Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Վիտամին A-ն անփոխարինելի նյութ է տեսողության համար

Վիտամին A-ի ազդեցության ոլորտը բավականին լայն է: Այն խթանում է օրգանիզմի կենսագործունեությունն ու աճը, մասնակցում ոսկրային համակարգի ձևավորմանն ու աճին, նաև անփոխարինելի նյութ է տեսողության համար:

Վիտամին A-ով հարուստ է կենդանական ծագում ունեցող սննդամթերքը, ընդ որում՝ մսամթերքում վիտամին A-ի պարունակությունը անհամեմատ քիչ է, իսկ լյարդում և երիկամներում նրա քանակությունը շատ ավելի բարձր է:

Օրգանիզմում վիտամին A-ի պակասը հնարավոր է լրացնել նաև բուսական սննդով, որում պարունակվող պրովիտամինը` կարոտինը, օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Մեծ քանակությամբ կարոտին են պարունակում ծիրանը, չիչխանը, կարմիր սնձենին և մասուրը: Ոչ պակաս հագեցած են գազարը, կարմիր պղպեղը, դդումը, լոլիկը, մաղադանոսը, հազարը, սպանախն ու թրթնջուկը:

Նրանց, ովքեր իրենց սննդից իսպառ բացառել են մսամթերքը, խորհուրդ է տրվում սննդային օրակարգ մտցնել կաթը, ձվի դեղնուցը, սերուցքը, թթվասերը, սերուցքային կարագը և պանիրը, որոնք ևս հարուստ են կարոտինով: Ի դեպ, ամռանն ու աշնանը կաթն ու ձուն առավել հարուստ են վիտամին A-ով և կարոտինով:

Հիպովիտամինոզ A-ն օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է վիտամին A-ի պակասով: Այս հիպովիտամինոզի ժամանակ առաջին հերթին տուժում է տեսողությունը: Երիտասարդ աճող օրգանիզմում հիպովիտամինոզի ժամանակ տեղի են ունենում հատկապես ոսկրային համակարգի աճի կանգ և էպիթելյար բջիջների այլասերում: Արդյունքում մաշկը նմանվում է գորտի մաշկի և կլինիկական բժշկության մեջ այն այդպես էլ անվանում են` «գորտի մաշկ»:

Չափից ավելի A վիտամինի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է հիպերվիտամինոզի, որի դեպքում կարող են առաջանալ թունավորման երևույթներ՝ սուր գլխացավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն: Քրոնիկ թունավորումը կարող է արտահայտվել մաշկի թեփոտմամբ, մազաթափությամբ, ոսկրային ցավերով կամ հոդացավով:

Վիտամին A-ի չարաշահումը վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում, քանի որ այն կարող է բնածին արատների ձևավորման պատճառ լինել: Սակայն հղիության ընթացքում վիտամին A-ի անբավարար քանակը ևս կարող է վնասել պտղին:

Գիտնականները դեռևս չեն կարողացել պարզել, թե վիտամին A-ի ո՞ր քանակությունն է օրգանիզմի համար անվնաս: Պարզապես չպետք է մոռանալ, որ չափից ավելի հրապուրվելը նույնքան վտանգավոր է, որքան իսպառ հրաժարվելը:

Նյութի աղբյուրը՝Online-Apteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook