Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես տարբերել առողջ խալը չարորակացողից. պարզ ու փորձված մեթոդ

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է հիվանդության բարեհաջող բուժման համար։ Այս հիվանդությունը շատ հաճախ է զարգանում հասարակ խալի չարորակացման հետևանքով, սակայն բավական ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին նկատել անբարենպաստ փոփոխություններն ու միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում՝ խալի չարորակացման հավանականությունն էլ ավելի է բարձրանում ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում, ուստի մեծ քանակությամբ խալեր ունեցողների հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել օրվա ընթացքում արևի տակ երկար ժամանակ անցկացնելու դեպքում:

Մելանոմայի զարգացումից խուսափելու և չարորակացող խալը ժամանակին նկատելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանան ինքնազննում անցկացնել ու ուսումնասիրել խալերը՝ արտասովոր փոփոխությունների դեպքում դիմելով մասնագետին: Այս մասին Express պարբերականի հետ զրույցում նշել է MOLE կլինիկայում սքրինիգի բաժնի բուժքույր Լաուրա Հարքերը: Նրա խոսքով՝ սկզբնական փուլում մելանոման կարող է դրսևորվել որպես արտասովոր, նոր կամ փոփոխված խալ, ուստի ինքնազննումը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրն ու բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:

Ինքնազննման համար մասնագետը խորհուրդ է տալիս կիրառել բավական տարածված АВСDE մեթոդը: АВСDE-ն հապավում է, որում А-ն « Asymmetry»-ն (անհամաչափություն) է, B-ն «Border»-ը (սահմաններ), C-ն «Color and Comparison»-ը (գույն և համեմատություն), D-ն «Diameter»-ը (տրամագիծ), իսկ E-ն «Evolving»-ը (զարգացում)։

 Ինչպես հասկանալ, որ խալը կարող է վտանգավոր լինել

Անհամաչափություն

Մաշկի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության մասին հուշող նախաքաղցկեղային վիճակի մասին կարող է հուշել անհամաչափ խալը, որի մի կողմը նման չէ մյուս կողմին: Նման խալի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել:

Սահմաններ

Եթե խալի սահմանները հստակ չեն, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին: Բանն այն է, որ անհարթ կամ ոչ հստակ սահմանները կարող են հուշել խալի չարորակացման մասին, ինչը չի կարելի անուշադրության մատնել:

Գույն և համեմատություն

Բուժզննում հարկավոր է անցնել նաև այն դեպքում, երբ խալի գույնն անհամաչափ է կամ տարբերվում է այլ խալերի գույնից: Բացի այդ, հարկավոր է համեմատել խալը մյուսների հետ ու տարբերությունների դեպքում արձանագրել դրանք՝ դիմելով մասնագետին:

Տրամագիծ

Մասնագետների խոսքով՝ ցանկալի է, որ խալի տրամագիծը չգերազանցի 7 մմ-ը, քանի որ ավելի մեծ լինելու դեպքում վտանգը ևս մեծանում է:

Զարգացում

Եթե խալը փոխում է իր ձևը կամ գույնը, մաշկի մյուս հատվածներից ավելի բարձր է ու ուռուցիկ կամ շարունակում է աճել, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել հնարավոր բարդացումները կանխելու համար:

Այս պարզ մեթոդին հետևելը թույլ կտա ժամանակին նկատել ախտաբանական փոփոխություններն ու միջոցներ ձեռնարկել հնարավոր բարդություններից խուսափելու համար: Ինքնազննման արդյունքում արտասովոր փոփոխություններ նկատելու դեպքում մասնագետները հորդորում են անհապաղ դիմել բժշկին, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook