Saturday, May 4, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն թարմացրել է հիմնական դեղամիջոցների ցանկը. հիմնովին վերանայվել են հակաբիոտիկների վերաբերյալ հրահանգները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2017 թվականի խմբագրմամբ Հիմնական դեղամիջոցների թարմացված ցանկում (WHO Model list of essential medicines) հաշվի են առնվել նոր հրահանգները, թե ինչպիսի հակաբիոտիկներ է հարկավոր կիրառել այս կամ այն ինֆեկցիոն հիվանդությունը բուժելիս, այդ թվում՝ հիվանդի կյանքի համար լուրջ վտանգ ներկայացնող: Այն նաեւ համալրվել է ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի, տուբերկուլյոզի եւ օնկոպաթոլոգիայի բուժման դեղամիջոցներով: Արդյունքում՝ թարմացված Ցանկը ներառում է 433 դեղամիջոց, որոնք անհրաժեշտ են առողջապահության բազային համակարգի կազմակերպման համար:

ԱՀԿ-ի փորձագետները 40 տարում առաջին անգամ թարմացված ցանկում հակաբիոտիկների կիրառման հրահանգների խոշորագույն վերանայում են կատարել՝ հակամանրէային դեղամիջոցները բաժանելով 3 կարգի՝ ACCESS, WATCH եւ RESERVE: Հակամանրէային դեղամիջոցները դասակարգելիս օգտագործել են միայն այն հակաբիոտիկներին համապատասխանողները, որոնք կիրառվում են առավել տարածված ինֆեկցիոն հիվանդություններից 21-ի բուժման համար: Հետագայում, եթե նման դասակարգումն օգտակար լինի, այն կօգտագործվի նաեւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման նպատակով կիրառվող հակաբիոտիկների համար:

Հակաբիոտիկների դասակարգումն ուղղված է հակամանրէային դեղամիջոցների նպատակահարմար կիրառմանը: Դա պետք է բարելավի բուժման արդյունքները, նվազեցնի դեղակայուն բակտերիաների տարածվածությունը եւ պահպանի բուժման վերջին գծի հակաբիոտիկների արդյունավետությունը, որոնք կիրառվում են այլ հակամանրէային դեղամիջոցների ոչ արդյունավետության դեպքում: Մտցված փոփոխություններն աջակցում են Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ ծրագրին (Global action plan on antimicrobial resistance), որն ուղղված է հակաբիոտիկների նկատմամբ դեղային ռեզիստենտության զարգացման դեմ պայքարին՝ դրանց նպատակահարմար կիրառումն ապահովելու ճանապարհով:

ԱՀԿ-ը ACCESS կարգի հակաբիոտիկների օգտագործումը խորհուրդ է տալիս տարածված լայն սպեկտրի ինֆեկցիաների բուժման համար: Օրինակ՝ այս կարգի մեջ է մտնում ամոկսիցիլինը, որը շնչուղիների ինֆեկցիաների, ինչպիսին թոքաբորբն է, բուժման համար լայնորեն կիրառվող հակաբիոտիկ է:

WATCH կարգն ընդգրկում է առաջին կամ երկրորդ ընտրության հակաբիոտիկները ոչ մեծ թվով ինֆեկցիաների բուժման համար: Օրինակ՝ ցիստիտի եւ վերին շնչուղիների (բակտերիալ սինուսիտ եւ բակտերիալ բրոնխիտ) բուժման համար կիրառվող ցիպրոֆլոկսացինի օգտագործումը պետք է կտրուկ կրճատել՝ այս հակամանրէային դեղամիջոցի նկատմամբ ռեզիստենտության հետագա առաջացումից խուսափելու համար:

RESERVE կարգն ընդգրկում է այնպիսի հակաբիոտիկներ, ինչպիսին են կոլիստինը եւ որոշ ցեֆալոսպորինները, որոնք անհրաժեշտ է դիտարկել որպես բուժման վերջին գծի տարբերակներ եւ կիրառել միայն ամենածանր դեպքերում, երբ բուժման մյուս այլընտրանքային տարբերակները ոչ արդյունավետ են եղել, օրինակ՝ կյանքի համար վտանգավոր ինֆեկցիաների դեպքում մեծ թվով բակտերիաների դեղային կայունության պատճառով, որոնք դրանք հարուցում են:

ԱՀԿ-ի փորձագետները Ցանկի մեջ 10 հակաբիոտիկներ են ավելացրել մեծահասակ հիվանդների բուժման համար եւ 12՝ երեխաների բուժման համար:

Թարմացված ցանկը նաեւ ներառում է՝

  • 2 պերորալ դեղամիջոց (դազատինիբ եւ նիլոտինիբ) քրոնիկական միելոիդային լեյկոզի բուժման համար, որը բուժման ստանդարտ մեթոդների նկատմամբ կայուն է դարձել: Կլինիկական հետազոտությունների ընթացքում այս դեղերն ընդունած 2 հիվանդից մեկը հասել է հիվանդության լիակատար եւ երկարատեւ թուլացման;
  • համակցված պերորալ դեղամիջոց (սոֆոսբուվիր+վելպատասվիր) հեպատիտ C-ի բուժման համար (ԱՀԿ-ը ներկայումս վերանայում է հեպատիտ C-ի բուժման հրահանգները);
  • դոլուտեգրավիր ՄԻԱՎ ինֆեկցիայի բուժման համար (կապված արդյունավետության, անվտանգության եւ ռեզիստենտության զարգացման նկատմամբ մեծ կայունության վերաբերյալ վերջին տվյալների հետ);
  • նախավիրահատական կանխարգելում տենոֆովիրի կամ էմտրիցիտաբինի կամ լամիվուդինի հետ համակցությամբ ՄԻԱՎ ինֆեկցիայի կանխարգելման համար;
  • դելամանիդ մեծ թվով դեղային կայունությամբ տուբերկուլյոզով տառապող երեխաների եւ դեռահասների բուժման համար եւ կլոֆազիմին մեծ թվով դեղային կայունությամբ տուբերկուլյոզով տառապող երեխաների եւ մեծահասակների բուժման համար;
  • երեխաների շրջանում կիրառելու համար հարմար են իզոնիազիդի, ռիֆամպիցինի, էտամբուտոլի եւ պիրազինամիդի համակցությունները երեխաների տուբերկուլյոզի բուժման համար;
  • ֆենտանիլ սպեղանի եւ մեթադոն օնկոպաթոլոգիայով հիվանդների ցավերը մեղմելու համար պալիատիվ խնամքի դեղերի հասանելիության ընդարձակման նպատակով:

ԱՀԿ-ի Փորձագետների կոմիտեն Ցանկը թարմացնում եւ վերանայում է 2 տարին մեկ ըստ հիմնական դեղամիջոցների ընտրության եւ կիրառման: Փորձագետների կոմիտեի 21-րդ նիստը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 27-31-ը ԱՀԿ-ի կենտրոնակայանում: Կոմիտեն քննարկել է Հիմնական դեղամիջոցների ցանկում մոտ 100 դեղեր ընդգրկելու 92 հայտ եւ դրանցից 55-ն ավելացրել է. 30-ը թարմացված Ցանկին եւ 25-ը՝ երեխաների շրջանում կիրառելու համար Հիմնական դեղամիջոցների էտալոնային ցանկին (Essential Medicines List for Children):

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook