Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Մարդկանց Ուղեղը, Կախված Մարմնի Դիրքից, Տարբեր Կերպ Է Ընկալում Տեղեկատվությունը

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք նյարդայնացած եք Ձեր ականջի տակ բզզացող մոծակի ձայնից։ Բզզոցը մի պահ դադարում է և դուք զգում եք մի փոքր խայթոց, գտնում եք թիրախը։ Հարվածում եք և վերջ։ Սա գործողությունների պարզ հերթականություն է, որը, սակայն, ենթադրում է տեղեկատվության մշակման բարդ գործընթաց։

Չափահաս մարդու մաշկի մակերեսը, միջին հաշվով, 1,5-2 քառակուսի մետր է, և այդուհանդերձ դա մեզ չի խանգարում հասկանալ խորամանկ միջատի ճշգրիտ տեղը։ Իսկ ինչպե՞ս ենք հասկանում՝ որտեղ է գտնվում մոծակը, նախքան դրան տեսնելը:

Հակառակ գիտության բոլոր բնագավառներում, ներառյալ նեյրոգիտության ոլորտում գրանցված առաջընթացներին, ընկալման և մտածողության գործընթացները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն։

Նույնիսկ մարդու հիմնական զգայարանների ցանկը դեռ քննարկման առարկա է. որոշ մասնագետներ պնդում են, որ հինգ ավանդական զգայարաններից բացի (տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի) այս ցանկում պետք է ներառված լինի նաև հավասարակշռության զգայարանը, որը օգնում է մարմնին կողմնորոշվելու տարածության մեջ։

Հավասարակշռություն՝ պառկած վիճակում

Մաքմաստերի համալսարանի (Կանադա) հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Դեյվիդ Շորը և իր գործընկերները ուսումնասիրությունների ընթացքում մարդու ընկալման համակարգում հայտնաբերել են մի խնդիր, որը թույլ է տալիս մեզ ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է գործում հավասարակշռությունը և որքանով է այն անդրադառնում մեր ընկալման վրա:

Խնդիրը հետևյալն է՝ երբ մարդը պառկած է կողային դիրքով, ուղեղը կարծես նվազեցնում է իր կախվածությունը արտաքին աշխարհից եկող տեղեկատվությունից՝ փոխարենը մեծացնելով հպումներից առաջացած ներքին ընկալիչների դերը։

Փորձերի ընթացքում կամավորները պետք է որոշեին, թե որ ձեռքում են առաջինն զգում ազդակը։ Փորձի փոփոխականներից ելնելով՝ մասնակիցները պետք է լինեին պառկած կամ կանգնած դիրքում, նրանց ձեռքերը պետք է լինեին խաչած կամ պարզած, իսկ աչքերը՝ բաց կամ կապած։

Ըստ ստացած արդյունքների, օրինակ, եթե մարդիկ կանգնած դիրքում խաչում են իրենց ձեռքերը, ապա դժվարանում են ասել՝ ազդակն առաջինը աջ թե ձախ ձեռքում են զգացել: Սակայն, երբ նույն առաջադրանքն իրականացնում են փակ աչքերով, արդյունքները բարելավվում են: Արտաքին աշխարհի մասին կապած աչքերով մարդկանց ընկալումը վատանում է՝ թույլ տալով գերակշռել ներքին մարմնակենտրոն (պրոպրիոցեպտիվ) ընկալմանը ։

Սակայն հետաքրքիր է, որ կողային պառկած դիրքում գրանցվել են նման արդյունքներ, ինչ և փակ աչքերով կանգնած դիրքում։ Ինչպես և փակ աչքերի դեպքում, պառկած ժամանակ նվազում է արտաքին աշխարհի ազդեցությունների դերը, ինչը թույլ է տալիս մասնակիցներին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց մարմնակենտրոն ազդանշաններին:

Գուցե ստացված արդյունքները ոչ մի կերպ չանդրադառնան առօրյա կյանքի վրա, սակայն այն փաստը, որ մեր ընկալումները տարբերվում են պառկած և կանգնած դիրքերում, կարող է օգնել հասկանալու, թե ինչպես ենք մենք կողմնորոշվում տարածության մեջ։ Եվ առհասարակ, բնականոն հարց է առաջանում՝ գուցե պառկած վիճակում ուղեղը հատուկ է նվազեցնում արտաքին աշխարհից եկող ազդակները, որպեսզի հնարավորության տա մեզ քնելու։

Այս հայտնագործությունը մեզ հնարավորություն է տալիս ավելին իմանալ այն մասին, թե ինչ դեր ունի մարմնի վեստիբուլյար համակարգը մեր ընկալման ձևավորման գործում։ Վեստիբուլյար համակարգը կամ անդաստակային ապարատը ներքին ականջում տեղակայված օրգան է, որն ապահովում է մարդու բնականոն քայլքը, վազքը, ինքնակարգավորումը, բարդ շարժումների կատարումը և այլն, այլ կերպ ասած՝ հավասարակշռությունը։

Ըստ Դեյվիդ Շորի, մեր ներքին ականջում մենք ունենք օվկիանոսից մի փոքր մաս, որը մեզ հետ գալիս է «այն ժամանակներից, երբ էվոլյուցիան կենդանի օրգանիզմներին դուրս բերեց ծովից»։ Մենք այն կրում ենք, որպեսզի զգանք ծանրության ուժը՝ հասկանալու համար, թե որտեղ են «վերև»-ն ու «ներքև»-ը: Այս համակարգի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են օրինակ գլխապտույտը և սրտխառնոցը:

Զարմանալիորեն քիչ հետազոտություններ կան այն մասին, թե ինչպես է վեստիբուլյար համակարգը ազդում այլ զգայարանների վրա: Օրինակ, ՄՌՇ (MRI, մագնիսառեզոնանսային շերտագրություն) համակարգը հնարավորություն ունի հետազոտելու միայն պառկած վիճակում գտնվող մարդուն։ Այսինքն, այդ հետազոտության արդյունքները եզրակացություններ են տալիս այն մասին, թե ինչ է կատարվում մարդկանց ուղեղում պառկած ժամանակ, բայց իրականում նրանց ուղեղի ակտիվությունը կարող է բոլորովին այլ տեսք ունենալ, եթե վերջիններս լինեն նստած կամ կանգնած:

Մենք կարող ենք մեր մարմինը համարել գործիք կամ «մեքենա», որը տանում է մեզ աշխարհով մեկ, բայց իրականում մեր մարմինն է ձևավորում աշխարհի՝ մեզ համար ընկալելի և հասկանալի ձևը:

www.ita.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook