խրախուսումը նա համարեց լուծում՝ հետագայում խուսափելու մահվան դեպքերից, հաշմանդամությունից, նաև մեծ ֆինանսական բեռից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook