ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով: Հարկային օրենսդրությունից բացի ամբողջացված է նաև ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:
Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: