Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լնդերի հիվանդությունների պատճառներ

Ստոմատոլոգիական օգնության դիմած գրեթե յուրաքանչյուր երկրորդ պացիենտի մոտ լնդերի հետ խնդիրներ կան, իսկ ավելի ճիշտ, պարօդոնտի: Դրանք կարող են արտահայտվածության տարբեր աստիճաններ ունենալ, սկսած գինգիվիտից մինչև պարօդոնտոզ: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վառ արտահայտված լինել, և նրանք բժշկին դիմում են արդեն կոնկրետ գանգատներով, օրինակ, լնդերի արյունահոսություն, ատամների գերզգայունություն, ատամների արմատների մերկացում, ատամերի շարժվելը:

Սխալ և վատ մաքրելու հետևանքով ձևավորվում է ատամնափառ, ատամնաքարեր, վեր և ենթալնդային քարեր: Ատամնափառն ու քարերը բացասաբար են անդրադառնում լնդերի սնուցման վրա, դրանց միանում են մանրէները և քայքայում են ատամի շուրջբոլորի հյուսվածքը: Ողջ ախտընթացը խորանում է լնդերի տակ, քայքայելով ոսկորը, ձևավորվում են պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկներ, որի արդյունքում բացարձակապես առողջ ատամները սկսում են շարժվել ու թափվել:

Երկրորդ ՝ սխալ կծվածքի հետևանքով ժամանակի ընթացքում մերկանում են ատամների վզիկներն ու արմատները, ատամները գերզգայուն են դառնում:

Պարօդոնտի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ առավել ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կատարել պանորամային նկարահանում, որը կոչվում է օրթոպանտոմոգրամմա: Այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել պացիենտի պարօդոնտի վիճակը, հատկապես, հարատամնային ոսկրերի վիճակը: Տեսողականորեն միշտ չէ, որ հնարավոր է լինում որոշել ոսկրային հյուսվածքի ատրոֆիայի աստիճանը, իսկ ռենտգեն նկարահանումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշում կատարել:

Բժշկի հիմնական խնդիրն է կանխարգելել և բուժել այդ ախտընթացը: Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա, կյուրետաժ կամ վիրահատական միջամտություն: Գլխավոր խնդիրն է մաքրել ողջ բորբոքված, ախտահարված հյուսվածքը և թույլ չտալ, որ հիվանդությունը զարգանա: Բերանի խոռոչի առողջական վիճակը կայուն կպահպանվի, եթե հիվանդին բացատրվեն բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի կանոնները և նա, իր հերթին, դրան պատասխանատվությամբ մոտենա:

Լնդերի արյունահոսություն

Լնդերի արյունահոսությունը հիմնական ախտանիշն է, որը վկայում է լնդերի բորբոքման մասին: Լնդերի արյունահոսությունը, որպես կանոն, լինում է պաթոլոգիական երկու վիճակների դեպքում` գինգիվիտի և պարօդոնտիտի:

Գինգիվիտը լնդերի բորբոքման առաջին փուլն է: Եթե այն բուժելու համար ոչ մի բուժգործողություն չի կատարվում, հիվանդությունը զարգանում է և արդեն պարօդոնտիտն է «մտնում իր իրավունքների մեջ», այսինքն բորբոքվում է հարատամնային հյուսվածքը, ներառյալ ոսկրային հյուսվածքը:

Լնդերի արյունահոսության պատճառներ

Լնդերի արյունահոսության սկզբնական և հիմնական պատճառը բերանի խոռոչի անբավարար հիգիենան է: Այսինքն, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը: Իսկ ատամնափառն ու ատամնաքարերը միկրօրգանիզմների բազմացման համար հիանալի միջավայր են, որոնք էլ բորբոքային ախտընթացի առաջացման պատճառ են դառնում:

Բացի դրանից, լնդերի արյունահոսություն կարող է դիտվել մարդու օրգանիզմում հորմոնային փոփոխությունների ժամանակ: Օրինակ, սեռական հասունացման տարիներին կամ հղիության ժամանակ: Այս ընթացքում առաջանում են, այսպես կոչված դեռահասային գինգիվիտը և հղիների գինգիվիտը:

Լնդերի արյունահոսություն կարող է լինել նաև արյան տարբեր հիվանդությունների, ինչպես նաև, C վիտամինի անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում:

Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա անհրաժեշտ է առաջին հերթին բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում կատարել: Երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է վերոհիշյալ խնդիրները վերանում են: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել:

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook