Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

2024թ.-ի փետրվարից սկսած՝ պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումն անվճար է տրամադրվում

Հարգելի´ քաղաքացիներ, ուրախ ենք հայտնելու, որ 2024թ.-ի փետրվարից սկսած՝ պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումն անվճար է տրամադրվում ոչ միայն մասնագիտական վարակման վտանգի ենթարկված, այլև ՄԻԱՎ վարակ հավանական ունեցողի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց:

Հետկոնտակտային կանխարգելման տրամադրումը կատարվում է ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա (օրինակ` եթե տեղի է ունեցել առանց պահպանակի ներթափանցող սեռական հարաբարություն, կամ անձինք օգտվել են ներարկային ճանապարհով օգտագործվող թմրամիջոցների միևնույն պարագաներից` տեղյակ չլինելով մյուսի ՄԻԱՎ կարգավիճակից):

🏥ՄԻԱՎ հետկոնտակտային կանխարգելումը հասանելի է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թե՛ ամբուլատոր, թե՛ ստացոնիոնար կլինիկաներում (հասցեներ` Աճառյան 2, Բաբաջանյան 42):

❗️Հիշեցնենք` ՄԻԱՎ հետկոնտակտային կանխարգելումը (ՀԿԿ-ն) ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղերի օգտագործումն է ՄԻԱՎ բացասական անձի կողմից, որն ունեցել է ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ:

👨‍⚕️ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը մանրամասնել է թեմայի շուրջ հանրությանը հետաքրքրող տեղեկությունները:

❓Ի՞նչ ժամկետում կարելի է դիմել հետկոնտակտային կանխարգելման համար:

🔹ՀԿԿ-ի պետք է դիմել կոնտակտից հետո՝ 72 ժամվա ընթացքում:

❓Որքա՞ն է դրա արդյունավետությունը:

🔹Արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես՝ ՀԿԿ-ն սկսելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ, քան 72 ժամը:

❓Ու՞մ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման:

🔹ՀԿԿ պետք տրամադրել այն անձանց, որոնք կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակ ունեցողի պոտենցիալ վտանգավոր հեղուկների` հեշտոցի, ուղիղ աղիքի, աչքի, բերանի և այլ լորձաթաղանթների ու վնասված կամ ծակած մաշկի (օրինակ՝ ասեղի ծակոց) հետ:

❓Ի՞նչ է ներառում հետկոնտակտային կանխարգելումը:

🔹ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման ծառայությունը ներառում է խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում: ՀԿԿ-ի տևողությունը 4 շաբաթ է:

❓Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից:

🔹Ծառայությունից կարող են օգտվել բոլորը՝ անկախ քաղաքացիությունից։

x Close

Like Us On Facebook