Tuesday, May 7, 2024
Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունք

Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների    բուժման համար առանձնացված   բաժանմունք: Հունիսի 9-ին, աշխատանքային այց կատարելով Մարտունու բժշկական կենտրոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղում ծանոթացավ նորաստեղծ բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին  եւ տեխնիկական ու կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, նորաստեղծ բաժանմունքը  գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար  30,  իսկ  ինտենսիվ թերապիայի համար  մինչեւ 10 մահճակալ հզորությամբ:  Բուժսպասարկումը կիրականացվի տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ  բաժանմունք տանող ճանապարհը: «Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ:

Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք  տեղում   բուժօգնություն ցուցաբերել  մեր քաղաքացիներին: Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Արցախի եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներին», -նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook