Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սխտորի ամենաօգտակար հատկությունները

Սխտորը շատ տարածված մթերք է, որը լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ, ուստի մասնագետները հորդորում են հաճախ ուտեստները համեմել սխտորով, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այս մթերքն ու ինչպես է այն անդրադառնում օրգանիզմի վրա։ Food News պորտալը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու յոթ պատճառ սննդակարգում սխտոր ներառելու համար։

Կարգավորում է զարկերակային ճնշումը

Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի հյութահանուկն օգնում է արդյունավետ կերպով կարգավորել զարկերակային ճնշումը։ Կլինիակական հետազոտությունների համաձայն՝ սխտորը բարելավում է արյան ճնշումը զարկերակային գերճնշումով հիվանդների ավելի քան 80 տոկոսի մոտ։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Գիտնականները պարզել են, որ պարբերաբար սխտոր օգտագործելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու կանխում է զարկերակներում խոլեստերինի կուտակման հավանականությունը, ինչի շնորհիվ նվազում է նաև սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման վտանգը։

Բարելավում է սրտամկանի առողջությունը

Այս մթերքը ոչ միայն կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը, այլև օգնում է թուլացնել լարված արյունատար անոթներն ու կանխել թրոմբների առաջացումը՝ դրանով իսկ բարելավելով սրտամկանի առողջությունը։

Նպաստում է մրսածության արագ ապաքինմանը

Ժողովրդական բժշկության մեջ սխտորը հաճախ է կիրառվում շնչառությունը բարելավելու և շնչառական համակարգը վիրուսներից ու բակտերիաներից մաքրելու համար։ Մասնագետները կարծում են, որ նման մաքրող ազդեցությունը պայմանավորված է սխտորի իմունախթանիչ հատկություններով։

Պահպանում է ոսկորների առողջությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը կարող է շատ օգտակար լինել կանանց համար դաշտանադադարից հետո, քանի որ բարձրացնում է էստրոգեն սեռական հորմոնի մակարդակը։ Այս հորմոնն իր հերթին շատ կարևոր բաղադրիչ է ոսկորների առողջության համար, քանի որ խթանում է ոսկրային բջիջների արտադրությունը։ Սա է պատճառը, որ արթրիտի և օստեոպորոզի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է անպայման սննդակարգում սխտոր ներառել։

Բարելավում է գլխուղեղի գործառույթները

Ազատ ռադիկալների անկայուն մոլեկուլները կարող են դառնալ գլխուղեղում բորբոքումների զարգացման պատճառ, ինչն արագացնում է կոգնիտիվ գործառույթների տարիքային թուլացման գործընթացը, սակայն սխտորը պարունակում է S-ալիլցիստեին կոչվող հզոր հակաօքսիդանտ, որը ճնշում է բորբոքումներն ու պայքարում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման և գլխուղեղի հիվանդությունների զարգացման դեմ։

Բարելավում է մաշկի առողջությունը

Հզոր հակաօքսիդանտային, հակաբակտերիալ ու հակասնկային հատկությունների շնորհիվ սխտորը ոչնչացնում է ախտածին միկրոօրգանիզմները, որոնք դառնում են բշտիկների ու մաշկային վարակների պատճառ՝ դրանով իսկ օգնելով պահպանել մաշկի առողջությունը։

Նյութը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook