Saturday, May 4, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Առօրյա դիմահարդարման 15 խորհուրդներ

Մի քիչ շրջանցելով այն պարզ ու տարածված խոսքը, թե լավագույն դիմահարդարումը ժպիտն է, այնուամենայնիվ, այսօր որոշել ենք հեշտացնել դիմահարդարվող կանանց առօրյան մի քանի հեշտագույն ու կիրառելի lifehack-երով, որոնք թույլ կտան կրճատել հայելու մոտ անցկացրած ժամերն ու եռապատկել ստացված արդյունքը: Պատրա՞ստ ես: Սկսենք:

 

Խորհուրդ 1

Աչքի գծամատիտն ավելի փափուկ ու հեշտ կիրառելի կդառնա, եթե օգտագործելուց առաջ մի քանի վայկյան մոտեցնես կրակին, ապա թողնես` սառչի և կիրառես: Մատիտն ավելի գելային էֆֆեկտ կստանա և սրությամբ կամ կոշտությամբ չի ցավեցնի օգտագործելիս:

 

Խորհուրդ 2

Աչքերին ավելի մեծ տեսք տալու համար թարթիչներիդ սևաներկը քսիր քթիդ ուղղությամբ և ոչ թե հակառակը: Կարող ես թույլ հպել այն նաև ներքևի թարթիչներին, որպեսզի աչքերդ ավելի խոշոր երևան:

 

Խորհուրդ 3

Եթե ուզում ես ստվերաներկի գույնը շքեղ «նստի» կոպերին` գույնի ողջ հմայքով, մինչ այն քսելը կոպի ողջ երկայնքով սպիտակ գծամատիտ օգտագործիր: Ստվերաներկի գույնի ինտենսիվությունը և մնայունությունն ապահովված է:

 

Խորհուրդ 4

Արդեն հին, բայց աշխատող hack-երից մեկը` շրթներկի գույնի և մնայունության համար: Քսիր շրթներկը, ապա վրան թույլ հպիր անձեռոցիկի մի կտոր և դիմափոշիով թեթև հպիր վրձինը շուրթերին: Սա կօգնի լավ ֆիքսել շրթներկի գույնը և այն կպահպանի ավելի երկար:

 

Խորհուրդ 5 

Դեն մի´ նետիր սիրելի, բայց արդեն ավարտվող ստվերաներկը. դրանից հիանալի հեղուկ-շրթներկ կստացվի: Խառնիր այն մի փոքր ժելատինի կամ վազելինի հետ և քսիր շուրթերին:

 

Խորհուրդ 6

Ուշադիր եղիր պարագաների պիտանելության ժամկետին: Դրանց պիտակի վրա նշված է` պահպանել 6, 12 կամ 24 ամիս: Սա նշանակում է` բացելուց ի վեր այս կոսմետիկ միջոցը կարելի է կիրառել x ժամանակահատվածում, անյուհետև այն, գուցե, թունավոր հատկություններ ձեռք բերի և վնասի մաշկը: Հիշիր, կոսմետիկ միջոցի չկիրառումն ավելի լավ է, քան դրա ժամկետն անց տարբերակի կիրառումը:

 

Խորհուրդ 7

Շրթներկ քսելուց հետո անձեռոցիկի ծայրը, բամբակը կամ մատդ բերանիդ մեջ պահիր և պինդ սեղմիր: Հանելուց հետո կտեսնես շրթներկիդ ավելցուկը և հետքերը: Այսպիսով` օրվա ընթացքում այն չի քսվի ատամներիդ` ստեղծելով անհարմար իրավիճակ:

Առօրյա դիմահարդարման 15 խորհուրդներ

Խորհուրդ 8

Թարթիչներ ձևող փոքրիկ հարմարանքն ավելի արդյունավետ «կկոտրի» թարթիչներդ, եթե մինչ օգտագործելը վարսահարդարիչով տաքացնես այն, մի քանի վայրկյան թողնես սառչի, ապա անցնես գործի:

 

Խորհուրդ 9

Տարօրինակ է, բայց հասարակ զուգարանի թուղթը կարող է փոխարինել դեմքի վրայից ավելցուկ ճարպն ու յուղը հեռացնող թղթիկներին: Հպիր թուղթը խոնավացած հատվածին և հեռացրու այն:

 

Խորհուրդ 10

Սևաներկն ավելի մեծ ծավալ կհաղորդի թարթիչներիդ, եթե օգտագործելուց առաջ թարթիչներիդ վրա մի քիչ դիմափոշի ցանես:

 

Խորհուրդ 11

Կարևորը չխախտել կոսմետիկ միջոցների կիրառման հերթականությունը: Ամբողջական դիմահարդարում անելուց առաջ լավ կլինի քսել ստվերաներկը, որպեսզի դրա փոշին չթափվի այտերին և չառաջացնի «գունային խառնաշփոթ»: Տոնային կրեմից առաջ չմոռանաս խոնավեցնողի մասին, իսկ դիմափոշին կիրառիր վերջում` դիմահարդարումը ֆիքսելու համար:

 

Խորհուրդ 12

Մինչ աչքերի սև գծաներկը վիզուալ փոքրացնում է աչքի չափերը, սպիտակ գծաներկը լայն ու մեծ է ցույց տալիս այն: Կիրառիր քո աչքին համապատասխան գույնն ու գծամատիտը:

 

Խորհուրդ 13

Կիրառիր սպիտակ մատիտը նաև հոնքերի տակի հատվածում: Սա կմեծացնի կոպը, ավելի հստակ կուրվագծի ձեր հոնքերը:

 

Խորհուրդ 14

Հայլայթերով ուրվագծիր շուրթերիդ վերին հատվածը: Սա կմեծացնի շուրթերի ծավալն ու ավելի փամփլիկ տեսք կտա դրանց:

Խորհուրդ 15

Դիմահարդարվելուց հետո անպայման ստուգիր քո տեսքը տարբեր լուսավորումների ներքո: Գուցե կլինեն բացթողումներ, որոնք սենյակային լույսի ներքո չերևան, իսկ դրսում դառնան տեսանելի:

Դե ինչ, սիրելի աղջիկ, չմոռանանք նաև մի կարևոր հանգամանք` մի´ շպարվիր այնպես, որ դիմացինը պարզորեն նկատի` որքան ժամանակ և կոսմետիկ միջոցներ ես օգտագործել դեմքիդ վրա, հակառակը` աշխատիր ստեղծել դիմահարդարում, որն ավելի մոտ կլինի պարզապես խնամված լինելուն` քիչ, կոկիկ և աննկատ:

Դու գեղեցիկ ես և´ դիմահարդարմամբ, և´ առանց դրա:

 

www.yerevanmall.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook