Friday, May 3, 2024
Նորություններ

Դեղագետը վաճառող ՉԷ

Դեղատոմսով դուրս գրվող դեղերը դեղատոմսով բաց թողնելու ընթացակարգը համընդհանուր, ամբողջ աշխարհում ընդունված մոտեցում է։

Մենք՝ դեղագետներս, ողջունում ենք, որ Հայաստանը նույնպես միանում է այդ գաղափարին՝ կիրառելու  եւ հսկելու այն։

Այդ փոփոխությունը կվերականգնի դեղագետի եւ բժշկի միջեւ բաշխված դերերի խախտված հավասարակշռությունը։ Ողջ աշխարհում հնուց ընդունված է, որ դեղը պետք է նշանակի բժիշկը, բաց թողնի դեղագետը։

Դեղի բաց թողնումը դեղատան դարակաշարից վերցնելը, տոպրակի մեջ դնելը, գումարը ստանալը, մանրը վերադարձնելը ՉԷ։ Դեղի բաց թողնումը վաճառք ՉԷ, դեղագետն էլ վաճառող ՉԷ։

Դեղի բաց թողնումը շատ պատասխանատու գործընթաց է, որը ներառում է՝
1. Համոզվել, որ չկա շփոթմունք, ու դեղատոմսը նախատեսված է հենց այդ պացիենտի համար։
2. Հաստատել, որ նշանակված դեղը, դեղաչափը, դեղաձեւը, կիրառման տեւողությունը ճիշտ են տվյալ պացիենտի համար (հաշվի առնելով նաեւ պացիենտի ֆիզիոլոգիական վիճակը, տարիքը, ուղեկցող հիվանդությունները եւ այլն)։
3. Ստուգել դեղ-դեղ փոխազդեցության առկայությունը։
4. Նախապատրաստել դեղը պացիենտին տրամադրելու համար (փաթեթավորել եւ պիտակավորել անհրաժեշտության դեպքում)։
5. Կատարել վերջնական ստուգում։
6. Արձանագրել կատարված գործողությունները։
7. Իրազեկել դեղի ճիշտ կիրառման եւ պահպանման վերաբերյալ, իրականացնել խորհրդատվություն։

Ինչ վերաբերում է առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին.

Կան ախտանշաններ, որոնց դեպքում դեղագետը կարող է իրականացնել խորհրդատվություն, ինչպես նաեւ բաց թողնել առանց դեղատոմսի բաց թողնվող դեղեր՝ պացիենտին զգուշացնելով, որ եթե ախտանշանները շարունակեն պահպանվել կամ սկսեն զարգանալ, ապա անպայման եւ անհապաղ դիմել բժշկի։ Դեղագետի կողմից այս գործառույթի իրականացման համար կան համընդհանուր ընդունված ալգորիթմներ եւ ուղեցույցներ։

Այդ փոփոխությունը մարտահրավեր է ՀՀ դեղագործական ոլորտի համար, որպեսզի դառնա էլ ավելի զարգացած եւ մրցունակ։

Մենք՝ դեղագետներս, ընդունում ենք այդ մարտահրավերը եւ մեր ներուժը կներդնենք ի շահ ՀՀ-ում պատշաճ բաց թողնման գործունեության ներդրման ու շարունակական զարգացման եւ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերով խորհրդատվության որակի բարձրացման։

Նյութի աղբյուրը erit.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook