Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխայի զարգացման «օրացույցը». ինչ հմտություններ է ունենում փոքրիկը 3.5 տարեկանում

Երեխաները շատ արագ են աճում ու զարգանում, ուստի 3.5 տարեկան երեխան շատ է տարբերվում 3-ամյա փոքրիկից: Այս տարիքում նա սկսում է նոր հմտություններ ձեռք բերել: Ընդ որում՝ այդ հմտությունները նա ձեռք է բերում ոչ թե բնազդաբար, այլ հետքրքրությունից դրդված: Բացի այդ, այդ տարիքում փոքրիկը փոխվում է ոչ միայն կենսաբանորեն, այլ նաև հոգեբանորեն:

Առհասարակ՝ 3.5 տարեկան երեխաների հետ շփումն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում, և եթե նույնիսկ ծնողները մի փոքր հոգնել են, միևնույն է պետք է շարունակեն վայելել ամեն պահը, քանի որ դրանք այլևս չեն երբեք կրկնվի: Այս մասին գրում է med.tert.am -ը:

3.5 տարեկան երեխայի ֆիզիոլոգիան

Այս տարիքում երեխաները սովորում են մի քանի բան միաժամանակ անել: Սա ավելի շատ վերաբերում է ոչ թե ֆիզիոլոգիային այլ հոգեբանությանը: Փոքրիկի գլխուղեղն այնքան զարգացած է լինում, որ կարողանում է կոորդինացնել մարմնի աշխատանքը:

  Սակայն միևնույն ժամանակ մարմինն այդ պարագայում նույնպես շատ ավելի զարգացած է լինում, քան 3 տարեկանում էր: Սա է պատճառը, որ շատ մարզիկներ իրենց մասնագիտական ուղին սկսում են հենց այդ տարիքում, քանի որ մարմինը ճկուն է լինում և հեշտ է յուրացնում նոր շարժումները, իսկ մարզումները դուր են գալիս երեխային: Բացի այդ, այս տարիքում սովորածը երեխայի հետ է մնում ամբողջ կյանքի ընթացքում, իսկ մարզումները ոչ միայն առողջարար են, այլև օգնում են ձևավորել երեխայի բնավորությունն ու կամքի ուժը:

3.5 տարեկան երեխայի հմտությունները

Այս տարիքում երեխան արդեն կարող է յուրացնել բազմաթիվ հմտություններ: Այժմն նա ոչ թե պարզապես շարժումներ է անում, այլ կառավարում է մարմինը տարածության մեջ: Երեխայի զարգացման համար շատ օգտակար են լինում մանկական խաղահրապարակները, որոնք շատ են դուր գալիս փոքրիկներին: Սակայն հարկ է հիշել, որ երեխային չի կարելի միայնակ թողնել, քանի որ նա կարող է վնասվել:

Բացի այդ, այս տարիքում հարկավոր է կիսել երեխայի հետ տնային աշխատանքները: Ընդ որում՝ եթե նույնիսկ նրա մոտ որևէ բան չի ստացվում, միևնույն է հարկավոր է գովել նրան օգնելու համար: Այս տարիքում նա արդեն գիտակցում է իր սխալները, ուստի կարող է շատ տխրել, եթե զգա ծնողի դժգոհությունը:

3.5 տարեկան երեխայի հոգեբանությունը

3.5 տարեկանում երեխան արդեն բավական մեծ է լինում և պարբերաբար զարգացնող պարապմունքներին հաճախելն արդեն անհրաժեշտություն է դառնում: Առաջին հերթին՝ ամբողջ օրը տանն անցկացնելը նրա համար ձանձրալի է լինում՝ նույնիսկ, եթե ծնողներն ամբողջ օրը նրա հետ են անցկացնում: Հարկ է հիշել, որ ծնողների ընկերակցությունը նրա համար չափազանց միապաղաղ է դառնում, ուստի նրան հարկավոր են նոր տպավորություններ: Բացի այդ, երեխան պետք է անպայման սկսի շփվել իր տարեկիցների հետ: Ինքնուրույն զբաղմունք գտնելու ունակությունը շատ օգտակար հմտություն է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև շփվել կարողանալն ու կոլեկտիվում սեփական տեղը զբաղեցնելը: Եթե փոքրիկը միշտ միայնակ է լինում, նա երբեք նման հմտություններ ձեռք չի բերի: Շատ ավելի լավ կլինի, եթե նա այս տարիքում հասկանա, որ գոյություն ունեն կոնֆլիկտային իրավիճակներ և սովորի պաշտպանել իրեն ու ինքնուրույն լուծել խնդիրները:

Օգտակար խորհուրդներ ծնողներին

հարկ է հիշել, որ 3.5 տարեկան երեխան արդեն բավական մեծ է, որպեսզի սկսի հաճախել տարբեր խմբակներ: Ընդ որում՝ այս տարիքում օգտակար կլինի ցանկացած զբաղմունքը: Առաջին հերքին՝ խաղերի միջոցով երեխան նոր հմտություններ է ձեռք բերում: Բացի այդ, նա ավելի շարժուն ու կազմակերպված է դառնում, ինչը հատկապես կարևոր է, եթե փոքրիկը չի հաճախում մանկապարտեզ: Երեխան ծանոթանում է այնպիսի հասկացություններին, ինչպիսին են ժամանակացույցն ու կարգապահությունը:

Պարապմունքները ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել առանց կարևոր պատճառի, իսկ բաց թողնելու դեպքում անհրաժեշտ է բացատրել փոքրիկին պատճառը, այլապես նրա մոտ կձևավորվի սխալ վերաբերմունք («կգնամ, երբ կցանկանամ»):

Բացի այդ, սա այն տարիքն է, երբ ծնողները կարող են հասկանալ, թե ինչ նախասիրություններ ունի իրենց երեխան և ինչն է նրա համար ավելի հետաքրքիր ու օգտակար՝ հետագայում ավելի ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook