Ձվարանների պոլիկիստոզ
Ձվարանների պոլիկիստոզը սեռական հորմոնների արտադրության խախտմամբ պայմանավորված հիվանդություն է,որը դրսևորվում է մի շարք ախտանշաններով, ինչպիսիքն են անկանոն դաշտանը,ճարպակալումը, մազակալումը և այլն: Այն կանանց անպտղության հիմնական պատճառներից մեկն է: Նորմայում,յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում ձվարանում հասունանում է մեկ ձվաբջիջ,որը գտնվում է բշտիկի ներսում: Այս բշտիկը աստիճանաբար մեծանում է, ապա պայթում, և տեղի է ունենում ձվազատում: Պոլիկիստոզի դեպքում ձվաբջիջը կրող բշտիկը չի հասունանում մինչև ձվազատումը: Փոխարենը գոյանում է նորը, որը նույնպես չի հասունանում: Այսպիսով ձվարանում կուտակվում են,բազմաթիվ բշտիկներ`2-5 մմ տրամագծով:Եվ քանի որ ձվազատում տեղի չի ունենում, ապա զարգանում է անպտղություն:
Ձվարանի պոլիկիստոզի ժամանակ կարող է լինել հետևյալ ախտանշանները.
.անկանոն,ոչ նորմալ կարճատև դաշտան
.դաշտանի բացակայություն
.մազակալում` դեմքի, կրծքավանդակի,մեջքի,որովայնի վրա
.ճարպակալում հատկապես գոտկային շրջանում
.անպտղություն
.դեմքի պզուկներ
.մազաթափություն գլխի շրջանում
.ձայնի կոշտացում
.արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում:
Նման ախտանիշները հանգեցնում են հոգեբանական խնդիրների` ընկճվածության,բարդույթների, տուժում է կյանքի որակը:
Պտղաբերությունը վերականգնելու նպատակով նշանակում են հորմոնալ դեղամիջոցներ,որոնք խթանում են ձվազատումը:
Կենսակերպի փոփոխության շնորհիվ հնարավոր է վերականգնել պտղաբերությունը և խուսափել բարդություններից:
Եթե գեր եք,ապա աշխատեք նիհարել: Հավանականությունը մեծ է,որ նիհարելու դեպքում կվերականգնվի դաշտանային ցիկլը և ձվազատումը, կդադարի դեմքի մազակալումը:
Եղեք ֆիզիկապես ակտիվ: Հետևեք Ձեր սննդակարգին, խուսափեք շատ ուտելուց, նախապատվությունը տվեք ցածր կալորիականությամբ սննդին: Խուսափեք յուղալի, քաղցր սննդատեսակներից: Ուշադրություն դարձրեք արյան ճնշմանը և շաքարի մակարդակին: Շեղման դեպքում, բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել բժշկի կողմից նշանակված բոլոր նշանակումները:
Ապրեք առողջ…
Պատրաստեց`Ա.Հարությունյան
Նյութի աղբյուրը` բժշկական գրականություն