Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սուր աղիքային վարակ` դիզենտերիա

simptomyi-i-vozmozhnyie-oslozhneniya-dizenteriiՍուր աղիքային վարակների  շարքին են դասվում` դիզենտերիան, սալմոնելոզը, կոլի-ինֆեկցիան ,ստաֆիլոկոկային վարակները:Աղիքային վարակներին ավելի շատ հակված են  մինչև երկու տարեկան երեխաները:

Դիզենտերիա

Դիզենտերիան սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է շիգելա տեսակի մանրեներով և արտահայտվում է առավելապես հաստ աղու վերջին հատվածների ախտահարմամբ և ընդհանուր թունավորմամբ: Փոխանցման ուղիներն են` կենցաղային շփման` սննդի և ջրի միջոցով: Ինկուբացիոն շրջանի տևողությունը 1-7 օր է: Տարբերվում է դիզենտերիայի սուր և խրոնիկ ձևեր:

Սուր դիզենտերիա- հիվանդության կոլիտիկ տարբերակը, սովորաբար  սկսվում է սուր, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով մինչև` 37-38 աստիճան: Հիվանդության առաջին ժամերին դիտվում է թուլություն, ախորժակի անկում, հետագայում առաջանում են չափավոր արտահայտված ցավեր որովայնում: Կղանքը 3-5 մինչև 10 անգամ է օրը, հեղուկ է կամ կիսահեղուկ, հաճախ լորձով, երբեմն արյան հետքերով: Հիվանդությունը  հիմնական կլինիկական արտահայտություններն են` փորլուծությունն ու կոլիտիկ սինդրոմը և ընդհանուր թունավորումը` թուլություն, ախորժակի վատացում, գլխացավ, ջերմության բարձրացում մինչև 38-39 և ավելի: Ծանր ձևերի ժամանակ `բարձր ջերմության դեպքում հնարավոր է գիտակցության կորուստ, ցնցումներ: Դիտարկվում է արտահայտված աղիքային համախտանիշ, փսխումներ, ախորժակի նվազում կամ բացակայություն, լեզուն փառակալված է։ Ջրազրկման հետևանքով շրթունքները լինում են ճաքճքված, մաշկը չոր։ Որովայնի շոշափման ժամանակ՝ ցավոտություն, սիգմայաձև աղիքի այտուցվածություն և ցավոտություն, լյարդի չափերի մեծացում։ Կղանքը լինում է ջրիկ և լորձային բնույթի, կղման յուրաքանչյուր գործողություն ուղեկցվում է արտահայտված որովայնացավերով։ Հիվանդության ծաղկման շրջանը կարող է ձգձգվել 2-8 օր։

Սուր դիզենտերիայի թեթև ձևը բնորոշվում է թունավորման բացակայությամբ։ Ինքնազգացումն էապես չի տուժում։ Լինում է ենթատենդային ջերմություն։ Կղանքը՝ լորձային, երբեմն արյան հետքերով, օրը 3-4 անգամ, թեթևակի ցավոտության զգացում սիգմայաձև աղիքի շրջանում։

Միջին ծանրության դեպքում նշվում է չափավոր թունավորում, ջերմությունը՝ 38-39°, սրտխառնոց, կղանքը` լորձաարյունային, 15- 20 անգամ, որովայնը ցավոտ, առկա են ջրազրկման և աղազրկման ախտանիշներ։

Ծանր ձևերի դեպքում հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության կտրուկ բարձրացումով։ Նկատվում է դող, սարսուռ, փսխումներ, արտահայտված որովայնացավեր, կոլիտային համախտանիշ, աղիքների կծկանք, կղման պրոցեսը անսահմանափակ (20-40 անգամ), կղանքը արյունալորձային բնույթի։

Գերծանր ձևին (հազվադեպ է հանդիպում) բնորոշ է կայծակնային արագությամբ զարգացող տոքսիկոզը, վարակային տոքսիկ շոկը, որը և կարող է լինել մահվան պատճառ։

Դիզենտերիայի ժամանակ հաճախ հանդիպող բարդություններից են գաստրիտը, դուոդենիտը, պանկրեատիտը, երկրորդային միկրոֆլորայի ակտիվացման հետևանքով՝ պիելոնեֆրիտը, ուրեթրիտը, պարոտիտը, սեպսիսը, օտիտը, մենինգոէնցեֆալիտը և այլն։ Կարող են զարգանալ նաև կանդիդոմիկոզ, դիսբակտերիոզ (ստաֆիլոկոկային և նեխական)dizenteriya

Սուր  աղիքային վարակների բուժումը  պետք է կատարվի բժշկի կողմիցհիվանդանոցային պայմաններումԴիզենտերիայի, ինչպես նաև աղիքային  վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելմանը օժանդակում է հիվանդի վաղ հայտնաբերումը և մեկուսացումը: Կարևոր է բնակարանի մաքրությունը, ախտահանող միջոցների օգտագործմամբ հիվանդասենյակի խոնավ մաքրումը, սանիտարահիգենի ռեժիմին հետևելը:

(նյութը պատրաստելիս օգտվել ենք բժշկական գրականությունից)
Ապրեք Առողջ…
Պատրաստեեց՝ Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook