Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչու են երեխաների մաշկին գորտնուկներ առաջանում և ինչպես կարելի է ազատվել դրանցից

Գորտնուկները երեխաների շրջանում շատ տարածված խնդիր են, որոնք հեշտությամբ ի հայտ են գալիս և հաճախ անցնում են առանց բուժման ու որևէ միջամտության: Սակայն լինում են դեպքեր, երբ գորտնուկը չի անհետանում ամիսներ շարունակ և անգամ ավելի է տարածվում ու բազմանում:Այս մասին գրում է  med.tert.am-ը:

Գորտնուկները լինում են տարբեր տեսակի, սակայն դրանց բոլորի առաջացման պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Այս վիրուսը հեշտությամբ ներթափանցում է մաշկի բջիջների մեջ քերծվածքների, վերքերի ու մանր վնասվածքների միջոցով:

Հենց վիրուսային ծագմամաբ էլ պայմանավորված է այն փաստը, որ գորտնուկները կարող են ի հայտ գալ, հենց այնպես և նույնքան անսպասելի անհետանալ: Երբ իմունային համակարգն ամուր է, վիրուսը ոչ մի կերպ չի դրսևորվում, սակայն պաշտպանական ուժերի թուլացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև մանր կոշտ նորագոյացություններ:

Պապիլամավիրուսը կարող է հեշտությամբ փոխանցվել հպման միջոցով, սակայն վարակումից հետո հաճախ անցնում է մի քանի ամիս, մինչ այն դրսևորվում է նորագոյացության տեսքով:

Առավել հաճախ գորտնուկներն առաջանում են այն երեխաների ու դեռահասների մոտ, որոնք.

·        հաճախ ձեռքերն օճառով չեն լվանում,

·        կրծոտում են եղունգներն ու պոկոտում մաշկը,

·        որոնց մոտ նկատվում է ոտքերի ու ձեռքերի առատ քրտնարտադրություն,

·        ունեն զգայուն մաշկ, որը հաճախ է չորանում ու վնասվում,

·        հաճախ են հիվանդանում և ունեն թույլ իմունային համակարգ:

Երեխաների մոտ առաջացած գորտնուկները հաճախ անցնում են առանց միջամտության, սակայն եթե դրանք անհանգստություն են պատճառում կամ սկսում են տարածվել, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Բացի այդ, հարկավոր է դիմել բժշկին, եթե գորտնուկը վնասվում է, ճաքում, արյունահոսում կամ քոր է գալիս:

Մաշկաբանը կորոշի գորտնուկի տեսակն ու անհրաժեշտության դեպքում կհեռացնի այն: Գորտնուկների հեռացման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անցկացնել այդ պրոցեդուրան գրեթե անցավ և ազատվել նորագոյացությունից 1-2 սեանսի ընթացքում:

Գորտնուկների հեռացման մեթոդները

·        Ակտիվ քիմիական նյութեր, որոնք պարունակում են թթուների լուծույթներ. այս նյութերը կարելի է գնել դեղատնից և օգտագործել տնային պայմաններում: Սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հեղուկը չհայտնվի առողջ մաշկի վրա, այլապես կարող են առաջանալ քիմիական այրվածքներ ու ցավոտ խոցեր: Այս դեղամիջոցները ճիշտ կիրառելու դեպքում գորտնուկներից կարելի է ազատվել 3-4 անգամ օգտագործելուց հետո: Սակայն այս նյութերը չի կարելի կիրառել փոքր երեխաների բուժման համար, քանի որ նրանց մաշկը չափազանց նուրբ է:

·        Հեղուկ ազոտ. այս պրոցեդուրան կարելի է անցկացնել ցանկացած կոսմետոլոգիական սրահում: Այն անցավ է և շատ հարմար է նաև երեխաների մոտ առաջացած գորտնուկների հեռացման համար:

·        Այրում էլեկտրական հոսանքով. այս պրոցեդուրայի ժամանակ գորտնուկն այրվում է էլեկտրոդով, այնուհետև հեռացվում: Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկումով, որից հետո վերքը վիրակապվում է:

·        Գորտնուկի լազերային հեռացում. անցկացվում է կոսմետոլոգիական սրահներում և պոլիկլինիկաներում: Այս պրոցեդուրան նույնպես անցկացվում է տեղային ցավազրկումով:

Որպեսզի գորտնուկները կրկին ի հայտ չգան, դրանց բուժման հետ մեկտեղ հարկավոր է ամրապնդել նաև երեխայի իմունային համակարգը:

Ինչպես ազատվել գորտնուկներից տնային պայմաններում

·        Ծիծեռնախոտի (чистотел) հյութ. Այս բույսի ցողուններն ունենում են դեղին հյութ, որը պարունակում է գորտնուկը փափկեցնող և դրա հեռացմանը նպաստող նյութ: Այս հեղուկը հարկավոր է քսել գորտնուկին օրական 2-3 անգամ: Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ:

·        Սոխի խյուս. Սոխի հյութը նույնպես պարունակում է թթու, որը փափկեցնում ու քայքայում է նորագոյացությունը: Հարկավոր է խյուսը լցնել բարակ կտորի մեջ և վիրակապի տեսքով դնել գորտնուկի վրա: Այս վիրակապը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր:

·        Սալիցիլաթթվով քսուք. Այս քսուքը հարկավոր է քսել գորտնուկին ամեն օր լոգանքից հետո: Սակայն քսուքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել գորտնուկի մահացած շերտերը:

Ինչպես կանխել գորտնուկների առաջացումը

Գորտնուկների առաջացումը կանխելու համար հարկավոր է առաջին հերթին սովորեցնել երեխային հետևել անձնական հիգիենային: Նա պետք է հաճախ լվանա ձեռքերն ու լավ չորացնի դրանք:

Բացի այդ, հարկավոր է հետևել երեխայի եղունգներին ու կուտիկուլաներին, խնամել դրանք և թույլ չտալ, որ վնասվածքներ ի հայտ գան:

Եթե երեխան լողավազան է հաճախում, ապա պետք է միշտ ռետինե հողաթափեր կրի, քանի որ այնտեղ նույնպես մեծ է վարակվելու հավանականությունը:

Շատ կարևոր է նաև իմունային համակարգն ամրապնդելը, քանի որ պապիլոմավիրուսը դրսևորվում է իմունիտետի թուլացման դեպքում: Այս վիրուսի դեմ պայքարում շատ մեծ նշանակություն ունեն աղիները: Եթե երեխան տառապում է դիսբակտերիոզից կամ մակաբուծային վարակից, ապա թուլանում է նրա ամբողջ օրգանիզմը: Սա է պատճառը, որ գորտնուկների դեմ պայքարում հարկավոր է կիրառել համալիր թերապիա՝ հակավիրուսային և իմունակարգավորիչ:

Հարկ է հիշել, որ գորտնուկների բուժումը պետք է անցկացվի միայն բժշկի հսկողության ներքո, որպեսզի հիվանդությունը չստանա քրոնիկական բնույթ, քանի որ այդ դեպքում նորագոյացությունները կարող են բազմանալ, մեծանալ և անգամ վերափոխվել ու դառնալ չարորակ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook