Tuesday, April 30, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Եթե 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը:

Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում, նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Օրինակ` եթե ընտանիքում կա 3 երեխա և ծնվել են զույգ երեխաներ (նոր ծնվածների կարգաթվերն են` 4 և 5), երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ նպաստ կնշանակվի 5-րդ երեխայի համար սահմանված չափով (յուրաքանչյուր երեխայի համար` 1.5 միլիոն դրամ):

Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի մի մասը վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

Ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են`

ա. առաջին կամ երկրորդ երեխա –  50 000 դրամ,
բ. երրորդ կամ չորրորդ երեխա` 1 մլն  դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով,
գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով:

Պետական աջակցության հաշիվ, ինչպես նաև նպաստի` ուղղակի վճարվող գումարը ստանալու համար պետք է հաշիվներ բացել հետևյալ բանկերից որևէ մեկում`

«Անելիք Բանկ» ՓԲԸ
«Արարատբանկ» ԲԲԸ
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
«ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ
«Յունիբանկ» ԲԲԸ
«ՎՏԲ Հայաստան Բանկ»  ՓԲԸ:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կարելի է ստանալ նաև առանց բանկային հաշիվ ունենալու:  Դրա համար դիմումում պետք է նշել այն բանկը («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ), որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook