Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ցանկացած բորբոքում, վիրուս և ինֆեկցիա կարող է հանգեցնել խանգարումների մակարդելիության համակարգում

Թրոմբոֆիլիա՝ արյան խտություն, թրոմբոզի առաջացման վտանգ, բարձր խտություն հղիության ընթացքում. այս խնդիրները բավական տարածված են և պահանջում են լուրջ և հետևողական ուշադրություն՝ բժշկի և բուժառուի կողմից:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Հեմոֆիլիայի և Թրոմբոֆիլիայի կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչատրյանը նշեց, որ թրոմբոֆիլիան արյան բարձր մակարդելիության պաթոլոգիական վիճակ է, որը բնորոշվում է հեմոստատիկ սպիտակուցների՝ պրոկոագուլյանտների և հակակոագուլյանտների ակտիվության խանգարմամբ, թրոմբոգոյացման բարձր հակվածությամբ:

Ամբողջ աշխարհում մահացության կազմում առաջին տեղն են գտնվում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Հարկ է նշել, որ երակային և զարկերակային թրոմբոզներով, թրոմբոէմբոլիկ բարդություններով ուղեկցվող հիվանդությունների, ինչպես նաև գլխուղեղի կաթվածով ուղեկցվող իշեմիկ դրվագների լիարժեք հետազոտման խորքում հայտնաբերվում է թրոմբոզների հանդեպ բարձր նախախնամությունը:

«Թրոմբոֆիլիայի առկայությունը չի նշանակում, որ մարդը հիվանդություն ունի կամ հիվանդ է, դա պարզապես մի վիճակ է, որը հանգեցնում է թրոմբոգոյացման հանդեպ ռիսկայնության, նախախնամության, նախատրամադրվածության: Ով ունի թրոմբոֆիլիա՝ մասնավորապես բարձր ռիսկի գեներ, նա ունի թրոմբոզների զարգացման ռիսկ, բայց միայն թրոմբոֆիլիայի առկայությունը, գենետիկ մուտացիան պաթոլոգիա չէ և միայն այդ գենետիկ մուտացիայի առկայությունը չի նշանակում, որ մարդը պիտի զգուշանա, որովհետև կարող է հանկարծ թրոմբոզ ունենալ: Այսինքն՝գենետիկ մուտացիան դա պարզապես գենի մուտացիա է, որը հայտնի չէ՝ ինչու մարդը ունի և առ այսօր պարզ չէ այդ մուտացիան ադապտացիոն բնույթ է կրում, թե պարզապես մարդկության մեջ կա ինչ-որ մի պոպուլյացիա, որը ունի այդ գենի առկայությունը: Բժշկությանը դեռևս հայտնի չէ,  թե ինչու՞ է բնությունը այն «նվիրել» մարդուն»,- ասաց մասնագետը:

Անդրադառնալով Հայաստանում տարածված  այն մոտեցումը, որ բոլոր մարդիկ արդեն ինչ-որ տարիքից, օրինակ՝ 50 տարեկանից հետո պրոֆիլակտիկ պետք է ընդունեն  ասպիրին կարդիո կամ կարիդիոմագնիլ դեղամիջոցը՝ մասնագետը պարզաբանեց, որ առանց բժշկի ցուցման իմաստ չունի դրանք ստանալ: Սովորաբար այդ դեղամիջոցները նշանակվում է այն մարդկանց,  ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդության ռիսկ կամ զարկերակային հիպերտեզիա կամ ինչ-որ բարդություններ ունեն, որոնց կանխարգելման համար նշանակում են ասպիրին:

«Այն ոսկե ստանդարտ է համարվում բժշկության մեջ և թրոմբոգոյացման կանխարգելման համար ամենից կիրառական և արդյունավետ դեղորայքն է համարվում, այն հակացուցում չունի, պարզապես ցուցումներն ու հակացուցումները պետք է գնահատի մասնագետ բժիշկը, որպեսզի որոշի՝ նշանա՞կի, թե՞ ոչ և ինչ տևականության»,- ասաց Հեղինե Խաչատրյանը:

Հայաստանում հաճախ է չզարգացող հղիությունների պարագայում որպես պատճառ նշվում արյան խտությունը, ինչը ըստ մասնագետի՝ մեր օրերում շատ արդիական հարց է: Ըստ նրա՝  բժիշկների մի մեծ բանակ գտնում է, որ հղիություն պլանավորելուց առաջ պետք չէ ստուգել արյան խտությունը, քանի  որ գոյություն ունեն հստակ չափորոշիչներ, ըստ որոնց այդ հետազոտություններն իրականցվում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն  երկու-երեք չզարգացող հղիություններ, ծանրաբեռնված մանկաբարձական պատմություն, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, և էլի մի շարք չափանիշներ կան, որոնց դեպքում պարտադիր են, որ մարդիկ հետազոտվեն և  իրականացնեն անհրաժեշտ անալիզները:

Բժիշկը հավելեց, որ միայն մեկ չզարգացող հղիության պարագայում այս հետազոտություններն ընդունված չէ իրականացնել:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցներին՝  Հեղինե Խաչատրյանը խորհուրդ  տվեց զերծ մնալ վնասակար սովորույթներից՝ չծխել, վերահսկել քաշը, թույլ չտալ ցանկացած ինֆեկցիաների ընթացքի ձգձգումը և զարգացումը, հսկել ատամների, հետևել բերանի խոռոչի հիգիենային: Այսինքն՝ չունենալ խրոնիկ ինֆեկցիայի օջախ, որպեսզի չլինի արյան խտության խնդիր, քանի որ ցանկացած բորբոքում, վիրուս և ինֆեկցիա կարող է հանգեցնել խանգարումների մակարդելիության համակարգում:

Թրոմբոֆիլիայի կանխարգելման հնարավոր տարբերակներին, Թրոմբոֆիլիայի  ժառանգական նախատրամադրվածության և երիտասարդ տարիքում թրոմբոզի առաջացման վտանգներին և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն կարող եք  ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook