Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սեզոնային ալերգիկ ռինիտ. ինչպես խուսափել բարդություններից

Միլիոնավոր մարդիկ տառապում են սեզոնային ալերգիաներից։ Ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ալերգիայի դեպքերը շատանում են։ Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն չունի տարիք և կարող է առաջանալ ինչպես նորածինների, այնպես էլ մեծահասակների մոտ:

Վերջին տարիներին ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ալերգիկ հիվանդությունների տարածումն ավելացել է:

Գարնանային ալերգիա. ինչն է մեզ ալերգիկ դարձնում

Ծառերն ու ծաղիկները սկսել են ծաղկել, իսկ դրան զուգաընթաց գլուխ են բարձրացնում սեզոնային ռինիտները, որոնք ի հայտ են գալիս օդում գտնվող ծառերի, բույսերի և մոլախոտերի ծաղկափոշուց։

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Տաթև Ալոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ալերգիկ ռինիտները բաժանվում են 2 խմբի՝ սեզոնային և շուրջտարյա։

Սեզոնային ալերգիկ ռինիտը քթի խոռոչի բորբոքումն է, որի ախտանիշներն են փռշտոցը, քթահոսությունը, քթի փակվածությունը  աչքերում քորն ու կարմրությունը։ Այն կարող է ընդգրկել նաև հարքթային խոռոչները։

Ի տարբերություն սեզոնային ալերգիկ ռինիտի, շուրջտարյա ռինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։ Շուրջտարյա քթահոսության պատճառ հանդիսացող ալերգենները նյութեր են, որոնց հետ մարդիկ շփվում են աշխատավայրում և կենցաղում:

Տաթև Ալոյանի խոսքով՝ այդ ալերգիկ ռինիտի նշանները նման են սեզոնայինին, սակայն այս դեպքում պատճառը կարող են լինել փոշու տիզը, բորբոսասնկերը, ընտանի կենդանիները։
Ըստ մասնագետի՝ սեզոնային ռինիտը կարող է վերածվել շուրջտարվա ռինիտի, եթե գրագետ չբուժեն, ավելին, ժամանակի ընթացքում այն կարող է վերածվել ասթմայի։ Տաթև Ալոյանը միաժամանկ նշեց, որ սեզոնային ալերգիկ ռինիտի և բրոնխիալ ասթմայի դեպքում մեծ է ժառանգական նախատրամադրվածությունը:

«Ազգաբնակչության մոտ 20%-ն ունի ալերգիկ ռինիտ։ Սովորաբար առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս դպրոցական տարիքից՝ 11-15 տարեկան հասակում, իսկ ավելի ուշ՝ 25-30 տարեկանում հնարավոր է այն ավելի սրվի, սակայն չի բացառվում, որ ալերգիկ ռինիտն անցնի առանց որևէ միջամտության»,- ասաց Տաթև Ալոյանը։

Հնարավո՞ր է ալերգիայի դեմ պայքարել առանց դեղորայքի

Սեզոնային ռինիտների ժամանակ պարտադիր պետք է բժիշկին դիմել, որպեսզի կատարվի ալերգենների քննություն՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչի հանդեպ է ալերգիան:

Մասնագետի խոսքով՝ եթե կա փռշտոց, քոր՝ քթում, կոկորդում, ականջներում, աչքերում, քթի փակվածություն կամ արտադրություն, արցունքահոսություն, աչքերի այտուցվածություն, որոնք հատկապես սրվում են դրսում, խոտածածկ տարածքներում գտնվելու ժամանակ, ապա պետք է դիմել ալերգոլոգին, որ ժամանակին բուժում նշանակվի, հակառակ դեպքում հետագայում բազմաթիվ բարդություններ կարող են ի հայտ գալ։

«Ալերգենների քննության ժամանակ հստակեցվում է, թե կոնկրետ որ խոտաբույսի կամ որ ծառի ծաղկափոշուց է ալերգիան, ըստ այդմ էլ կատարվում են համապատասխան բուժումներ։ Առաջին պայմանը գրագետ ալերգոլոգի կողմից նշանակված բուժումն է։ Հստակ միջազգայնորեն ընդունված որոշակի գործելակարգ կա, թե որ տեսակի ալերգիկ ռինիտին ինչ բուժում է հարկավոր։ Պետք է հստակ հետևել այդ բուժմանը, այլ ոչ թե լսել հարևանների, ազգականների խորհուրդներին։ Ցավոք սրտի, ներկայում Հայաստանում տարածված է ոչ նախընտրելի, նույնիսկ վնասակար բուժման միջոցներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել մարդու առողջությանը, քան հենց ալերգիկ ռինիտն է»,- ընդգծեց Տաթև Ալոյանը։

Մասնագետը նշեց, որ մարդիկ հաճախ են ինքնաբուժությամբ զբաղվում։ Առավել հաճախ հանդիպում են այնպիսի դեպքերի, երբ առանց բժշկի խորհրդատվությամբ հորմոնալ դեղամիջոցներ են օգտագործում։

«Իհարկե, հասկանում եմ, որ ֆինանսական խնդիրների պատճառով մարդիկ  բժշկի չեն դիմում, բայց նման հիվանդության համար պետք է գոնե մեկ անգամ այցելել ալերգոլոգին, հասկանալ, թե ինչում է խնդիրը։ Իրականում շատերը սեզոնային ալերգիկ ռինիտի ժամանակ տարբեր ներերակային հորմոնալ դեղամիջոցներ են օգտագործում, որոնք այդ պահին օգնում են, մեկ-երկու շաբաթ գանգատներ չեն ունենում, բայց հատկապես երիտասարդների համար նման հորմոնալ դեղամիջոցները տարիների ընթացքում մեծ վնաս են հասցնելու օրգանիզմին։

Այդ նույն հորմոնոլ դեղամիջոցները ևս բժիշկները նշանակում են, բայց դրանք ներքթային սփրեյներն են, որ որոնք ազդում են միայն քթի լորձաթաղանթի, այլ ոչ թե ամբողջ օրգանիզմի վրա։ Դրանք նաև կարող են օգտագործել հղիները, կերակրող մայրերն ու երեխաները»,- ասաց Տաթև Ալոյանը։

Սակայն, ըստ մասնագետի,  այդ սփրեյները՝ քթի անոթասեղմիչ կաթիլները, չի կարելի երկարատև օգտագործել, մինչդեռ կան մարդիկ, որ ալերգիկ ռինիտի ժամանակ մշտապես  օգտագործում են, ինչն առաջացնում է լորձաթաղանթի սնուցման խանգարում։

Տաթև Ալոյանը նշեց, որ սեզոնային ալերգիաների ժամանակ պետք է հետևել նաև սննդակարգին, ամենակարևորը՝  խուսափել արագ սնունդից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook